Գարիկ Քեռեան. «Նման յայտարարութիւնները Բաքւից պէտք է ազդակ դառնան»

«ԱԼԻՔ» – «Ադրբեջանի նախագահի խորհրդական Հաջիեւը պահանջում է Ադրբեջանին յանձնել «ռազմական յանցագործներին», որպէս ապացոյց, որ Հայաստանը իրականում ցանկանում է խաղաղութիւն եւ այս գործում հայկական կողմից ակնկալում է համագործակցութիւն։ Ես մտովի հաշւեցի, իհարկէ մօտավորապէս, թէ քանի մարդ ՀՀ եւ ԼՂՀ նախկին քաղաքացիներից կարող ընդգրկւել այդ ցուցակում»,- նշել է քաղաքագէտ Գարիկ Քեռեանը՝ անդրադառալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի յայտարարութեանը, որ Ադրբեջանի հետ խաղաղութեան եւ յարաբերութիւնների նոր մեկնարկի իրական ձգտումը կը դրսեւորւի, մասնաւորապէս, Հայաստանի պատրաստակամութեամբ՝ յանձնելով Ադրբեջանին «ռազմական յանցագործութիւններում մեղադրւողներին», որոնք «թաքնւում են» Հայաստանի Հանրապետութիւնում։
Ըստ Գ. Քեռեանի, եթէ Ադրբեջանի ներկայ իշխանութիւնների պատկերացումներն ու իրաւաբանական մօտեցումներից ելնենք, կը ստացւի, որ «պատերազմի յանցագործներ» հասկացութեան մէջ կարող են յայտնւել մի կէս միլիոն ՀՀ քաղաքացիներ:
«Դրանց մէջ կը մտնեն ՀՀ եւ ԼՂՀ բանակներում անցած 28-30 տարում ծառայած բոլոր զինւորականները, ԼՂՀ պետական մարմիններում աշխատածները, ԼՂՀ այցելած եւ նրա տարածքում ինչ որ ժամանակ գտնւածները, որովհետեւ չեն ունեցել Ադրբեջանի սահմանը հատելու թոյլտւութիւն եւ այս ցանկը կարելի է շատ երկար շարունակել: Այժմ խօսում են 17 յօդւածից միայն երկուսի չհամաձայնեցւած լինելու մասին: Բացառւած չեն նոր յօդւածների աւելացումներ, որոնք վերը նշւած պահանջները կարող են ունենալ:
Հանրութեանը պարզ չէ, թէ 15 համաձայնեցւած յօդւածները ինչ վտանգներ են պարունակում: Ի տարբերութիւն ոմանց, յատկապէս ինքնիշխանութեան սիրահար փորձանքագէտների, ես շատ լուրջ եմ ընդունում հարեւան երկրի բարձրաստիճան պաշտօնեաների յայտարարութիւնները: Այնտեղ այլ քաղաքական մշակոյթ է, այլ պետական մտածողութիւն:
Պոպուլիզմ չկայ, ինչ ասում են իրենց ասածին տէր են, որքան, որ տարօրինակ կը հնչի աւտորիտար վարչակարգում ստի դոզան շատ ցածր է, ի տարբերութիւն «դեմոկրատական» անունը կրողների: Թերեւս պատմութիւնը բազմիցս ապացուցել է սա:
Նման յայտարարութիւնները Բաքւից պէտք է ազդակ դառնան, որ Ազգային անվտանգութեան հայեցակարգ կոչւող փաստաթղթի վերացական շարադրութիւնների փնտրտուքի փոխարէն, բարձրակարգ մասնագէտների ուղեղային խումբ ստեղծել եւ յատուկ ծառայութիւնների օգնութեամբ մշակել առաջիկայ մէկ երկու տարւայ անվտանգային գործողութիւնների սցենարները:
Իրավիճակները տարածաշրջանում եւ աշխարհում շատ արագ են փոխւում: Կեղծ արեւմտամետութեան, հակառուսական մեդիակրկեսային եւ ուռա «ինքնիշխանների» բեմականացումները խնդիրների լուծում չեն»,- գրել է քաղաքագէտը: Այս մասին հաղորդել է Yerevan.today-ը: