Խօսքը հարեւանների հողերի վրայ աչք դնելու մասին չի, այլ մեր ներուժի
Քոչարեանը իր յայտարարութեան մասին

Հանրային հեռուստաընկերութիւնը վաղուց վերածւել է «ՔՊ» կուսակցութեան քարոզչական խօսափողի։ Իջեւանի բնակիչների հետ հանդիպումից առաջ դրա մասին յայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարեանը։
Պատասխանելով այն հարցին, թէ ինչ նկատի ունէր, երբ ասում էր, որ Հայաստանը պէտք է սահմանափակւի 29,800 քառ. կմ.-ով (քանի որ այդ միտքը շրջանառում է իշխանական քարոզչամեքենան), Քոչարեանը պարզաբանել է, որ նկատի է ունեցել երկրի ներուժի զարգացումը եւ միաժամանակ նշել, որ Հայաստանը հարեւանների տարածքների նկատմամբ նկրտումներ չունի։
«Հայաստանում կայ 3 միլիոն բնակիչ, Սփիւռքում՝ երկու անգամ աւելի։ Այն ժամանակ ես առաջ քաշեցի «փոքր երկիր՝ մեծ խաղացող» գաղափարը եւ բերեցի այլ երկրների օրինակներ։ Դա Հանրայինով էր, որը վաղուց Հայաստանի հանրային հեռուստաընկերութիւնը չէ, այլ «ՔՊ»-ի քարոզչական խօսափողը»,- նշել է Քոչարեանը՝ հերթական սուտը անւանելով այն պնդումները, թէ ինքը «լեգիտիմացնում է» յարձակումները երկրի վրայ։



