Արա Պուլուզեան. «Այս խառնիճաղանջը դուք էք ստեղծել, ազգային գաղափարախօսութիւնն իշխանութիւնների կողմից փոխւել է ապազգային գաղափարախօսութեան»
«ԱԼԻՔ» – «Այս խառնիճաղանջը, որ ստեղծել էք, դուք էք ստեղծել, ձեր որոշմամբ է ստեղծւել»: Այս մասին ըստ «Ապառաժ»-ի՝ ՀՀ ԱԺ-ում Արցախից բռնի տեղահանւածների՝ ՀՀ քաղաքացիութեան ձեռքբերման հարցերի վերաբերեալ քննարկման ժամանակ ասել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Արա Պուլուզեանը՝ դիմելով ՆԳ նախարարի տեղակալ Արմէն Ղազարեանին։
«Հիմա այս խառնիճաղանջի մէջ ուզում էք դուրս գալ, ինքներդ էլ չէք իմանում՝ ինչպէս դուրս գալ։ Եւ շահառուներին գցել էք նոյն խառնիճաղանջ իրաւական ոլորապտույտ անպտուղ քննարկումների մէջ։ Մինչեւ հիմա շատ նորմալ ընթացել են այդ հարցերը՝ թէ քաղաքացիութեան, թէ գոյքի հարցերը, ինչպէս նաեւ ընտրութեան հարցերը։ Ես ինքս հանդիսացել եմ ՀՀ քաղաքացի, բայց քւէարկել եմ Արցախում՝ հաշւառման սկզբունքով։ Այսինքն՝ հակառակն էլ է եղել»,- ասել է նա։
Արա Պուլուզեանը յաւելել է. «Այստեղ մի կարեւոր հարց գոյութիւն ունի, այս բոլորը ստեղծւել է ինչի՞ց, որովհետեւ սկզբունքն է փոխւել։ Ազգային գաղափարախօսութիւնն իշխանութիւնների կողմից փոխւել է ապազգային գաղափարախօսութեան։ Երբ որ ապազգային լինի գաղափարախօսութիւնը՝ անձնագիրն էլ ես ուրանալու, քաղաքացիութիւնն էլ։ Իրականութիւնը սա է, ինչքան ուզում էք իրաւական նորմեր բերէք, դա չի արդարացնելու այն, ինչ տեղի է ունեցել»։