Հայաստան - Արցախ

Արծւիկ Մինասեան. «Արցախի հարցում իշխող ուժը չի կատարել իր նախընտրական խոստումը. կա՛մ պէտք է առաջադրեն այլ միջոց, կա՛մ հեռանան»

Առաջին անգամ ՀՀ-ում 2015-ի սահմանադրական փոփոխութիւններով քաղաքացիներին տրւած իրաւունքը՝ առնւազն 50 հազար քաղաքացիների կողմից օրէնսդրական նախաձեռնութիւն իրականացնելու փորձը յաջողւել է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին «Հայաքւէ» նախաձեռնութեան ներկայացրած նախագծի վերաբերեալ խորհրդարանական լսումների ժամանակ յայտարարեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը՝ յաւելելով, որ յաջողւել է հաւաքել 58 հազար ստորագրութիւն:

Յիշեցնենք, որ «Հայաքւէ»-ն քաղաքացիական-օրէնսդրական նախաձեռնութիւն է, որն առաջարկում է քրէականցնել Հայաստանի Հանրապետութեան անունից Արցախն այլ պետութեան մաս ճանաչող ցանկացած գործողութիւն: Նախագծում կայ եւս մէկ կէտ՝ Հայոց Ցեղասպանութեան նշանակութիւնը նսեմացնող գործողութիւնների քրէականացում:

«Հէնց սկզբից մեր թշնամիները սկսեցին պարբերաբար փորձ անել նսեմացնելու նախաձեռնութիւնը: Փորձ արեցին արժէզրկելու մեր այս երկու պետականութեան համար կարեւորագոյն հարցերի նշանակութիւնը, եւ փորձելով սպառնալիքներ տեղալ: Սրանից օգտւեցին մեր ազգային մտածողութեամբ մարդկանց թշնամի համարւող հակառակորդները, որոնք պայմանական են կրում հայկական ազգանուն եւ սկսեցին իրենք էլ նսեմացման փորձերը»,-ասաց նա:

Արծւիկ Մինասեանը հարց հնչեցրեց՝ արդեօք այն ուժերը, որոնք յայտնւել են ԱԺ-ում, իրենց տւած նախընտրական խոստումները պահպանում են, թէ ոչ. «Քաղաքացիների լեգիտիմ իրաւունքն է պահանջել այդ խոստումների իրականացումը, կամ արձանագրել, որ այն ուժերը, որոնք հետեւողական չեն իրենց նախընտրական խոստումներին, նրանք զուրկ են լեգիտիմութիւնից»:

Արծւիկ Մինասեանը ընթերցեց խորհրդարանական երեք ուժերի նախընտրական ծրագրերից հատւածներ, որոնք վերաբերում են Արցախի հարցին եւ Ցեղասպանութեան ճանաչման խնդրին:

Մասնաւորապէս, ՔՊ-ի նախընտրական ծրագրում նշւում է, որ մօտակայ տարիներին իրենց գլխաւոր խնդիրը պէտք է լինի Արցախի ժողովրդի անվտանգ ապահովումն ու ԼՂ խնդրի խաղաղ ու համապարփակ կարգաւորումը՝ հիմնւած Արցախի ժողովրդի իքնքնորոշման վրայ, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտութիւնից: «Արցախի ժողովուրդը չի կարող գոյատեւել Ադրբեջանի ենթակայութեան ներքոյ», «Ղարաբաղեան հակամարտութեան վերջնական կարգաւորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի լիարժէք իրացման եւ Արցախի կարգավիճակի յստակեցման տեսքով՝ առաջնորդւելով «անջատում յանուն փրկութեան» սկզբունքով»,- նշւած է ՔՊ-ի ծրագրում:

Արծւիկ Մինասեանը շարունակեց. «Եթէ իշխող մեծամասնութիւնը դէմ է արտայայտւելու այս նախաձեռնութեանը, ի՞նչ գնահատականի պէտք է արժանանայ ժողովրդի կողմից: Եթէ նրանք այս նախաձեռնութեան նկատմամբ արտայայտում են բացասական դիրքորոշում, ուրեմն լեգիտիմ չեն, գործում են յանցագործութիւն հայ ժողովրդի նկատմամբ: Նրանք սահմանադրական առումով նաեւ զրկել են այդ ժողովրդին ներկայացնելու իրաւունքից: Կամ պէտք է առաջարկեն այլ միջոց իրենց խոստումներն իրականացնելու ուղղութեամբ, կամ պարզապէս պէտք է հեռանան՝ հրաժարական եւ հեռացում:

Նա տեղեկացրեց, որ այս նախագիծը պէտք է քննարկւի ԱԺ պետաիրաւական յանձնաժողովում, դա լինելու է դեկտեմբերի 4-ին, եւ եթէ յանձնաժողովը չտայ դրական եզրակացութիւն, յաջորդ օրը ԱԺ լիագումար նիստում այն պէտք է քւէարկւի, որպէսզի մտնի օրակարգ:

News.am

Related Articles

Back to top button