Գարեգին Բ. «Մեզ պատած աղէտալի ողբերգութիւնների, Արցախի բռնազաւթման յանդիման՝ բոլորիս ջանքերով պիտի սատարենք մեր բանակին»
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է յղել Բանակի օրւայ առթիւ:
Ուղերձում մասնաւորապէս ասւում է.
«Բանակի նւիրական օրւայ առիթով Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում Հայոց Բանակի հրամանատարներին ու զինւորներին եւ համայն մեր ժողովրդին։
Արցախեան շարժման օրերից կամաւորական ջոկատների եւ զինապարտների միաւորումով կազմաւորւեց Հայոց կանոնաւոր Բանակը, որն աւելի քան երեք տասնամեակ, Արցախեան պատերազմների եւ Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողութիւնների ընթացքում մարտնչեց անօրինակ սխրանքներով։ Բազում քաջորդիներ անմահացան՝ ընդունելով յանուն հայրենիքի նահատակութեան պսակը։
Սիրելիներ, մեր տարածաշրջանում տիրող բարդ իրադրութեան մէջ առաջնային է Հայոց Բանակի համակողմանի հզօրացումը։ Մեզ պատած աղէտալի ողբերգութիւնների, Արցախի բռնազաւթման յանդիման՝ բոլորիս ջանքերով ըստ ամենայնի պիտի սատարենք մեր բանակին, քանզի Հայոց Բանակը երաշխաւորն է մեր ժողովրդի խաղաղ ու արժանապատիւ կեանքի, ապահով գալիքի ու հայոց անկախ պետականութեան։ Գոհութեամբ ենք հաստատում, որ մեր հոգեւոր սպասաւորները հովւական խնամքի համար եղել են եւ լինելու են Հայոց Բանակի սպաների ու զինւորների կողքին, որպէսզի զօրացնեն ոգին մեր քաջարի մարտիկների եւ ամուր պահեն նրանց հաւատքն ու յոյսն առ Աստւած։
Այսօր մենք մտահոգ ենք աշխարհում առկայ լարւած ու պատերազմական իրավիճակի, մասնաւորապէս մեր հայրենիքի շուրջ ծաւալւող իրադարձութիւնների, մեր պետութեան նկատմամբ դրսեւորւող նւաճողական նկրտումների պատճառով։ Հաւատն ունենք, որ Աստծոյ օգնութեամբ, ուժեղ բանակով եւ համազգային միաբանութեամբ կարող կը լինենք դիմակայել մարտահրաւէրներին եւ հաստատել մեր պետութեան եւ աշխարհասփիւռ մեր ժողովրդի լուսաւոր գալիքը։
Եռաբլուրում, հայրենիքի սրբազան հողում ամփոփւած մեր նահատակների քաջարի սխրանքը եւ լոյս յիշատակը թող մեզ համար դառնան սրբազան աւանդ՝ աննւազ պահելու հայրենեաց սէրը եւ նւիրումը, մեր ցաւն ու վիշտը դարձնելու ուժ ու վճռականութիւն յանուն մեր հայրենեաց շէնացման ու բարգաւաճման։
Բանակի այս նւիրական օրը աղօթում ենք յանուն հայրենիքի զոհւած հերոս հայորդիների հոգիների հանգստութեան համար եւ հայցում շուտափոյթ վերադարձ գերեալ հայորդիներին ու անյայտ կորածներին։
Թող Տէրը խաղաղ ու անվտանգ ծառայութիւն շնորհի մեր զինւորներին ու սպաներին եւ Իր խնամքի ներքոյ օրհնի ու պահպանի հայրենի մեր երկիրը եւ աշխարհասփիւռ համայն մեր ժողովրդին այսօր եւ միշտ. ամէն»: