Գարեգին Բ. «Աղօթք բարձրացրեցինք Բաքւում գերեվարւած հայորդիների ու նրանց սիրելիների համար»

«ԱԼԻՔ» – Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Յաղթանակի եւ խաղաղութեան տօնի առիթով, երէկ` մայիսի 9-ին այցելել է Երեւանի Յաղթանակի զբօսայգի, ծաղիկներ խոնարհել ու աղօթք բարձրացրել առ Աստւած։ Հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները։
Վեհափառ Հայրապետը լրագրողների հետ զրոյցում ասել է. «Հայրենական մեծ պատերազմի 80-ամեակի, Շուշիի ազատագրման, Պաշտպանութեան բանակի հիմնադրման յիշատակութեան նւիրական այս օրը, Յաղթանակի եւ խաղաղութեան տօնին մեր հոգեւոր դասի հետ աղօթք բարձրացրեցինք Անմար կրակի առջեւ՝ հայրենական պատերազմում ու արցախեան գոյամարտում զոհւած քաջարի զաւակների եւ Բաքւում պահւող գերեվարւած հայորդիների ու նրանց սիրելիների համար։
Աղօթք բարձրացրեցինք՝ յայցելով երկնաւորից նաեւ, որ զօրացնի մեր ժողովրդին՝ դիմագրաւելու իր կեանքի բոլոր դժւարութիւնները, առկայ բոլոր մարտահրաւէրները դիմակայի մեր քաջարի զաւակների արիութեան ոգով եւ առ հայրենին սիրով կերտի, բարեշէն դարձնի հայրենի մեր երկիրը։ Թող Աստծոյ սէրը, շնորհը միշտ ուղեկից լինեն մեր ազգին այսօր եւ յաւիտեան։
Այս առիթով մեր շնորհաւորանքն ենք բերում մեր սիրելի ժողովրդին՝ նւիրական այս օրւայ կապակցութեամբ»։