Սիրիայի բանակը ուժեղացրել է պաշտպանութիւնը Համա նահանգում
Իդլիբ նահանգն ամբողջութեամբ եւ Հալէպի մեծ մասն անցել է ահաբեկիչների վերահսկողութեան տակ
«ԱԼԻՔ» – Թուրքիայի անմիջական հովանաւորութեան ներքոյ գործող «Հէյաթ Թահրիր ալ Շամ» ահաբեկչական խմբաւորմանը եւ նրա առանցքի շուրջ համախմբւած միւս նմանատիպ խմբաւորումներին յաջողւել է ամբողջական վերահսկողութիւն սահմանել Սիրիայի Իդլիբ նահանգի նկատմամաբ:
Միջազգային ԶԼՄ-ները վկայակոչելով ահաբեկիչների աղբիւրներին, տեղեկացրել են, որ խմբաւորումները գրաւել են Մարատ ալ Նուման քաղաքը՝ վերահսկողութեան տակ վերցնելով ողջ Իդլիբ նահանգը։
Միեւնոյն ժամանակ, սիրիական բանակը յատարարել է, որ ահաբեկիչները վերահսկողութեան տակ են վերցրել Հալէպի մեծ մասը, սակայն բանակի հրետակոծութիւնները թոյլ չեն տւել նրանց հաստատուն դիրքեր հաստատել:
«Ահաբեկիչների մեծ թիւը եւ մարտական ուղղութիւնների բազմութիւնը դրդեցին մեր զինւած ուժերին իրականացնել վերատեղակայման գործողութիւն՝ ուղղւած յարձակումը յետ մղելու պաշտպանական գծերի ամրապնդմանը, խաղաղ բնակիչների եւ զինւորների կեանքը փրկելու եւ հակայարձակման նախապատրաստւելու համար»,- յայտնել է սիրիական բանակի աղբիւրը՝ նշելով, որ քաղաքում տեղակայւած բանակի ստորաբաժանումներին հրամայւել է անվտանգօրէն յետ քաշւել քաղաքի հիմնական տարածքներից, որտեղ ներխուժել են ահաբեկիչների ուժերը:
Զուգահեռաբար, սիրիական բանակը յայտարարել է, որ ուժեղացրել է պաշտպանութիւնը Համայի նահանգի հիւսիսային սահմանին, եւ որ ահաբեկիչների ներթափանցման մասին հաղորդագրութիւնները չեն համապատասխանում իրականութեանը:
«Զինւած ահաբեկչական կազմակերպութիւնների էջերում եւ հարթակներում շրջանառւող հաղորդագրութիւնները Համա նահանգի հիւսիսում գտնւող քաղաքներ նրանց ներթափանցման մասին իրականութեանը չեն համապատասխանում»,- ասւած է բանակի տարածած յայտարարութեան մէջ, որտեղ նշւած է, որ սիրիական բանակի ստորաբաժանումները ամրապնդել են պաշտպանութեան գիծը եւ լիովին պատրաստ են յետ մղելու ցանկացած հնարաւոր յարձակում։