Ալիեւի հերթական ծուղակը՝ Հայաստանի դէմ

Դէպի Հայաստան բեռներ տարանցելու սահմանափակումները վերացնելու վերաբերեալ Ալիեւի յայտարարութիւնն այնքան է ոգեւորել Հայաստանի այսօրւայ կառավարիչներին ու նրանց արբանեակներին, որ պատրաստ են նրա առաջ նորանոր խոնարհումների։ Դրա համար էին հաւանաբար շտապում զոհաբերել Արցախն ու հազարաւոր երիտասարդին։
Ժամանակից շուտ Հայաստանին Ադրբեջանի տարածքով ներմուծման հնարաւորութիւն տալու այս ժեստի իրական նպատակներն առաջիկայում դեռ կը տեսնենք։ Միամտութիւն կը լինի մտածել, թէ դրանով Ադրբեջանը մտադիր է փող աշխատել Հայաստան ապրանքներ ներմուծելու հաշւին։
Միւս կողմից՝ հազիւ թէ կարելի է կարծել, որ Ալիեւի ուշքը Հայաստանի համար գնում է ու շտապում է օր առաջ այլընտրանքային հնարաւորութիւն ստեղծել՝ Հայաստանի տնտեսութեան ու հայկական բեռների փոխադրման համար։
Իհարկէ, առայժմ խօսքը կարծես միայն ներմուծումների մասին է։ Ղազախստանի նախագահի հետ մամուլի ասուլիսում Ալիեւը բառացի յայտարարեց, որ Ադրբեջանը վերացրել է դէպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։
«Դէպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացումը» ենթադրում է, որ դա վերաբերում է միայն ներմուծումներին։ Հակառակ դէպքում կարող էր ասել, որ վերացւել են սահմանափակումները դէպի Հայաստան եւ Հայաստանից։ Բայց Հայաստանից բեռների տարանցման մասին խօսք չկայ։
Այնինչ՝ մեր տնտեսութեան համար առաջնային նշանակութիւն ունի ոչ թէ ներմուծումը, այլ արտահանումը։ Ընդհակառակը՝ ճանապարհների ապաշրջափակում կոչւածն ի վնաս Հայաստանի տնտեսութեան է, առաւել եւս, եթէ վերաբերելու է միայն ներմուծումներին։ Դրանով ներքին տնտեսութեան մրցակցային խնդիրներն աւելի են սրւում՝ ներմուծման հնարաւոր էժանացման հետեւանքով։
Հայաստան բեռների ներմուծման սահմանափակումների վերացման հետ կապւած բազմաթիւ հարցեր, Ալիեւի այս յայտարարութիւնից յետոյ, մնում են անպատասխան։ Յատկապէս որ, Ադրբեջանն այդ քայլին ժամանակից շուտ է գնում։
Զանգեզուրի, այսպէս կոչւած, միջանցքի բացման հեռանկարներն ու ժամկէտները դեռեւս խիստ անորոշ են։ Դրա հայկական հատւածի կամ Թրամփի ուղու կառուցման աշխատանքները նոյնիսկ չեն էլ սկսւել։ Ակնկալւում է, որ այդ աշխատանքներն առնւազն 3-4 տարի կը տեւեն։ Այսինքն՝ 2029 թ. շուտ Ադրբեջանը չի կարող օգտւել Թրամփի ուղուց։ Բայց յանկարծ որոշել է այսօր «լաւութիւն» անել ու վերացնել դէպի Հայաստան ներմուծւող բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։
Պարզ է, որ սրա տակ բոլորովին այլ նպատակներ կան թաքնւած, որոնց մասին դեռ շատ բան չգիտենք։ Չի բացառւում, որ դրանով հերթական ծուղակն է նախապատրաստւում Հայաստանի դէմ՝ ՔՊ-ականների ու Նիկոլ Փաշինեանի ձեռքերով։ Զարմանալի չէ, որ նրանք շտապեցին րոպէ առաջ ողջունել իրենց «քաղաքակիրթ» գործընկերոջ բարեհաճ քայլը։
Ալիեւի յայտարարութիւնից անմիջապէս յետոյ Նիկոլ Փաշինեանի մամուլի խօսնակը ֆէյսբուքեան գրառումով աւետեց, թէ Հայաստանի Հանրապետութիւնը ողջունում է Ադրբեջանի Հանրապետութեան նախագահի յայտարարութիւնը՝ դէպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման վերաբերեալ։ Աւելին՝ տւեց նաեւ դրա գնահատականը։
«Այս քայլը կարեւոր նշանակութիւն ունի տարածաշրջանային հաղորդակցութիւնների բացման, փոխվստահութեան ամրապնդման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատւած խաղաղութեան ինստիտուցիոնալացման գործում՝ Վաշինգտոնում ձեռք բերւած պայմանաւորւածութիւններին համահունչ»,- գրել էր Նիկոլ Փաշինեանի մամուլի խօսնակը։
Սրանով չբաւարարւելով՝ Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» համաժողովում Ալիեւին իր գնահատանքը յայտնեց անձամբ Նիկոլ Փաշինեանը։
Յետ չմնաց նաեւ էկոնոմիկայի նախարարը՝ ազդարարելով, որ շուտով Ակտաու-Բաքու, այնուհետեւ ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կը մտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։
Սա մի երթուղի է, որը Հայաստանի համար լոգիստիկ առաւելութիւններ, կարելի է ասել, չի տալիս, փոխարէնը՝ քաղաքական դիւիդենտներ է ապահովում Ադրբեջանի համար։ Այն, իհարկէ, ո՛չ անխոչընդոտ, եւ ո՛չ էլ պարզեցւած ընթացակարգով անցում է լինելու, ինչպիսին Հայաստանն է խոստացել իր «քաղաքակիթ» հարեւանին։ Չհաշւած, որ տարբեր պատրւակներով, այդպիսիք ինչքան ուզես ու երբ ուզես կարող են յօրինել, ցանկացած պահի Ադրբեջանը կարող է այն դադարեցնել։
Փոխարէնը՝ սա կարող է դառնալ առաջին քայլը, որով սկսւում է Հայաստանի ու Հայաստանի տնտեսութեան կախւածութիւնն Ադրբեջանից։
Դէպի Հայաստան տարանցման սահմանափակումների վերացումը կարող է ուղիղ կապ ունենալ ադրբեջանական ապրանքները Հայաստան ներմուծելու հետ։ Դրանից յետոյ, ի՞նչն է խանգարում, որ այդ ճանապարհով ադրբեջանական ապրանքները ներմուծւեն։ Չէ՞ որ իշխանութիւնները վաղուց են անհամբերութեամբ սպասում, թէ երբ են առեւտուր անելու իրենց թուրք եղբայրների ու քոյրերի հետ։
«Շատ կարճ ժամանակում հայերն ու ադրբեջանցիներն իրար հետ առեւտուր են անելու, ձեւաւորւելու է միասնական շուկա, մեր խանութներում լինելու են ադրբեջանական ապրանքներ, իսկ հայկական ապրանքներն էլ լինելու են Բաքւի եւ ադրբեջանական միւս քաղաքների խանութներում»,- այս մասին ոչ վաղ անցեալում յայտարարում էր Ալէն Սիմոնեանը։
Եւ հիմա առիթը ներկայացել է։ Հաւանաբար շատ շուտով շտապելու են ադրբեջանական ապրանքներով ողողել հայաստանեան շուկան։ Մինչեւ հիմա թուրքականներով էին ողողում, հիմա նաեւ ադրբեջանականներով կողողեն ու կը յայտարարեն, թէ տնտեսութեան դիւերսիֆիկացիայի խնդիր են լուծում, Ռուսաստանից կախւածութիւնն են թուլացնում։ Բենզինը, գազը Ռուսաստանից բերելու փոխարէն՝ Ադրբեջանից կը բերեն։ Արդարացնելու ու ժողովրդի բերանը փակելու նպատակով՝ սկզբի համար մի փոքր էժան կը բերեն։ Յետոյ, որ թանկ էլ բերեն, այլեւս էական չի լինի։
Էլի շատ բաներ կը բերեն ու կը մեծացնեն Ադրբեջանից կախւածութիւնը, անվտանգային ու տնտեսական ռիսկերը։ Մի կողմից՝ թուրքական, միւս կողմից՝ ադրբեջանական ապրանքներով կը լցնեն Հայաստանը։ Երկու կողմից տնտեսութիւնը կը յայտնւի ուժեղ ճնշման տակ՝ թշնամի երկրների արանքում։ Սա մահացու վտանգներ է պարունակում Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Բայց թուրքական աշխարհի պահանջները հնազանդ կատարող Հայաստանի այսօրւայ կառավարիչները չեն վարանում քայլ առ քայլ գնալ դրան։
168.am



