Կարէն Բէքարեան. «Թուրքիայի համար այս իշխանութիւնը նւէր է, որի ժամկէտի երկարաձգման համար նրանք կը փորձեն ջանքեր դնել»

«Որեւէ մէկին արեւմտամէտ անւանելու համար պէտք է սկսենք նրանից, թէ այդտեղ գաղափարական ինչ-որ տարր, գաղափարախօսութիւն ու աշխարհայեացք կա՞յ, որից ելնելով՝ առկայ է որդեգրած դիրքորոշում կեանքի հասուն փուլերում՝ անկախ անգամ նրանից, թէ նա ինչ աշխատանքով է զբաղւած։ Երկրորդ տարբերակն այն է, երբ դա պարզ բիզնես է ինչ-որ մէկի համար, այսինքն՝ ներկայանալ այնպիսին, որտեղից շահեկան վիճակ կայ՝ առանց որեւէ գաղափարական տարր ունենալու։ Եթէ խօսում ենք այս իշխանութեան ներկայացուցիչների մասին, այս տարիներն ապացուցել են, որ որեւէ կերպ մտածել, յուսալ, թէ ի սկզբանէ որեւէ գաղափարական տարր են ունեցել, պարզ միամտութիւն է»։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է յայտնել «Հայեացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարէն Բէքարեանը:
«Քանի որ գաղափարական տարրը չկայ, այստեղ աշխատել եւ աշխատում են բոլորովին այլ մոտիւատորներ։ Դա անձնական եւ խմբակային շահն է, այդ շահի պատւիրատուներն ու դրա սպասարկումը, դրան զուգահեռ՝ ոչ թէ պետութեան, այլ իշխանութեան վտանգի զգացողութիւնը։ Պետութիւնն այս տարիների ընթացքում բազմիցս է վտանգւել, բայց իրենց համար գերակայութիւնը եղել է ոչ թէ պետութեան, այլ սեփական իշխանութեան համար վտանգի խնդիրը։ Որոշակի ճակատագրական իրադարձութիւններից յետոյ, օրինակ՝ 44-օրեայ պատերազմ, ողբերգական վիճակ, պարտութիւն, զոհեր, հայրենիքի մի հատւածի կորուստ եւ այլն, իրենց համար իշխանութեան գինը բարձրացել է մինչեւ սեփական անվտանգութեան գին։ Դրանք արդէն միայն բարիքները, գեղեցիկ կեանքը, իշխանութեան մասին մինչ այդ իրենց ունեցած պատկերացումները չէին։ Իրենք սկսել են իրենց իշխանութեան գոյութեան հետ կապել իրենց անվտանգութիւնը»,- ասել է վերլուծաբանը:
«Մենք տեսնում ենք մի վարքագիծ, որը որեւէ կերպ արեւմտամէտ կամ ռուսամէտ անւանել հնարաւոր չէ։ Սա պատից պատ տրւող ինչ-որ քայլերի շարան է, որն անգամ բարդ է քաղաքականութիւն անւանելը։ Եթէ մենք որեւէ ուղղութեան յատկանիշի տակ փորձենք դիտարկել, ամենաճիշտը կը լինի սրանց անւանել հակահայ։ Ազգային եւ պետական շահերի համատեքստում դա հակահայ քաղաքականութիւն է՝ կախւած նրանից, թէ որ պահին դա ինչպէս եւ ում հետ է ստացւում։ Դրան տարիների ընթացքում, որպէս պատճառահետեւանքային կապի բաղկացուցիչ, գումարւել է այն հանգամանքը, որ կողմերից որեւէ մէկն այս իշխանութեանը որեւէ կերպ լուրջ չի ընդունում, չի ընկալում, խօսքի վրայ չի յենւում, խոստումներին չի հաւատում եւ չի վստահում»,- նշել է Բէքարեանը:
ՀՀ ԱԺ նախկին պատգամաւորի պնդմամբ՝ ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Արեւմուտքը՝ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը, ո՛չ Իրանը, ո՛չ էլ միւսները չեն վստահում այս իշխանութեանը. «Թուրք-ադրբեջանական տանդեմն այս տարիների ընթացքում այս առիթից օգտւել է՝ որքան կարողացել է, եւ շարունակում է օգտւել։ Նրանց ընկալմամբ՝ սա լաւագոյն իշխանութիւնն է, որն իրենք կարող են երբեւէ ակնկալել ՀՀ-ից։ Սա շատ լուրջ նւէր է իրենց համար, իրենք այդ նւէրի ժամկէտների երկարացման համար պատրաստ են ջանքեր դնելու, եւ դա ցոյց են տալիս։ Նաեւ սրանով է պայմանաւորւած, որ մենք այս ընթացքում ականատես ենք եղել, թէ ինչ մեծ ցանկութիւն կայ մերձենալու թուրքական կողմին, ռեւերանսներ կան դէպի Էրդողան, եւ այլն։ Այսինքն, այս իշխանութիւնը տպաւորութիւն ունի, որ միակ հնարաւոր եւ դեռեւս կեանքի իրաւունք ունեցող հովանոցն իրենց համար թուրքականն է»:
«Պէտք չէ փորձել տրամաբանութիւն փնտրել այնտեղ, որտեղ այն չկայ։ Համակարգերը խախտւած են։ Կան աքսիոմատիկ ճշմարտութիւններ, օրինակ՝ ցանկացած պետութիւնում իշխանութիւնը պէտք է առաջնահերթօրէն ծառայի իր երկրի ազգային ու պետական շահերին։ Ռեւիզիոնիզմի ներկայ չափի մէջ կարելի է ասել՝ սա էլ աքսիոմ չէ։ Բայց աշխարհի որ ծայրում ում էլ հարցնես, թէ իշխանութիւնն ինչ խնդիր ունի, դա է ձեւակերպելու որպէս առաջնահերթութիւն։ Երբ դա չկայ, մենք փնտրում ենք տրամաբանութիւն՝ հիմքում դնելով այդ աքսիոմը, մինչդեռ չկայ կա՛մ այդ աքսիոմը, կա՛մ էլ մեզ համար անպատկերացնելի մի տրամաբանութիւն է գործում»,- ամփոփել է Կարէն Բէքարեանը: