ՀամայնքՀայ ԴատՀայաստան - ԱրցախՆոր Ջուղա

ԶՕՐԱԿՑՈՒՄ ԵՆՔ ՅԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՒ ՊԱՏԻՒ ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆԸ

Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանը, բովանդակ հայ ժողովուրդը կրկին յայտնւել է աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին, նրան հարւածում են դրսից՝ նրա արտաքին թշնամիները, նրան ջլատում են ներսից՝ օտարների կարգին լծւած եւ Հայաստանի իշխանութեան աթոռներին բազմած ապիկար իշխանաւորները:

Արցախը կործանելուց եւ հայաթափելուց յետոյ, այժմ սկսւել է Հայաստանի Հանրապետութիւնը բզկտելու ընթացքը: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իբր «օրինական ու իրաւական» սահմաններ գծելու բանակցութիւններ են տեղի ունենում՝ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան տառին ու ոգուն, միջազգային բոլոր օրէնքներին եւ հիմունքներին հակասող եղանակով, Ադրբեջանի եւ Թուրքիայի ծաւալապաշտական նկրտումների եւ ուժի սպառնալիքների ներքոյ, ինչին համաձայնւել են ՀՀ գործող իշխանութիւնները. նրանք անտեսելով Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան եւ անվտանգութեան բոլոր նախադրեալներն ու հիմունքները, մեր ազգաբնակչութեան կենսական պահանջներն ու ազգային-պետական շահերը, ցաւօք որոշել են գնալ մինչեւ վերջ նահանջելու պարտւողական քաղաքականութեամբ ու գործողութիւններով, խորտակել մեր ժողովրդի դիմադրութեան բոլոր սիւները, Սահմանադրութիւնը, պետական համակարգը, բանակը, դիւանագիտութիւնը:

Հայաստանի իշխանութիւնները առաջնահերթ են դասել իրենց անձնական ու նեղխմբակային շահերն ու օտար՝ մեծապետական ուժերի աշխարհաքաղաքական նպատակներն ու նրանց միջոցով ուղղակիօրէն ֆինանսաւորւող ծրագրերը, որոնք խոստանում են կեղծ խաղաղութիւն, առանց որեւէ անվտանգային միջազգային երաշխիքի, որի մասին խոստովանում են հէնց իրենք:

Այս ստոր քաղաքականութեան իրական գինը վճարում է հայ ժողովուրդը՝ կանգնած պետականութեան կորստի սպառնալիքի, հայրենի տնից տարագրւելու ու կրկին ցեղասպանութեան ենթարկւելու ողբերգական հեռանկարի առջեւ:

Ի տես այս ցաւալի հեռանկարի մեր ժողովուրդը փորձում է ելք գտնել՝ կասեցնելու այս կործանարար ընթացքը: Այս անգամ իր որոշիչ խօսքն է բարձրաձայնել Հայոց Առաքելական Եկեղեցին, իր նւիրեալ սպասաւորների միջոցով եւ արթուն կեցւածքով, որի շուրջ համախմբումի աննախընթաց օղակ է ձեւաւորւել: Մեր եկեղեցու շուրջ երկուհազարամեայ ճանապարհը ազգային եւ հոգեւոր ծառայութիւն է, մեր ինքնութեան անբաժանելի մասը:

Ականջալուր հայրենի Տաւուշից սկիզբ առած, Հայաստանի տարբեր մարզերում եւ քաղաքներում ծաւալւող եւ դէպի հայութեան մայրաքաղաք Երեւան ուղեւորւող ժողովրդային շարժման խորհրդին, մեր զօրակցութիւնն ու աջակցութիւնն ենք յայտնում Հայաստանի ինքնիշխանութեան, հողային ամբողջականութեան ու անվտանգ սահմանների պահպանման պայքարին, որը Տաւուշի թեմի առաջնորդ եւ շարժումն առաջնորդող Բագրատ արք. Գալստանեանի միջոցով իրաւմամբ բնութագրւել է՝

երթ ճշմարտութեան եւ հասարակական լայն հաշտութեան համար՝ Յանուն Հայրենիքի եւ պատւի:

Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակ

Նոր Ջուղա-Իրան

7 մայիսի 2024 թ.‎

Related Articles

Back to top button