ՀՀ-ն, Իրանը եւ Հնդկաստանը գործարկում են առեւտրային երթուղի. եռակողմ հանդիպում է նախատեսւում
«ԱԼԻՔ» – Շուտով եռակողմ հանդիպում տեղի կունենայ Հայաստանի, Իրանի եւ Հնդկաստանի մասնակցութեամբ առեւտրային երթուղու գործարկման վերաբերեալ: Այս մասին «Sputnik Արմենիա»-ին յայտնի է դարձել լոգիստիկ ընկերութիւններում սեփական աղբիւրներից։
Հանդիպումը տեղի կունենայ Իրանում. երեք երկրների տրանսպորտային ոլորտների ներկայացուցիչները կը ծանօթանան Չաբահար նաւահանգստի ենթակառուցւածքներին, կը քննարկեն նաւահանգստում Հայաստանի օպերատորական գործունէութիւնը եւ երթուղու շուտափոյթ գործարկման հետ կապւած հարցեր:
Աւելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարարութիւնից «Sputnik Արմենիա»-ի գրաւոր հարցմանն ի պատասխան յայտնել էին, որ ներկայում Հայաստանի՝ որպէս օպերատորի մասնակցութեան ձեւաչափը յայտնի չէ։
Գերատեսչութիւնում ընդգծել են, որ նոր երթուղիների գործարկումը կը բարձրացնի Հայաստանի առեւտրային ներուժը: Երեւանը յուսալի մուտք կունենայ Հնդկաստան, ինչպէս նաեւ Հարաւարեւելեան Ասիայի երկրների հեռանկարային շուկաներ։
Յիշեցնենք, որ երթուղով նախատեսւած է Պարսից ծոցի երկրներից եւ Հնդկաստանից ապրանքների տեղափոխում դէպի ԵՄ եւ ԵԱՏՄ: Այսպէս, հնդկական Մումբայի նաւահանգստից բեռները կարող են առաքւել Չաբահար նաւահանգիստ (Իրանի հարաւ-արեւելք), այնուհետեւ ցամաքային եղանակով՝ Հայաստան (կա՛մ աւտոմոբիլային ճանապարհով, կա՛մ երկաթուղով), այնուհետեւ՝ Վրաստան եւ արդէն այնտեղից՝ Բուլղարիայի կամ Յունաստանի նաւահանգիստներ, կամ էլ Ռուսաստան (ծովային նաւահանգիստներով կամ «Վերին Լարս» անցակէտով)։
Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը կարեւոր է Իրանի եւ Հնդկաստանի համար, որոնք ձգտում են դիւերսիֆիկացնել իրենց ապրանքների մատակարարումները։ Ներկայում ծովային անցումը կապւած է բարդութիւնների հետ:
Իրանի եւ Հայաստանի տարածքով երթուղին Հնդկաստանին եւ Պարսից ծոցի երկրներին թոյլ կը տայ 25 տոկոսով կրճատել լոգիստիկ ծախսերը, ինչպէս նաեւ, գրեթէ կրկնակի, փոխադրման ժամանակը (ներկայ դրութեամբ Սուէզի ջրանցքով անհրաժեշտ 40 օր ժամկէտը նւազեցնելով մինչեւ 18 օրւայ): Հայաստանն այդ դէպքում կը դառնայ կարեւոր տարանցիկ հանգոյց։
Այսպիսով, Երեւանը Սեւծովեան վրացական նաւահանգիստներով Հնդկաստանը եւ Իրանը կը կապի Եւրոպայի հետ եւ հակառակը՝ ԵՄ-ն Հնդկաստանի հետ, իսկ Հայաստանի տարածքով միջանցքը Հնդկաստանին թոյլ կը տայ մուտք գործել Սեւ ծովի նաւահանգիստներ, ինչպէս նաեւ, աւելի կարճ երթուղով՝ ԵԱՏՄ շուկայ։