Բակօ Սահակեանի, Լեւոն Մնացականեանի եւ Ռուբէն Վարդանեանի առողջական վիճակը վատթարացել է
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնն արդէն մօտ մէկ տարի է, ինչ ապօրինի կերպով պահւում է Բաքւում։
2023 թւականի սեպտեմբերին Արցախի նկատմամբ ռազմական ապօրինի գործողութիւններ հրահրելուց յետոյ՝ Ադրբեջանը շինծու մեղադրանքներով գերեվարեց Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասեանին, Բակօ Սահակեանին, Արայիկ Յարութիւնեանին, նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանին, ԱԳ նախկին նախարար Դաւիթ Բաբայեանին, ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանին, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանին եւ գեներալ Դաւիթ Մանուկեանին: Նրանք մինչ օրս պատանդի կարգավիճակով պահւում են Բաքւի բանտում կալանքի տակ:
Այս ընթացքում բազմիցս ահազանգեր են ստացւում Բաքւում գտնւող արցախցի պաշտօնեաների առողջական վիճակի վատթարացման վերաբերեալ:
«Ժողովուրդ» օրաթերթի խիստ իրազեկ աղբիւրների փոխանցմամբ՝ վերջին օրերին դարձեալ կտրուկ վատացել է ԱՀ նախկին նախագահներ Բակօ Սահակեանի, Արայիկ Յարութիւնեանի, Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի եւ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանի առողջական վիճակը, ինչը փաստում է Բաքւի բանտերում նրանց նկատմամբ անմարդկային եւ միջազգային նորմերի կոպիտ խախտմամբ վերաբերմունքի մասին։
Մեր տեղեկութիւններով՝ Լեւոն Մնացականեանի մօտ շաքարային դիաբետի լուրջ խնդիրներ են առաջացել․ հիւանդութիւնը Բաքւի բանտային պայմաններում աւելի է սրւել։
ԱՀ նախկին նախագահ Բակօ Սահակեանն էլ արեան ճնշման ու սրտանօթային լուրջ խնդիրներ ունի:
Ռուբէն Վարդանեանի ընտանիքը դեռ ապրիլին էր յայտարարել, որ վերջինս հացադուլ է իրականացնում՝ պահանջելով բոլոր հայ բանտարկեալների անյապաղ ազատ արձակումը:
Հացադուլի ու պահման վատ պայմանների պատճառով Ռուբէն Վարդանեանի առողջական վիճակը եւս վատթարացել է: Իսկ Արայիկ Յարութիւնեանն իր հարազատների հետ խօսակցութեան ժամանակ հասկացրել է, որ յոյսները կտրեն իրենց վերադարձի հետ կապւած ու ապրեն առանց իրենց:
«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի պատւիրակութեան հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց հետաքրքրւեց, թէ երբ են պատւիրակները վերջին անգամ այցելել Բաքւում պահւող Արցախի պաշտօնեաներին եւ առողջական ինչ վիճակում են նրանք.
«Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի աշխատակիցները Բաքւում պարբերական կերպով շարունակել են տեսակցել բոլոր հայերին, ովքեր պահւում են Ադրբեջանում։ Պահւող անձանց թվում են նաեւ մարդիկ, որոնց անունները մեր կազմակերպութեանը հաստատել են Ադրբեջանի իշխանութիւնները։ Վերջին նման տեսակցութիւնն այդ անձանց հետ տեղի է ունեցել յուլիս ամսւայ ընթացքում եւ, բնականաբար, մեր ուշադրութեան կենտրոնում եղել են եւ շարունակում են մնալ այս անձանց առողջական վիճակը եւ նրանց նկատմամբ վերաբերմունքը, պահման պայմանները․ սակայն մեկնաբանել հանրային հարթակում այս ամէնը մեր կազմակերպութիւնը չի կարող, քանի որ, ըստ ընթացակարգի, անհանգստացնող ընթացիկ կամ ընդհանուր հարցերը, որոնք վերաբերում են այս խնդիրներին, քննարկւում են միայն իշխանութիւնների հետ, ինչպէս նաեւ նրանց ընտանիքի անդամների հետ։
Միակ բանը, որ կարող եմ աւելացնել, այն է, որ մեր պատւիրակների տեսակցութիւնների շրջանակում իւրաքանչիւր անձի հնարաւորութիւն է տրւում կապ հաստատել իրենց հարազատների հետ»,-ասաց Ամատունին:
Յուսանք՝ մեր հրապարակումից յետոյ միջազգային հարթակներում ահազանգը չեն թողնի անպատասխան:
«Ժողովուրդ»