Տիգրան Աբրահամեան. «Ադրբեջանը կոնկրետ ակտիւ աշխատանք է տարել ՀՀ-ից ագրեսիայի կամ շանտաժի գնով տարածքներ խլել»
«ԱԼԻՔ» – Առանցքային խնդիրներից մէկը շարունակում է մնալ սահմանների ճշգրտման հարցը, որի ուղղութեամբ Ադրբեջանը վերջին 4 տարիներին կոնկրետ ակտիւ աշխատանք է տարել կա՛մ ՀՀ-ից ագրեսիայի կա՛մ շանտաժի գնով տարածքներ խլելով։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրում է ՀՀ ԱԺ պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը։
«Բաքուն եւ Երեւանը պայմանաւորւել են խաղաղութեան փաստաթղթի շուրջ բանակցութիւններից հանել եւ աւելի ուշ քննարկել կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը:
Եթէ Բաքւի համար այս կէտը «միջանցք» ունենալու հնարաւորութիւնն է, ապա Հայաստանի համար, դա տարիներ շարունակ շրջափակումը ճեղքելու հնարաւորութիւնն է, որն, իհարկէ, որեւէ պայմաններում, չպէտք է անել «միջանցքի» գնով:
Սակայն գանք մէկ այլ կարեւոր հարցին: Ադրբեջանից պնդում են, որ այս քայլին են գնացել, որպէսզի իրենց համար առաջնահերթ` ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան հարցը, հնարաւոր լինի լուծել առաւել կարճ ժամկէտում:
Թէ կոնկրետ ի՞նչ ուղղութեամբ եւ ի՞նչ հարցեր են քննարկում կողմերը, պարզ է միայն խիստ հպանցիկ ու ընդհանուր գծերով:
Բայց առանցքային խնդիրներից մէկը շարունակում է մնալ սահմանների ճշգրտման հարցը, որի ուղղութեամբ Ադրբեջանը վերջին 4 տարիներին կոնկրետ ակտիւ աշխատանք է տարել կա՛մ ՀՀ-ից ագրեսիայի կա՛մ շանտաժի գնով տարածքներ խլելով»։