Այլ

Ցածր ածխաջրային դիետաները ոչնչացնում են աղիների համար օգտակար մանրէները

Բատի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները պարզել են, որ ածխաջրերի քիչ քանակութիւնը կերակրաբաժնում՝ ճարպերի աւելցուկի հետ համադրւած, կարող է հանգեցնել աղիների համար օգտակար մանրէների քանակի նւազման եւ արեան մէջ խոլեստերինի մակարդակի բարձրացման։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Cell Reports Medicine ամսագրում։

12 շաբաթ տեւած հետազօտութեան ընթացքում 53 առողջ մարդիկ հետեւել են շաքարի չափաւոր պարունակութեամբ դիետայի, շաքարի ցածր պարունակութեամբ դիետայի (օրական 5 տոկոսից քիչ) կամ էլ կետո-դիետայի (օրական կալորիաների 8 տոկոս)։

Արդիւնքները ցոյց են տւել, որ կետո-դիետայի հետեւող մարդիկ մի փոքր աւելի քաշ են կորցրել (միջինը 2,9 կիլոգրամ) նրանց համեմատ, ովքեր բացառել են շաքարն իրենց կերակրացանկից (կորցրել են մօտ 2,1 կիլոգրամ)։ Սակայն այն մասնակիցների մօտ, ովքեր խիստ կրճատել են ածխաջրերի օգտագործումը, բարձրացել է «վատ» խոլեստերինի մակարդակը, որը կարող է առաջացնել վտանգաւոր «բշտերի» կուտակում զարկերակներում։ Շաքարի ցածր պարունակութեամբ դիետան, հակառակը, իջեցրել է արեան մէջ վատ խոլեստերինի մակարդակը։

Գիտնականները նաեւ յայտնաբերել են, որ փորձարկւողների մօտ, որոնք կետո-դիետայի են հետեւել, իջել է աղիների բիֆիդոբակտերիաներ կոչւող մանրէների մակարդակը։ Այդ օգտակար միկրոօրգանիզմներն օգնում են արտադրել В խմբի վիտամիններ, խանգարում են պաթոգէն բակտերիաների ամրացմանն աղիներում եւ պահում են արեան մէջ խոլեստերինի նորմալ մակարդակը։ Շաքարի ցածր պարունակութեամբ դիետան էական ազդեցութիւն չի գործել աղիների միկրոբիոմի կազմի վրայ։

Հետազօտողների խօսքով՝ ածխաջրերի անբաւարարութիւնը եւ ճարպերի աւելցուկը ոչ միայն կործանում են օգտակար մանրէները, այլեւ բարձրացնում լիպիդների (ճարպանման մոլեկուլների) քանակութիւնն արեան մէջ։ Այս անցանկալի փոփոխութիւններն աւելացնում են սրտային հիւանդութիւնների եւ ինսուլտի վտանգը։

Related Articles

Back to top button