Ռենտգենային նոր մեթոդը բացայայտում է մետաղների իոնների դերը հակաբիոտիկների արդիւնաւէտութեան մէջ

Լոնդոնի Սենթ Ջորջ Սիթիի համալսարանի գիտնականներն օգտագործել են ռենտգենային ճառագայթների գերճշգրիտ ցրման նոր մեթոդ՝ բակտերիաներում մետաղական իոնների տեղակայումը եւ տեսակը պարզելու համար, որոնք կարեւոր նշանակութիւն ունեն հակաբիոտիկների օպտիմալ ազդեցութեան համար:
Բակտերիաների շատ տեսակներ արտադրում են տոպոիզոմերազ IV կոչւող ֆերմենտային մոլեկուլը, որը քանդում եւ բաժանում է նոր վերարտադրւած ԴՆԹ-ն բակտերիաների ներքին բարդ կառուցւածքներում՝ թոյլ տալով բջիջներին բաժանւել եւ բազմանալ:
Հակաբակտերիալ դեղամիջոցներ, որոնք կոչւում են ֆտորխինոլոններ, ինչպիսիք են դելաֆլոքսացինը, որոնք կարող են սպանել բակտերիաների լայն սպեկտր, փնտրում են մագնեզիումի իոններ եւ կապւում այս բարդ կառուցւածքի հետ: Օրգանիզմ ընկնելով՝ դեղամիջոցը մահացու ազդեցութիւն է ունենում բակտերիաների վրայ՝ արգելափակելով տոպոիզոմերազի աշխատանքը եւ, ի վերջոյ, կանխելով բակտերիաների բջիջների բազմացումը։
Օգտագործելով երկու տրւած էներգիաներով ռենտգենեան ճառագայթները, գիտնականների թիմը որոշել է մագնեզիումի իոնների ճշգրիտ տեղը, որոնք կապւած են դեղամիջոցների եւ ֆերմենտների հետ եւ աշխարհում առաջին անգամ որոշել կալիումի եւ քլորիդի իոնների առկայութիւնը ֆերմենտային համալիրում:
Գիտնականներն ասում են, որ այս բեկումնային քայլը կարող է ճանապարհ հարթել մի շարք հիւանդութիւնների բուժման գործում նոր հակաբակտերիալ դեղամիջոցների ստեղծման համար:
Հետազօտութիւնը, որը հրապարակւել է PNAS ամսագրում, ղեկաւարել է Լոնդոնի ՍԵնթ-Ջորջ Սիթիի համալսարանի նիարդագիտութեան եւ բջջային կենսաբանութեան գիտահետազօտական ինստիտուտի պրոֆեսոր Մարկ Ֆիշերը՝ Imperial և Diamond Light Source-ի գիտնականների հետ համատեղ:
Այս աշխատանքը երկար տարիների համագործակցութեան արդիւնք է Imperial-ից կառուցւածքային կենսաբան եւ համաղեկավար, պրոֆեսոր Մարկ Սանդերսոնի հետ, որոնք միասին բացայայտել են տոպոիզոմերազայի բազմաթիւ համալիրների եւ դեղամիջոցների կառուցւածքը, որոնք կենսական նշանակութիւն ունեն հակաբակտերիալ դեղամիջոցների մշակման առաջընթացի համար:
News.am