Այլ

Հոտի եւ յիշողութեան պարզ թեստը կարող է արդիւնաւէտօրէն կանխատեսել Ալցհէյմերի հիւանդութիւնը

Կոլումբիայի համալսարանի նոր հետազօտութիւնը ցոյց է տալիս, որ կարճաժամկէտ յիշողութեան թեստի եւ հոտառութեան թեստի զուգորդումն ի վիճակի է նոյնքան ճշգրիտ կանխագուշակել ճանաչողական անկումը, որքան ուղեղի թանկարժէք տեսողական հետազօտութիւնները՝ փոխարէնն առաջարկելով աւելի մատչելի միջոց՝ գնահատելու համար Ալցհէյմերի հիւանդութեան եւ դեմենցիայի այլ ձեւերի վտանգը:

Հետազօտութիւնը, որը ղեկավարել է բժշկական գիտութիւնների դոկտոր, հոգեբուժութեան եւ նեարդաբանութեան պրոֆեսոր եւ Կոլումբիայի համալսարանին առընթեր Իրւինգ բժշկական կենտրոնի/Նիւ Եօրք նահանգի հոգեբուժական ինստիտուտին առընթեր ծերերի հոգեբուժութեան բաժանմունքի ղեկավար Դաւանգեր Դեւանանդը, խոստումնալից ապացոյցներ է ներկայացնում, որ այս պարզ թեստերը կարող են միանգամայն օգտակար լինել կլինիկական պրակտիկայում՝ համակցւած համապատասխան գիտելիքների հետ՝ հետագայ կեանքում ճանաչողական ունակութիւնների խանգարումների ախտորոշման համար:

Սոյն գիտական ​​աշխատանքի արդիւնքները հրապարակւել են Alzheimer’s & Dementia բժշկագիտական հանդէսում։

Հետազօտութիւնն իրականացնելու համար գիտնականներն ութ տարւայ ընթացքում վերլուծել են Մայոյի կլինիկայի ծերութեան հետազօտման 647 մասնակիցների տւեալները:

Արդիւնքները ցոյց են տւել, որ հոտի նոյնականացման կարճ թեստի (BSIT) եւ ուշադրութեան կենտրոնացման դէպքում օգտակար տեղեկութեան մտապահման թեստի (BIMCT) համադրութիւնը նոյնքան արդիւնաւէտ է ճանաչողական ունակութիւնների անկումն ու դեմենցիան կանխատեսելու համար, որքան ամիլոիդային պատկերումը, որը լայնօրէն օգտագործւող, բայց թանկարժէք եղանակ է:

Հետազօտութեան ընթացքում 102 մասնակիցների շրջանում զգացւել է ճանաչողական ունակութիւնների անկում, իսկ 34-ի շրջանում՝ դեմենցիա:

Առաջնային խնամքի հաստատութիւններում, որտեղ աւելի բարդ ախտորոշման եղանակներն անմատչելի են, հետազօտութեան արդիւնքները ցոյց են տալիս, որ հոտի եւ յիշողութեան թեստերը խոստումնալից մօտեցում են մասնագէտի ուղղորդման կարիք ունեցող հիւանդներին յայտնաբերելու առումով:

News.am

Related Articles

Back to top button