Ճարպոտ սնունդը վատթարացնում է ուղեղի աշխատանքը

Ճարպոտ սնունդով հարուստ սննդակարգը ոչ միայն մեծացնում է ճարպակալման եւ շաքարախտի առաջացման վտանգը, այլեւ կարող է վատթարացնել ուղեղի աշխատանքը՝ արագացնելով նէյրոդեգեներատիւ հիւանդութիւնների, դրանց թւում՝ Ալցհայմերի հիւանդութեան զարգացումը։ Նման եզրակացութեան են հանգել Ճապոնիայի Թիբա համալսարանի գիտնականները։ Հետազօտութիւնը հրապարակւել է PLOS Genetics հանդէսում։
Գիտնականները ցոյց են տւել, որ ճարպոտ սնունդը խաթարում է աուտոֆագիան՝ բջիջներում թափոնների վերամշակման գործընթացը, որը կենսականօրէն կարեւոր նշանակութիւն ունի նէյրոնների առողջութեան համար։ Մրգաճանճերի (drosophila) վրայ կատարւած փորձերը ցոյց են տւել, որ այդ մեխանիզմում խափանումն ազդում է երկարատեւ եւ միջնաժամկէտ յիշողութեան վրայ, այն դէպքում, երբ կարճատեւ յիշողությոիւնը մնում է անփոփոխ։
«Մեր արդիւնքները ենթադրում են, որ սննդակարգով պայմանաւորւած յիշողութեան խանգարումն անդառնալի չէ եւ կարող է բարելաււել աուտոֆագիան խթանող միջամտութիւններով, մասնաւորապէս՝ վարժութիւններով կամ ընդմիջումներով քաղցածութեամբ»,- նշել է հետազօտութեան ղեկավար, դոցենտ Այակօ Տոնոկին։
Սննդի եւ ճանաչողական գործառոյթի միջեւ կապը ստուգելու համար մրգաճանճերին մէկ շաբաթ կերակրել են նորմալ կամ ճարպոտ սնունդով։ Ճարպոտ սնունդով կերակրւած միջատները լիպիդների եւ գլիւկոզի աւելի բարձր մակարդակ են ցոյց տւել, փոխարէնը՝ վատ արդիւնքներ՝ յիշողութեան թեստերում։ Սպիտակուցի վերլուծութիւնը հաստատել է, որ աուտոֆագիան խաթարւել է. «վերամշակւող» բջջային ներառուկների (vesicle- բջջի կենսագործունէութեան որոշակի փուլերում ձեւաւորւող եւ անհետացողոչ մշտական բաղադրամասեր -խմբ.) քանակը նւազել է, իսկ Ref(2)p սպիտակուցային մարկերի կուտակումը մեծացել է։
Հիմնական արդիւնքը. յիշողութիւնը վերականգնւել է աուտոֆագիայի արհեստականօրէն ուժեղացման միջոցով՝ ինչպէս գենետիկական մեթոդների, այնպես էլ ռապամիցին նիւթի օգտագործման միջոցով։
Գիտնականները միաժամանակ պարզել են, որ հիմնական խնդիրը բջջային «օգտահանութեան» վերջնական փուլում է՝ աուտոֆագոսոմների եւ լիզոսոմների միաձուլման մէջ։ Բարձր ճարպային սննդակարգով սնւող կենդանիների շրջանում այս գործընթացը արգելափակւել է, ինչի մասին վկայում են լիզոսոմի ֆունկցիային առնչւող գէների արտայրայտման փոփոխութիւնները։
«Մեր հետազօտութիւնը ցոյց է տալիս, թէ ինչպէս են մեր սննդային սովորութիւնները անմիջականօրէն ազդում ուղեղի առողջութեան վրայ։ Այն նաեւ մեզ աւելի է մօտեցնում ռազմավարութիւնների ստեղծմանը՝ սննդանիւթերի ընտրութիւնից մինչեւ դեղերի մշակում, որոնք կօգնեն պաշտպանել ճանաչողական ունակութիւնների գործառոյթը եւ դանդաղեցնել ուղեղի ծերացումը»,- ընդգծել է Տօնոկին։
News.am