Գիտնականներն ուսումնասիրել են ֆաւայի հատիկների սպիտակուցների ազդեցութիւնը բերանի խոռոչի զգայական բջիջների վրայ

Միւնխէնի տեխնիկական համալսարանին կից Լայբնիցի անւան սննդային համակարգերի կենսաբանութեան ինստիտուտի գիտաշխատողները առաջին անգամ ուսումնասիրել են, թէ ինչպէս են ֆաւայի հատիկներից ստացւած սպիտակուցային կառուցւածքներն ազդում մարդու բերանի խոռոչի շօշափելի բջիջների բջջային մոդելի վրայ:
Այս զգայական բջիջներն արձագանգում են մեխանիկական գրգռիչներին, ինչպիսիք են ճնշումը եւ առանցքային դեր խաղում սննդի եւ ըմպելիքների նիւթակազմւածքն ու համն ընկալելու գործում:
Նոր բացայայտումները, որոնք հրապարակւել են ինստիտուտի կայքում, կարող են օգնել բարելաւել մեր ըմբռնումը եւ, ի վերջոյ, օպտիմալացնել, բուսական սնննդի ընկալումը մեր զգայարանների միջոցով՝ նպաստելով աւելի խելամիտ եւ առողջ սնւելուն:
Սպիտակուցային նանոմանրաթելերը յատուկ սպիտակուցային մոլեկուլներ են, որոնք չափազանց փոքր կառուցւածքներ ունեն: Դրանք օժտւած են հազւագիւտ ֆիզիկակաքիմիական յատկութիւններով, որոնք կարող են երկարատեւ ազդեցութիւն ունենալ մթերքների նիւթակազմւածքի եւ, հետեւաբար, համի վրայ: Թէեւ շատ բան է յայտնի հեղուկ միջավայրում դրանց ձեւաւորման եւ ֆիզիկական յատկութիւնների մասին, սակայն քիչ հետազօտութիւններ են իրականացւել այն մասին, թէ ինչպէս են այդ մանրաթելերն ազդում բջիջների վրայ ֆիզիոլոգիական պայմաններում:
Սրան է վերաբերում Լայբնիցի թիմի հետազօտութիւնը, որը ղեկավարել է կրտսեր գիտաշխատող Մելանի Քելերը: Նրա թիմը կենտրոնացել է բերանում սննդի զգացողութեան վրայ: Օգտագործելով առաջադէմ տեխնոլոգիա՝ հետազօտական թիմն առաջին անգամ ուսումնասիրել է, թէ ինչպէս են ֆաւայի հատիկներից ստացւած սպիտակուցային նանոմանրաթելերն ազդում մարդու բջջային գծի, այսպէս կոչւած մեխանիկական ընկալիչ բջիջների վրայ։ Հետազօտութիւնն իրականացւել է ֆիզիոլոգիական պայմաններում։ Ուսումնասիրելով մոդելային բջիջները ֆիզիոլոգիական պայմաններում, հետազօտողները ատոմաուժային մանրադիտակի միջոցով առաջին անգամ յայտնաբերել են, որ նանոմանրաթելերն անհարթութիւն են հաղորդում բջիջների մակերեսային կառուցւածքին՝ չփոխելով դրանց ընդհանուր առաձգականութիւնը:
Փորձարկումները ցոյց են տւել, որ բջիջների կուլտիւացման միջավայրում նանոֆիբրիլների աւելացումը փոխում է ընկալիչ գեների ակտիւութիւնը, որոնք դեր են խաղում սննդի նիւթակազմւածքի ընկալման մէջ: Դրանց են վերաբերում մեխանիկազգայուն իոնային ալիքները, ինչպիսիք են պիեզորընկալիչները, ինչպէս նաեւ ճարպաթթուներ յայտնաբերող ընկալիչները: Արհեստական բջջային թաղանթների հետագայ ուսումնասիրութիւնները ցոյց են տւել նաեւ, որ մանրաթելերը փոխազդում են թաղանթների հետ լիպիդների միջոցով, ինչն ազդում է այս թեստային համակարգում թաղանթների առաձգականութեան վրայ:
«Չնայած այս հետազօտութիւնը դեռ վաղ փուլում է, սակայն մեր կենսաֆիզիկական եւ կենսաքիմիական արդիւնքներն արդէն ցոյց են տալիս, թէ ինչպէս կարող են նանոմանրաթելերն ազդել նիւթակազմւածքի եւ ճարպի ընկալման վրայ:
Հետեւաբար, մենք ցանկանում ենք խորացնել մեր նոր բացայայտումները ապագայ փորձարկումներում եւ զգայական հետազօտութիւններում: Երկարաժամկէտ հեռանկարում մենք ցանկանում ենք նոր կիրառումներ գտնել բոյսերի վրայ հիմնւած նանոֆիբրիլների համար՝ բարելաււած նիւթակազմւածքով ընկալման համար գրաւիչ սննդամթերք ստեղծելու համար»,- ասել է հետազօտութեան հեղինակը:
News.am