Առողջ քունն ուղեղը պաշտպանում է վատ յիշողութիւններից
![](/wp-content/uploads/2025/01/395-780x470.jpg)
Քունը կարեւոր դեր է խաղում՝ օգնելով պաշտպանել մեր օրգանիզմի առողջութիւնը, ներառեալ ուղեղի եւ հոգեկան առողջութիւնը։
Նոր հետազօտութիւնը, որն իրականացրել են Միացեալ Թագաւորութեան Եօրքի եւ Արեւելեան Անգլիայի համալսարանները, որի արդիւնքները հրապարակւել են PNAS ամսագրում, այժմ դիտարկում է քնի, ուղեղի եւ հոգեկան առողջութեան միջեւ փոխադարձ կապի էլ աւելի ուշագրաւ ուղղութիւնը։
Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ խախտւած քունն ազդում է ուղեղի՝ սեւեռուն յիշողութիւնները սահմանափակելու ունակութեան վրայ, ինչը կարող է նպաստել այնպիսի վիճակների առաջացմանը, ինչպիսին են տագնապը, դեպրեսիան եւ անգամ հետտրաւմատիկ ստրեսային խանգարումը։
Հետազօտութեան համար գիտնականները հաւաքել են 18-30 տարեկան 85 առողջ մեծահասակ մարդկանց, որոնցից 30-ը տղամարդիկ էին, միւսները՝ կանայք, եւ նրանց խնդրել են մի գիշեր անցկացնել քնի լաբորատորիայում։ Մասնակիցների մօտ կէսը (43 մարդ) ողջ գիշեր ստիպւած է եղել արթուն մնալ, իսկ միւսները հիանալի քնել են։
Հասկանալու համար, թէ ինչպէս կարող է քունը կամ դրա բացակայութիւնն ազդել ուղեղի՝ անցանկալի յիշողութիւնները եւ մտքերը ճնշելու ունակութեան վրայ, հետազօտողներն աւելի վաղ խնդրել են մասնակիցներին կատարել հետեւեալ վարժութիւնը. նրանք պէտք է դիտէին այն անձանց լուսանկարները, որոնց մի մասը յայտնւել է բացասական տեսարանների համատեքստում, ինչպիսին է աւտովթարը։
Գիշերային քնից կամ քնի խանգարումից յետոյ բոլոր մասնակիցները պէտք է կամ յիշէին այն տեսարանը, որը կապւած էր որոշակի անձի հետ, կամ վանէին յիշողութիւնն այն տեսարանի մասին, որը կապւած էր բացասական զգացողութիւնների հետ։
Գիտնականներն օգտագործել են ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան մասնակիցների ուղեղի ակտիւութիւնն այդ ժամանակ ուսումնասիրելու համար։ Երբ նրանց խնդրել են յիշել տհաճ յիշողութիւնները, ակնյայտ է դարձել, որ անքուն գիշեր անցկացրած մասնակիցների մօտ նւազել էր գլխուղեղի աջ դորսարտերալ ճակատամերձ կեղեւի ակտիւացումը, ինչը կապւած է յուզական կարգաւորման եւ սեւեռուն մտքերի վանման հետ։
Իսկ լաւ հանգստացած մասնակիցների մօտ, հակառակը, աւելի բարձր է եղել ուղեղի այդ հատւածի ակտիւութիւնը եւ աւելի քիչ է եղել ակտիւութիւնը հիպոկամպում, ինչը կապւած է յիշողութեան վերականգնման հետ։
Գիտնականների կարծիքով՝ սա վկայում է այն մասին, որ լաւ հանգստացած մասնակիցներն աւելի լաւ են կարողացել զսպել անցանկալի յիշողութիւնները, ֆունկցիա, որը կոչւում է «յիշողութեան ճնշում»։ Եւ հակառակը, այդ ֆունկցիան խախտւել է այն մասնակիցների ուղեղում, որոնք անքուն գիշեր էին անցկացրել։
News.am