Այլ

49 տարեկանից յետոյ ուղեղը մարմնին ստիպում է աւելի քիչ շարժւել

ԱՄՆ Հիւսիսարեւելեան համալսարանի գիտնականները ենթադրել են, որ ֆիզիկական ակտիւութեան տարիքային անկումը կապւած է ոչ միայն մկանային զանգւածի եւ շարժունակութեան կորստի, այլեւ ուղեղի ֆունկցիայի փոփոխութիւնների հետ։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Journal of Gerontology (JGeront)  բժշկագիտական  հանդէսում:

Գիտական ​​աշխատանքը հիմնւած է Քեմբրիջի ծերացման եւ նեարդաբանութեան կենտրոնի անցկացրած հետազօտութեան տւեալների վրայ, որին մասնակցել են 18-81 տարեկան կամաւորներ։ Գիտնականները պարզել են, որ ֆիզիկական ակտիւութեան կտրուկ անկումը սկսւում է մօտաւորապէս 49 տարեկանում։ Դա համընկնում է ուղեղի՝ ուշադրութեան եւ ինքնատիրապետման համար պատասխանատու որոշակի հատւածներում տեղի ունեցող փոփոխութիւնների հետ։ «Մենք յայտաբերեցինք, որ ուղեղը կարող է կանխատեսել ֆիզիկական ակտիւութեան նւազում»,-ասում է ֆիզիկական թերապիայի դոցենտ եւ յօդւածի համահեղինակ Թիմոթի Մորիսը։

Հետազօտողները կենտրոնացել են այսպէս կոչւած «ուշադրութեան ցանցի» վրայ՝ ուղեղի կառուցւածքների խմբի, որը ներառում է կղզեակի կամ կենտրոնական մասի (lobus insularis) եւ թիկնային առջեւի գանգուղեղային կեղեւը (cortex cingularis anterior): Այս գօտիները մեզ օգնում են կողմնորոշւել տարածութեան մէջ եւ վերահսկել իմպուլսիւ ռեակցիաները։ Տարիքի հետ այս հատւածների արդիւնաւէտութիւնը նւազում է, ինչն, ըստ գիտնականների, դժւարացնում է ֆիզիկական ակտիւութեան պահպանումը։

«Երբ մտնում էք տուն եւ ձեր հայեացքն ընկնում է բազմոցին, պէտք է ճնշէք նստելու աւտոմատ ցանկութեանը։ Տարիքի հետ այս «արգելակող վերահսկողութիւնը» թուլանում է, եւ հանգստանալու ցանկութիւնը յաղթում է»,-պարզաբանում է Մորիսը։ Հետազօտութեան հեղինակների կարծիքով՝ տարիքային անգործութեան նեարդային պատճառները հասկանալը կօգնի մշակել տարեց մեծահասակների ակտիւութիւնը սատարող ռազմավարութիւններ:

news.am

Related Articles

Back to top button