Այլ

Ուղեղի «փափուկ բիւրեղներ». Բացայայտւել է Ալցհայմերի հիւանդութեան հիմնական փուլը

Տոկիոյի Մետրոպոլիտէն համալսարանի գիտնականները կարեւոր քայլ են կատարել Ալցհայմերի հիւանդութիւնը հասկանալու ուղղութեամբ՝ դիմելով պոլիմերային ֆիզիկայի ուսումնասիրութիւններին։ Նրանք ուսումնասիրել են թաու սպիտակուցի մանրաթելերի՝ նէյրոնների քայքայման մէջ կարեւոր դեր ունեցող կառուցւածքների առաջացումը եւ յայտնաբերել, որ մանրաթելերը հանկարծակի չեն առաջանում։

Ուսումնասիրութեան արդիւնքները հրապարակւել են Science Direct ամսագրում։

Մինչեւ երկար ախտաբանական թելերի վերածւելը, թաու-սպիտակուցը նախ հաւաքւում է խոշոր փափուկ կլաստերների մէջ, որոնք նման են միջանկեալ կառոյցների, որոնք ձեւաւորւում են պոլիմերների բիւրեղացման ժամանակ։

Երբ հետազօտողները խզել են այս վաղ կլաստերները՝ մանրաթելերը դադարել են ձեւաւորւել։ Այս արդիւնքը խոստումնալից ուղի է բացում նէյրոդեգեներատիւ հիւանդութիւնների դէմ պայքարի նոր ռազմավարութիւնների համար։

Աշխատանքը ղեկավարել է պրոֆեսոր Ռէյ Կուրիտան։ Նրա թիմն օգտագործել է այնպիսի մեթոդներ, որոնք կիրառւում են այնպիսի ուսումնասիրութիւնների համար, որոնք ցոյց են տալիս, թէ ինչպէս են պոլիմերները անկանոն վիճակից անցնում կանոնաւոր բիւրեղային կառուցւածքների։ Սովորաբար, պոլիմերը բիւրեղ չի «կառուցում» շղթայով, այլ անցնում է փխրուն նախորդի փուլով։ Այս նմանութեամբ գիտնականներն ուսումնասիրել են թաու-սպիտակուցը լուծոյթում եւ պարզել, որ այն նոյնպէս սկզբում ձեւաւորում է ժամանակաւոր, փափուկ գոյացութիւններ, որոնց չափը կազմում է ընդամէնը մի քանի տասնեակ նանոմետր։ Դրանց գոյութիւնը հաստատւել է փոքր անկեան տակ ռենտգենեան ճառագայթների ցրման եւ ֆլուորեսցենտային մեթոդների միջոցով։

Յատկապէս կարեւոր է այն, որ այդ կլաստերները հնարաւոր է «քայքայել»։ Հետազօտողները փոխել են նատրիումի քլորիդի կոնցենտրացիան հեպարինի առկայութեամբ եւ պարզել, որ լիցքաւորւած իոնների մակարդակի բարձրացումը թուլացնում է հեպարինի հետ սպիտակուցի փոխազդեցութիւնը։ Էլեկտրաստատիկ «էկրանաւորումը» խոչընդոտում է մոլեկուլներին գտնել միմեանց եւ հաւաքւել, եւ ի վերջոյ, ֆիբրիլներ գրեթէ չեն առաջանում։

Հեղինակները կարծում են, որ միջամտութիւնը ամենավաղ, շրջելի փուլում կարող է դառնալ Ալցհէյմերի հիւանդութեան թերապիայի նոր ուղղութիւնը։ Այս մօտեցումը պոտենցիալ կիրառելի է նաեւ այլ հիւանդութիւնների համար, օրինակ՝ Պարկինսոնի հիւանդութեան դէպքում, որտեղ նոյնպէս առաջանում են ախտաբանական սպիտակուցային ագրեգատներ։

Related Articles

Back to top button