Journal of the American College of Cardiology. Երկարատեւ նստած եւ պառկած վիճակը կարող է մեծացնել սրտային հիւանդութիւնների եւ վաղաժամ մահւան վտանգը
Նոր ուսումնասիրութիւնը, որի արդիւնքները հրապարակւել են Journal of the American College of Cardiology ամսագրում զգուշացնում է, որ օրւայ ընթացքում մարդու նստած, կիսապառկած կամ պառկած վիճակում անցկացւած ժամանակը կարող է մեծացնել սրտային հիւանդութիւնների եւ վաղաժամ մահւան հաւանականութիւնը:
Հետազօտողները յայտնում են, որ աւելի քան 10 ու կէս ժամ նստակեաց ժամանակն էապէս կապւած է ապագայում սրտի անբաւարարութեան զարգացմամբ եւ սրտանօթային հիւանդութիւններից մահւան հետ, նոյնիսկ այն մարդկանց շրջանում, որոնք առաջարկւած քանակութեամբ ֆիզիկական վարժութիւններ են կատարում։
«Մեր բացայայտումները հաստատում են սրտանօթային հիւանդութիւնների հաւանականութիւնը նւազեցնելու համար նստակեաց ժամանակը կրճատելու անհրաժեշտութիւնը, քանի որ օրական 10,6 ժամը պոտենցիալ առանցքային շէմ է, որը կապւած է աւելի բարձր սրտի անբաւարարութեան եւ սրտանօթային մահացութեան հետ»,- ասում է Բոստոնի Մասաչուսեթսի հիւանդանոցի ընդհանուր պրովիլի սրտաբան, հետազօտութեան համահեղինակ դոկտոր Շաան Խուրշիդը։.
Այս բացայայտումները համահունչ են մէկ այլ հետազօտութեան հետ, որը վերջերս հրապարակւել է PLOS One ամսագրում, ըստ որի մարդկանց սրտի ծերացումը արագանում է, աւելի շատ ժամանակ նստած անցկացնելուն համընթաց: Դա տեղի է ունեցել նոյնիսկ ֆիզիկական ակտիվութեան օրական խորհուրդների նւազագոյն կատարման ժամանակ:
Նոր հետազօտութեան համար գիտնականները վերլուծել են գրեթէ 90,000 մարդկանց տւեալները, որոնք մասնակցում էին Մեծ Բրիտանիայի Biobank հետազօտական նախագծին: Մասնակիցների միջին նստակեաց ժամանակը կազմել է օրական 9,4 ժամ։ Հետազօտողները պարզել են, որ միջինը ութ տարւայ ընթացքում հիւանդների շուրջ 5%-ի մօտ սրտի անկանոն բաբախիւն է գրանցւել, 2%-ի մօտ՝ սրտի անբաւարարութիւն, 2%-ի մօտ սրտի կաթւած է եղել, իսկ մօտ 1%-ը մահացել է սրտանօթային հիւանդութիւններից:
News.am