Ինչպէս է Ադրբեջանը Կենտրոնական Ասիայում ու Հարաւային Կովկասում դիրքաւորւում որպէս առանցքային երկիր՝ խորացնելով թուրքական ազդեցութիւնը

«ԱԼԻՔ» – Նոյեմբերի 14-ին ռեգիոնալ հաղորդուղիների բացմանը Երեւանում անդրադարձել է Նիկոլ Փաշինեանը, Բաքւում՝ Իլհամ Ալիեւը։
«Խաղաղութեան խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցութիւնները» խորագրով համաժողովի ընթացքում Փաշինեանն ասաց, որ TRIPP նախագծի իրագործման առաջին գործողութիւնը, որ «մենք կանենք եւ աշխատում ենք դրա վրայ», որը նաեւ պիտի ցոյց տայ, թէ ինչպէս է իրականացւելու նախագիծը, կանոնակարգման գրաւոր բազա ստեղծելն է։
«Այդ բազայի ստեղծման առաջին փուլը Վաշինգտոնի հռչակագիրն է, որտեղ ընդհանուր շրջանակը նկարագրւած է»,- նշել է Փաշինեանը։
Ըստ նրա՝ յաջորդիւ ԱՄՆ-ի ու ՀՀ-ի կողմից համատեղ իրաւաբանական անձի ստեղծումն է լինելու, որը կը լինի ՀՀ-ԱՄՆ համատեղ հիմնադրւած ընկերութիւն, տնօրէնների խորհուրդ, որը կը կառավարի ընկերութիւնը, որում ներկայացւած կը լինեն Հայաստանը եւ Նահանգները, իսկ ռազմավարական նշանակութեան հարցերի վերաբերեալ Հայաստանը կունենայ վճռական ձայնի իրաւունք:
Նա նշել է, որ փորձագիտական շրջանում քննարկւում է հետեւեալ հարցը՝ արդեօք ՀՀ որեւէ ինստիտուտ որեւէ սահմանափակում ունենալո՞ւ է ՀՀ օրէնսդրութեամբ նախատեսւած այդ տարածքների վերաբերեալ, որով անցնելու է TRIPP-ը։
Փաշինեանի խօսքով՝ սահմանափակում չի լինելու։ Նա յաւելել է՝ կառուցապատման իրաւունքի ժամկէտի աւարտից յետոյ հողի վրայ գտնւող գոյքը դառնում է ՀՀ սեփականութիւնը, իսկ հողը միշտ է ՀՀ սեփականութիւնը։ Այժմ, նրա ներկայացմամբ՝ քննարկւում է կառուցապատման իրաւունքի 2 սցենար՝ 99 եւ 49 տարւայ սցենարը։
Փաշինեանը ժամկէտը պայմանաւորել է ներդրումներով: «Եթէ մենք ասենք, որ 5 տարով ենք տալիս այդ հողը, ոչ մէկը ներդրում չի անի, որովհետեւ անիրատեսական է 5 տարում այդ ներդրումը յետ ստանալ»,- ասել է նա:
Իսկ Բաքւում մեկնարկած «Յատուկ ծառայութիւնների դերը միջազգային տրանսպորտային ուղիների անվտանգութեան ապահովման գործում» միջազգային համաժողովի ընթացքում Ալիեւը յայտարարել է, որ թուրքական պետութիւններն առաջատար դեր են խաղում Արեւելք-Արեւմուտք եւ Հիւսիս-Հարաւ միջանցքների զարգացման գործում։ Նրա խօսքով, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը կարեւոր դեր կը խաղայ մեր երկրների միջեւ ուղիղ եւ անխոչընդոտ կապերի հաստատման գործում։
Դիմելով Բաքւում մեկնարկած մասնակիցներին՝ նա շարունակել է. «Այս նախագծի իրականացման արդիւնքում բեռնափոխադրումների ծաւալի աճ կարձանագրւի, ինչը զգալիօրէն կը մեծացնի տարածաշրջանի մրցունակութիւնը»։ Ալիեւն ուղերձում ընդգծել է, որ «մեր տրանսպորտային հանգոյցների կարեւորութեան աճը դրանք ապակառուցողական ուժերի թիրախ է դարձնում»։
«Մենք այս տրանսպորտային ուղիները դիտարկում ենք ոչ միայն՝ որպէս տնտեսական բարգաւաճման աղբիւր, այլեւ որպէս թուրքական պետութիւնների քաղաքական, մշակութային եւ անվտանգութեան ոլորտներում աւելի սերտ ինտեգրման կարեւոր հիմք»,- յայտարարել է Ալիեւը։
Ստացւում է, որ վաշինգտոնեան պայմանաւորւածութիւններից յետոյ եւս ադրբեջանական կողմը չհրաժարւեց օգտագործել, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք» տերմինն Ադրբեջանը Նախիջեւանին կապող երթուղու վերաբերեալ։ Միակ տարբերութիւնն այն է, որ ՀՀ տարածքով գցւելիք ճանապարհը կունենայ առանձին անւանում՝ TRIPP, որը երբեմն նաեւ ադրբեջանական որոշ պաշտօնեաներ են կիրառում իրենց յայտարարութիւններում։ Սակայն ընդհանուր առմամբ ողջ հաղորդակցական ուղին Ալիեւն անւանում է «Զանգեզուրի միջանցք» ու դա դիտարկում՝ որպէս թուրքական պետութիւնների աւելի լայն ինտեգրման հիմք։
Ռուս թուրքագէտ Վիկտոր Նադէին-Ռաեւսկին 168.am-ի հետ զրոյցում ասել է, որ Ադրբեջանին յաջողւեց պահպանել երթուղու ադրբեջանական, երկար քննարկւած անւանումը, իսկ Հայաստանին յաջողւեց ՀՀ-ով անցնող երթուղու մասին տալ այլ անւանում, եւ, թէ որքանով է սա գոհացուցիչ, պէտք է որոշեն իրենք կողմերը։ Սակայն վերլուծաբանը գտնում է, որ շատ աւելի էական է աւելի լայն գործընթացները հասկանալ՝ իմանալու համար, թէ այդ երթուղին ում շահերն է ամրապնդելու։
Ըստ նրա՝ վերջին տարիներին Ադրբեջանը տեսանելիօրէն ուժեղացրել է իր ներգրաււածութիւնն ու ինտեգրացիան թուրքական երկրների շրջանակում, ու եթէ նախկինում դրանք առաւելապէս մշակութային բնոյթ էին կրում, ապա այժմ դրանց փորձում են հաղորդել քաղաքական, տնտեսական եւ անվտանգային բովանդակութիւն։ Ուստի, նրա խօսքով, Թուրքալեզու պետութիւնների կազմակերպութեան (ԹՊԿ) հարթակը վերածւում է մի ուղղութեան, որտեղ Բաքուն ձեւաւորում է իր նոր արտաքին քաղաքական առաջնահերթութիւնները։
«Եւ այստեղ յստակ է, որ աշխարհաքաղաքական վերջին զարգացումները՝ Ռուսաստանի ազդեցութեան թուլացումը, Մերձաւոր Արեւելքում լարւածութիւնը, Իրանի շուրջ իրավիճակը եւ Արեւմուտք-Չինաստան մրցակցութիւնն Ադրբեջանին տալիս են հնարաւորութիւն գործելու աւելի ազատ։ Բաքուն ակտիւօրէն օգտւում է դրանից՝ խորացնելով իր կապերը Թուրքիայի եւ Կենտրոնական Ասիայի պետութիւնների հետ, որի նպատակն է նւազեցնել կախւածութիւնը աւանդական արտաքին քաղաքական գործընկերներից՝ ստեղծելով նոր անվտանգային ու տնտեսական հնարաւորութիւններ, ամրապնդւած դիրքեր։ Եւ գաղտնիք չէ, որ այս գործընթացի ուժեղ առանցքը մնում է Թուրքիայի հետ յարաբերութիւնները, որը շարունակում են խորանալ «Մէկ ազգ, երկու պետութիւն» յայտնի ձեւաչափին համահունչ»,- ասաց Վիկտոր Նադէին-Ռաեւսկին՝ շարունակելով, որ Թուրքիան Ադրբեջանին դիտում է՝ որպէս յենակէտ Կովկասում, իսկ Ադրբեջանը Թուրքիային՝ որպէս ազդեցութիւնը խթանող ուժ թուրքական աշխարհում։
Այս տանդեմը, ձեւաչափը եւ դրա ներքոյ դրւած նպատակը, նրա որակմամբ՝ լաւ աշխատեց, որից յետոյ ակտիւ աշխատանք է սկսւել Կենտրոնական Ասիայի ուղղութեամբ։
«Բաքուն նկատելիօրէն ինտենսիւացրել է կապերը Ղազախստանի, Ուզբեկստանի, Կիրգիզստանի, Թուրքմենստանի հետ միջանցքների զարգացման, էներգետիկ ու տրանսպորտային ենթակառուցւածքների համակարգման ոլորտում։ Ադրբեջանը ձգտում է դառնալ այս երկրների համար դէպի Եւրոպա տանող հիմնական կապող օղակ, բացի այդ, ունի առաջնորդող երկրի յաւակնութիւններ թուրքական ազդեցութեան տարածքում։ Ադրբեջանը դիրքաւորւում է՝ որպէս ազդեցութեան համակարգող։ Եւ այս ամէնի կոնտեքստում ապաշրջափակման գործընթացը Բաքուն, բնականաբար, դիտարկում է՝ որպէս թուրքական շահերն առաջ մղելու հնարաւորութիւն։
Պատահական չէ, որ Բաքուն սկսել է հէնց այսպէս դիրքաւորւել այս փուլում, փորձում են ամէն բան նախապատրաստել, դիրքաւորւել իրենց պրոյեկտներն առաջ մղելու համար։ Իհարկէ, այս ամէնի յաջողութիւնը կախւած է նրանից, թէ ինչպիսի քաղաքականութիւն կը շարունակի Հայաստանը, Ռուսաստանն ու Իրանը։ Եթէ նրանք աւելի պասիւ դիրքաւորւեն, չփորձեն այլընտրանքային մասնակցութիւն ունենալ ռեգիոնում, ապա թուրքական ազդեցութիւնը կամրապնդւի։ Ուստի ես ռեգիոնալ հաւասարակշռութեան տեսանկիւնից կարեւորում եմ Իրանի ու Ռուսաստանի մասնակցութիւնը»,- ասել է վերլուծաբանը։
Զրոյցը՝ ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ



