Հայաստան - ԱրցախՔաղաքական

Փաշինեանի ձեռքերը կը թաթախւեն արեան մէջ, եթէ ֆրանսահայը մահանայ Երեւանի օդանաւակայանում

Ֆրանսիահայ լրագրող Լէօ Նիկոլեանը 16 օր շարունակ հացադուլ է անում Երեւանի օդանաւակայանում՝ Հայաստան մուտք գործելու արգելքից յետոյ։

57-ամեայ Նիկոլեանը խիզախ յետաքննող լրագրող է, որը բազմաթիւ վէճեր է առաջացրել կարեւոր անձանց մասին իր բացայայտումների պատճառով: Նա եղել է Արցախի հակամարտութեան եւ Իսրայէլ-Լիբանան սահմանին վերջերս տեղի ունեցած բախումների առաջնագծում, վիրաւորւել է երկու հակամարտութիւնների ժամանակ:

Անցած 30 տարիների ընթացքում Նիկոլեանը տասնեակ անգամ այցելել է Հայաստան ու Արցախ եւ հարցազրոյցներ ունեցել բարձրաստիճան պաշտօնեաների հետ: Այնուամենայնիւ, այն, ինչին նա բախւեց երկու շաբաթ առաջ Երեւանի օդանաւակայանում իր վերջին այցի ժամանակ, բոլորովին անսպասելի էր եւ ցնցող:

Ապրիլի սկզբին Նիկոլեանն այցելել էր Հայաստանի Տաւուշի մարզի Ոսկեպար գիւղ եւ հարցազրոյց ունեցել Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանի հետ, որը ղեկավարում է ժողովրդական շարժումը՝ ընդդէմ վարչապետ Նիկոլ Փաշինեանի վերջերս կայացրած որոշման՝ յանձնելու չորս հայկական սահմանային գիւղերը Ադրբեջանին:

Ապրիլի վերջին, երբ Նիկոլեանը փորձեց վերադառնալ Հայաստան, Երեւանի օդանաւակայանում ներգաղթի ծառայութեան աշխատակիցները նրան ասացին, որ իրեն թոյլ չի տրւում մուտք գործել երկիր: Հարցին, թէ ինչու, նրան պատասխանեցին, որ նա «վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգութեանը»: Սա ծիծաղելի մեղադրանք է, քանի որ Նիկոլեանը պրոֆեսիոնալ լրագրող է, որը հայկական որեւէ օրէնք չի խախտել եւ յանցագործութիւն չի կատարել:

Ցաւօք, Նիկոլեանը միակ սփիւռքահայը չէ, ում մուտքն արգելւած է Հայաստան: Մի քանի այլ անձանց եւս Երեւանի օդանաւակայանում վայրէջքից յետոյ ասել են, որ իրենց թոյլ չի տրւում այցելել Հայաստան: Նրանցից ոչ մէկը ոչ մի անօրինական կամ յանցաւոր բան չէր արել, որ նման կոշտ պատժի արժանանար: Բացի այդ, եթէ նրանք որեւէ օրէնք են խախտել կամ վտանգ են ներկայացնում Հայաստանի անվտանգութեան համար, նրանց պէտք է ձերբակալէին օդանաւակայանում եւ կանգնէին դատարանի առջեւ՝ նրանց ճակատագիրը որոշելու համար։ Որեւէ պաշտօնատար անձ, անկախ իր կոչումից եւ պաշտօնից, իրաւունք չունի դատական իշխանութեան անունից կամայական որոշումներ կայացնել։

Բացի այդ, վարչապետ Փաշինեանը իրաւունք չունի որոշելու, թէ ով կարող է մուտք գործել երկիր: Հայաստանը նրա առանձնատունը չէ: Նա չի կարող որոշել, թէ ում թոյլ տալ կամ ում թոյլ չտալ: Հայաստանը աշխարհի բոլոր 10 միլիոն հայերի հայրենիքն է, եւ ոչ մի պաշտօնեայ իրաւունք չունի օրինական պատճառի բացակայութեան դէպքում արգելել նրանցից որեւէ մէկի մուտքը երկիր:

Նիկոլեանի եւ մի քանի այլ սփիւռքահայերի մուտքը Հայաստան արգելւած է միայն այն պատճառով, որ նրանք համարձակւել են քննադատել Փաշինեանի պարտւողական քաղաքականութիւնը։ Վարչապետը բազմիցս յայտարարել է, որ ժողովրդավար է: Սակայն, խօսքի ազատութիւնը ժողովրդավարութեան հիմնարար սկզբունքներից մէկն է, որը յաճախ խախտւում է Հայաստանի իշխանութիւնների կողմից, որոնք երկիրը վերածել են միանձնեայ  կառավարման՝ բռնապետութեան:

Իրավիճակն աւելի վատթարացաւ, երբ Մուրադ Փափազեանին, Փաշինեանի ֆրանսահայ յայտնի քննադատին, թոյլ չտւեցին մուտք գործել Հայաստան, եւ նա հայց ներկայացրեց հայկական դատարան, որն էլ ապօրինի համարեց կառավարութեան արգելքը: Քանի որ հայ պաշտօնեաները 30 օր ժամանակ ունէին բողոքարկելու աւելի ցածր ատեանի դատարանի որոշումը, ոչ ոք չգիտէր, թէ արդեօք նրանք նման բողոք կը ներկայացնեն: Բարեբախտաբար, երբ Փաշինեանն այցելեց Փարիզ այդ 30 օրերի ընթացքում, նախագահ Էմմանուէլ Մակրոնը հանդիպեց Փափազեանի եւ Փաշինեանի հետ եւ յորդորեց վարչապետին հրաժարւել Փափազեանի հետապնդումից: Փաշինեանը դժկամութեամբ համաձայնեց չեղարկել բողոքը, բայց ամօթալի էր, որ օտար երկրի ղեկավարը ստիպւած էր միջամտել հայկական ներքին գործերին:

Մինչդեռ, Նիկոլեանը վերջին 16 օրւայ ընթացքում հիւծւում է Երեւանի օդանաւակայանում: Մեր բազմաթիւ հեռախօսազրոյցների ընթացքում նա ինձ ասաց, որ կը շարունակի իր հացադուլը, նոյնիսկ եթէ դա յանգեցնի մահւան: Նրա կեանքը վտանգւած է, քանի որ նա մի քանի լուրջ հիւանդութիւններ ունի։ Ժամանակ առ ժամանակ տեղի բուժանձնակազմը գալիս է նրա ճնշումը չափելու եւ մի քանի ներարկումներ անելու։ Նրան թոյլ չեն տալիս դուրս գալ օդանաւակայանից որեւէ բուժօգնութեան համար: Վերջին օրերին շտապօգնութեան մեքենայ էին ուղարկել օդանաւակայան՝ ստուգելու նրա արեան ճնշումը, սրտի աշխատանքը եւ եւս մէկ ներարկում անելու։

Նիկոլեանի վիճակն անորոշ է: Նա ինձ ասում է՝ քանի որ ինքը գտնւում է օդանաւակայանի միջազգայնօրէն պահպանւող «չէզոք գօտում», հայ պաշտօնեաները չեն կարող որեւէ գործողութիւն ձեռնարկել իր դէմ: Վերջիններս փորձել են համոզել նրան նստել Փարիզ մեկնող ինքնաթիռը, ինչից նա հրաժարւել է։ Նրան նաեւ սենդւիչներ եւ ջուր են առաջարկել, որոնք նա մերժել է:

Նիկոլեանն ինձ ասաց, որ մտադիր է սովամահ լինել Երեւանի օդանաւակայանում: Նա կարծում է, որ իր մահն ամօթալի կը լինի վարչապետի համար: Ես համոզւած չեմ, որ նա ճիշտ է: Կարծում եմ, որ դա խայտառակութիւն կը լինի Հայաստանի Հանրապետութեան հեղինակութեան համար:

Երեւանում Ֆրանսիայի դեսպանատունը, հակառակ իր դիւանագիտական պարտաւորութիւններին, հրաժարւել է այցելել սեփական քաղաքացուն՝ տեղեկանալու նրա վիճակի մասին։ Սա Ֆրանսիայի դեսպանի վրէժխնդրական դիրքորոշումն է, քանի որ Նիկոլեանը լրատւամիջոցներով բացայայտել էր դեսպանի սկանդալները: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարութիւնը նոյնպէս հետաքրքրութիւն չի ցուցաբերել Նիկոլեանի բարօրութեան նկատմամբ, քանի որ նա նախկինում հրապարակաւ քննադատել է Ֆրանսիայի նախագահին:

Չնայած Նիկոլեանն իր կոշտ քննադատութիւնների եւ բիրտ անհատականութեան պատճառով հակադրւած է բազմաթիւ անհատների եւ կազմակերպութիւնների դէմ, հայերը պարտաւոր են անել ամէն ինչ, որպէսզի հրապարակայնացնեն նրա ծանր վիճակը եւ փրկեն իրենց հայրենակցի կեանքը, նախքան նրա սովամահ լինելը:

Ես կոչ եմ անում Հայաստանի քաղաքացիներին բողոքի ցոյցեր անցկացնել Երեւանում վարչապետի շէնքի դիմաց՝ պահանջելով, որ Նիկոլեանին թոյլատրւի մուտք գործել Հայաստան: Բողոքի ցոյցեր պէտք է կազմակերպւեն նաեւ Երեւանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց:

Ֆրանսահայերը պէտք է բողոքի ցոյցեր անցկացնեն Փարիզում՝ արտաքին գործերի նախարարութեան եւ նախագահական պալատի առջեւ՝ պահանջելով իրենց միջամտութիւնը Հայաստանի կառավարութեանը:

Եթէ Նիկոլեանը մահանայ Երեւանի օդանաւակայանում իր երկարատեւ հացադուլի պատճառով, վարչապետ Փաշինեանի ձեռքերը կը թաթախւեն արեան մէջ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնինը՝ նոյնպէս։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button