ՄիջազգայինՔաղաքական

Բրիւսէլի ցուցումը. ԵՄ թեկնածու երկրները չպէտք է ներկայ գտնւեն Մոսկւայում կայանալիք ռազմական շքերթին

«ԱԼԻՔ» – Եւրամիութեան անդամակցութեան թեկնածու երկրներին հասկացրել են, որ նրանք չպէտք է մասնակցեն մայիսի 9-ին Մոսկւայում կայանալիք զօրահանդէսին: Այս մասին երէկ Լիւքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման մեկնարկից առաջ յայտարարել է Լատւիայի արտգործնախարար Բայբա Բրաժէն։ Այս մասին տեղեկացնում է DW-ի ռուսական ծառայութիւնը։

«Երէկ (ապրիլի 14-ին, ԽՄԲ.) մենք զբաղւած երեկոյ ունեցանք՝ ընթրիք արեւմտաբալկանեան գործընկերների հետ… Շատ քննարկումներ եղան արժէքների, ընդհանուր արտաքին եւ անվտանգութեան քաղաքականութեան համակարգման, այդ թւում՝ պատժամիջոցների մասին: Այդ թւում՝ ԵՄ անդամ երկրների շատ յստակ ցուցումը թեկնածու երկրներին՝ չմասնակցել Մոսկւայում մայիսի 9-ի կայանալիք շքերթին, չկատարել նման ուղեւորութիւններ, քանի որ դա չի համապատասխանի ԵՄ արժէքներին»,- ասել է Բրաժէն։

Ինչպէս հաղորդում է DW-ի թղթակիցը, մամուլի ասուլիսի ժամանակ դա հաստատել է նաեւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգութեան քաղաքականութեան գերագոյն ներկայացուցիչ Կայա Կալլասը։ «Մենք թեկնածու երկրներին հասկացրել ենք, որ նրանք չպէտք է ներկայ գտնւեն մայիսի 9-ին Մոսկւայում կայանալիք ռազմական շքերթին»,- ասել է Կալլասը։

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլաւ Սիկորսկին, իր հերթին, յայտարարել է, որ Ուկրաինայի արտգործնախարար Անդրէյ Սիբիգան, իր եւ Կայա Կալլասի հետ համաձայնութեամբ, նախարարներին հրաւիրել է մայիսի 9-ին Լւովում կայանալիք հանդիպմանը: Կարծում եմ՝ դա հիանալի գաղափար է ցոյց տալու, որ Եւրոպան Ուկրաինայի, ոչ թէ Պուտինի կողքին է՝ Մոսկւայում։ Ես համաձայն եմ նաեւ Կայա Կալլասի հետ, որ անդամ պետութեան կամ թեկնածու երկրի ցանկացած ներկայացուցչի ներկայութիւնը Մոսկւայում խայտառակութիւն կը լինի այդ պետութեան համար»,- ընդգծել է նա։

Related Articles

Back to top button