Թուրքական պետութիւնների կազմակերպութեան հռչակագրում խօսւում է այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի զարգացման մասին

«ԱԼԻՔ» – Ադրբեջանում տեղի ունեցած Թուրքական պետութիւնների կազմակերպութեան 12-րդ գագաթնաժողովի շրջանակում ստորագրւել է Գաբալայի հռչակագիրը։ Փաստաթուղթն ընդունւել է կազմակերպութեան անդամ երկրների ղեկավարների հանդիպումից յետոյ։ Հաղորդում է News.am-ը:
Ադրբեջանի արտգործնախարար Ջէյհուն Բայրամովը յայտարարել է, որ հռչակագիրը վերահաստատում է թուրքական աշխարհում համերաշխութեան ամրապնդումը, փոխադարձ վստահութեան աճը եւ հաւատարմութիւնը ինքնիշխանութեան, անկախութեան եւ պետականութեան սկզբունքներին։
Փաստաթուղթն ընդգծում է կազմակերպութեան դերը որպէս տարածաշրջանային խաղաղութեան եւ բազմակողմ համագործակցութեան խթանման կառուցողական հարթակ եւ նշում է համատեղ գործողութիւնների կարեւորութիւնը այնպիսի մարտահրաւէրների դէմ, ինչպիսիք են ապատեղեկատւութիւնը, կիբերսպառնալիքները եւ կլիմայի փոփոխութիւնը։
Բացի դրանից, ըստ Բայրամովի, փաստաթղթում անդրադառնում է նաեւ այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ին։
«Առաջնորդները նշել են Միջին միջանցքի միջազգային տրանսպորտային երթուղու, այդ թւում՝ Զանգեզուրի միջանցքի ռազմավարական նշանակութիւնը՝ ընդգծելով, որ այն զգալիօրէն կը նպաստի թուրքալեզու պետութիւնների միջեւ կապերի ամրապնդմանը, առեւտրաշրջանառութեան աւելացմանը եւ ներտարածաշրջանային տնտեսական համագործակցութեան զարգացմանը։ Պետութիւնների եւ կառավարութիւնների ղեկավարները վերահաստատել են նաեւ Միջին միջանցքի անդամ երկրների միջեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցերի վերաբերեալ ընդհանուր դիրքորոշումների մշակման կարեւորութիւնը»,- յայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։