Իրանագիտութեան հիմնարկի, Արտակ Մանուկեան ազգային թանգարանի եւ «Նեգար» հրատարակչութեան նախաձեռութեամբ՝ Տեղի ունեցաւ «آبرنگسازان ارمنی ایران» (Իրանի հայ գեղանկարիչների) գրքի շնորհանդէսը

«ԱԼԻՔ» – «آبرنگسازان ارمنی ایران» (Իրանի հայ գեղանկարիչների) գրքի շնորհանդէս պատճառը հանդիսացաւ, որպէսզի Իրանագիտութեան հիմնարկում գնահատւի եւ ներկայացւի հայ-իրանական մշակութային ընդհանրութիւնները եւ Իրանում հայ համայնքի բազմաոլորտ ներդրումները:
Միջոցառումը կազմակերպւել էր Իրանագիտութեան կենտրոնի, Արտակ Մանուկեանի անւան ազգային թանգարանի եւ գրքի հրատարակիչ «Նեգար» հրատարակչութեան նախաձեռնութեամբ, հոկտեմբերի 7-ի երեկոյեան՝ Իրանագիտութեան կենտրոնում:
Բացման եւ ողջոյնի խօսքով, ինչպէս նաեւ հաղորդավարութեամբ հանդէս եկաւ Արփի Ալավերդեանը, պարսկերէնով ասմունքելով Պարոյր Սեւակից մի բանաստեղծութիւն: Իր ելոյթի ընթացքում հաղորդավարը ընդգծեց, որ հայերը եւ իրանցիները ունեն բազմաթիւ ընդհանրութիւններ՝ ծէսերի, սովորութիւնների ու մշակութային ասպարէզներում, եւ խաղաղ գոյակցութեան արդիւնքում ստեղծւել են արժէքաւոր կոթողներ:
Իր ելոյթի ընթացքում նա նշեց, որ հայերի եւ իրանցիների յարաբերութիւնները պատմական են հէնց երկու ազգերի պատմութեան վաղեմիութեամբ: Նա նշեց, որ իրանահայերի արդի արւեստը անբաժանելի մասնիկն է Իրանի ժամանակակից արւեստի: Նա անդրադարձաւ, գրքում տեղ գտած հայ գեղանկարիչների գործերից կազմակերպւած ցուցահանդէսին եւ հրաւիրեց առաջին բանախօսին:
Օրւայ առաջին բանախօսն էր Իրանագիտութեան հիմնադրամնի նախագահ դոկտ. Ալի Աքբար Սալեհին: Իր ելոյթի ընթացքում դոկտ. Սալեհին ընդգծեց, որ նման միջոցառման նպատակն է, ներկայացնել այն հայ հայրենակիցներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել երկրի մշակոյթի, գեղարւեստի, գիտութեան եւ հասարակական աշխատանքների բնագաւառներում: Դոկտ. Սալեհին յաւելեց. «Այս միջոցառումը ներկայացնում է այն գեղեցիկ խաղաղ գոյակցութիւնը, որը դարեր շարունակ համարւել է այս երկրի հոգեմտաւոր կապիտալը: Իրանը մեր բոլորի միասնական օջախն է, որը միաձոյլ ծիածանն է տարբեր ազգութիւնների ու կրօնների: Այս դարաւոր երկիրը ոչ միայն աշխարհագրական տարածք է, այլեւ մի կենդանի քաղաքակրթութիւն: Քաղաքակրթութիւն, որի գոյատեւման գաղտնիքը հէնց իր մշակութային ու քաղաքակրթական բազմազանութեամբ ու խաղաղ գոյակցութեամբ է մեկնաբանւում: Իրանահայ համայնքը, որպէս ամուր ու հաստատակամ մի սիւն եւ ստեղծագործ ընթացք՝ անբաժանելի մասնիկն է այս վաղեմի քաղաքակրթութեան: Մի խօսքով, հայերը ոչ թէ հիւրեր են Իրանում, այլ՝ ընտանիքի տան անդամը: Պատմութիւնը վկան է այս անքակտելի կապի»:
Դոկտ. Սալեհին կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանում հայկական մշակութային կոթողների, ինչպէս Ս. Թադէոս Առաքեալի վանքին եւ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքին եւ ընդգծեց, որ դրանք միայն մշակութային կոթողներ չեն, այլ համարւում են երկու ժողովուրդների անքակտելի կապերի վկաները: Նա ընդգծեց, որ իրանահայութեան դերը չի սահմանափակւում միայն անցեալով եւ նրանք համարւում են բաբախուն զարկերակ, որոնք իրենց առաջատար ու անժխտելի ներդրումն են ունեցել Իրանի արդի պատմութեան մէջ եւս: Ինչպէս առաջին տպարանի հիմնադրման, մամուլի, երաժշտութեան, լուսանկարչութեան, կինոյի, արւեստի, բարերարութեան, տնտեսութեան, արհեստների ու արւեստների, գիտութեան ու հասարակական բազմազան ոլորտներում: Նա ընդգծեց. «Իրանագիտութեան կենտրոնը, որպէս գիտահետազօտական մի կենտրոն լաւատեղեակ է իրանահայութեան անմնացորդ դերակատարութեան մասին եւ բարձր գնահատելով այն համոզւած ենք, որ հայ ժողովրդի հարուստ պատմութիւնն ու մշակոյթը միաձուլւած է իրանական պատմութեանը եւ մշակոյթին եւ Իրանը ճանաչելը առանց նրանց ճանաչելը կատարեալ չի լինելու: Մենք այսօր ի մի ենք եկել ոչ միայն մեծարելու հայութեանը, այլ՝ համախմբւել ենք մեծարելու մեր հաւաքական ինքնութիւնը: Իրանահայութիւնը սէր է տածել այս երկրի նկատմամբ, չի խնայել իր ջանքը երկրի վերելքի համար՝ ծառայելով Իրանին, եւ Իրանը եւս նրանց իր ջերմ գրկում է ընդունել: Այս երկիրը մեր բոլորի տունն է եւ յուսանք որ բազմազանութեամբ հանդերձ այս միասնականութիւնը, որը Իրանի պատմական քաղաքակրթութեան պարծանքներից է ընդմիշտ կը գոյատեւի»:
Օրւայ բանախօսներից էր Իրանում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Յակոբեանը: Իր ելոյթի ընթացքում դեսպանը կարեւորութեամբ ընդգծեց իրանահայութեան դերը Իրանում՝ նշելով, որ այդ ներդրումը ոչ միայն իր ուրոյն դերն է ունեցել բարեկամ Իրանի մշակութային ու գիտական կեանքում, այլեւ անժխտելի նշանակութիւն է ունեցել Իրան-Հայաստան յարաբերութիւնների գծով: Դեսպանը գնահատանքով անդրադարձաւ Իրանի կողմից իրանահայութեան նկատմամբ դրսեւորւած բարի կամեցողութեանը, որի վառ ապացոյցը համարեց Իրանում հայկական պատմամշակութային կոթողների գրանցումը ԻՒՆԵՍԿՕ-ում, եւ Իրանի տածած ուշադրութիւնը երկրում հայկական կառոյցների նկատմամբ, որը համարեց խաղաղ գոյակցութեան լաւագոյն օրինակը միջազգային ասպարէզում:
Իր խօսքը փոխանցեց նաեւ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը կարեւորութեամբ անդրադարձաւ հայ եւ իրանցի ժողովրդի դարաւոր խաղաղ գոյակցութեանն ու փոխյարաբերութեանը եւ նշեց. «Իրանի հետ կապերի հէնց առաջին իսկ օրւանից իրանահայերը այս երկրում ոչ թէ իրենց համարել են օտարերկրացիներ, այլեւ Իրանի մեծ ընտանիքի անդամը, եւ չեն խնայել իրենց կարելին երկրի վերելքի եւ տարածքային ամբողջականութեան պահպանման ճամբին»: Պատգամաւորն ընդգծեց, որ Իրանում, հայերը բազմաթիւ բնագաւառներում եղել են առաջինները, ինչպէս Իրանի աստղաֆիզիկայի մայրը՝ Ալենուշ Տէրեանը, Իրանի ռոբատիկի հայրը՝ Կարօ Լուկասը, կամ տպագրութեան ու արւեստի ոլորտներում:
Իր ելոյթի ընթացքում պատգամաւորը անդրադառնալով մամուլի ոլորտում իրանահայութեան դերակատարութեանը նշեց, որ Իրանում լոյս տեսնող օրաթերթերից երկրորդն է համարւում «ԱԼԻՔ» օրաթերթն իր 94-ամեայ կենսագրութեամբ: Նա նշեց որ անցեալ դարերում եւս իրանահայութիւնը առեւտրի ոլորտում իր անմնացորդ ներդրումը բերելով՝ դարձել է կամուրջ Իրանի եւ արտասահմանի առեւտրական կապերի զարգացման բնագաւառում: Նա նաեւ անդրադաձաւ Իրանի մարզական ու մշակութային երկնակամարում այն հայորդիներին, որոնք պարծանք են հանդիսացել ոչ միայն իրանահայութեան համար, այլ, նաեւ Իրանի, եւ բազմիցս է նրանց շնորհիւ Իրանի դրօշը ծածանւել միջազգային հարթակներում: Արա Շահվերդեանը ընդգծեց, որ այսօրւայ բախումներով լի աշխարհում, Իրանը լաւագոյն օրինակն է ազգերի եւ կրօնների խաղաղ գոյակցութեան: Նա աւելացրեց. «Իրանը մեզ համար լոկ մի քարտէզային անւանում չէ, այլեւ կենդանի հոգի է, որը դրոշմւած է մեր սրտերում»:
Միջոցառմանը ելոյթ ունեցաւ նաեւ Ամիրքաբիր համալսարանի էլետկրաէնէրգիայի ամբիոնի դասախօս, եւ աշխարհի մէկ տոկոս գիտնականների ցուցակում իր ուրոյն տեղը զբաղեցնող պրոֆ. Գէորգ Կարապետեանը: Պրոֆեսորը գիտական մեկնաբանութեամբ ներկայացրեց Իրանում հայ ժողովրդի տարբեր բնագաւառներում ունեցած ներդրումերի ազդեցիկութիւնը եւ ընդգծեց, որ ներդրումները բազմազան ու խորքային են եղել: Նա նշեց, որ իրանահայութեան ներդրումները լաւապէս են ընկալւել եւ հիմքը դրել փոխադարձ մի գործակցութեան, որը համարւում է յաջողութեան երաշխիքը:
Բանախօսներից էր Իրանցի Շահնամէագէտ եւ համալսարանի դասախօս դոկտ. Ջալալէդդին Քազազին, ով դիւցազներգութիւնների ներկայացման ընդմիջից, վերհանեց իրանցի եւ հայ ժողովրդի պատմամշակութային ընդհանրութիւնները:
Խօսք ունեցաւ նաեւ համալսարանի դասախօս, գեղանկարիչ, արւեստագէտ, ճարտարապետ, դոկտ. Սիմոն Այւազեանը, ով համարւում է նաեւ Իրանում կլասիկ գիտարի հայրը: Նրա գեղանկարչութիւնները եւս ներկայացւած են գրքում: Նա իր ելոյթի ընթացքում երախտագիտութիւն յայտնեց բոլոր նրանց, որոնց շնորհիւ կարողացել է մանկուց սովորել ու դաստիարակւել, սկսած իր մօրից մինչեւ իր վարպետ դասախօսները:
Օրւայ բանախօսներից էր Իրանի մատեմատիկայի ազգային ակադեմիայի նախագահ պրոֆ. Մկրտիչ Թումանեանը, որը առողջական պայմաններից ելնելով նրկայ չէր եւ նրա խօսքը փոխանցեց որդին դոկտ. Արա Թումանեանը:
Միջոցառմանը խօսք առաւ նաեւ Արտակ Մանուկեան ազգային թանգարանի վարչութեան անդամ Իռէն Աբնուսեանը, ով իր խօսքը սկսեց հետեւալ նախադասութեամբ. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», որի թարգմանութիւնը ներկայացնելով կարեւորութեամբ անդրադարձաւ հայ ժողովրդի պատմամշակութային արժէքներին, Արտակ Մանուկեան թանգարանի դերակատարութեանը եւ նպատակներին:
Վերջում ելոյթ ունեցաւ «Նեգար» հրատարակչութեան տնօրէն դոկտ. Ամիր Մոհամմադ Դաւուդի փուրը: Նա ընդգծեց, որ «آبرنگسازان ارمنی ایران» գրքի նիւթերի հաւաքագրումը տեւել է 20 տարի եւ պարփակում է 114 հայ գեղանկարիչների աշխատանքները, որի մեկենասն է «Յակոբեան» հագուստի ընկերութեան հիմնադիր տնօրէն, գործարար, բարերար Սմբատ Յակոբեանը:
Յատկանշական է, որ միջոցառումը զուգորդւած էր գեղարւեստական կատարումներով: Տաւիղի կատարմամբ հայկական երկու ստեղծագործութիւններով հանդէս եկաւ Սամարիա Շահմիրեանը, դաշնամուրի առանձին կատարումներով հանդէս եկան Ռենէ Ոսկանեանը եւ Ռենէ Խանին:
Վերջում կատարւեց գրքի շնորհանդէսը ձեռամբ դոկտ. Սալեհիի, Իրանի Իսլամական խորհրդանաում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան եւ Սպահանի ու հարաւային իրանահայութեան պատգամաւորներ Արա Շահվերդեանի եւ Գեղարդ Մանսուրեանի, դեսպան Գրիգոր Յակոբեանի, գրքի մեկենաս Սմբատ Յակոբեանի, դոկտ. Սիմոն Այւազեանի, Իրանագիտութեան կենտրոնի հիմնադիր հանգուցեալ Հասան Հաբիբիի տիկնոջ եւ այլ հիւրերի:
Միջոցառմանը ներկայ էին՝ Իրանում Սաուդեան Արաբիայի, Քուվէյթի, Ուզբեկստանի, Ճապոնիայի եւ Ռումինիայի դեսպանատների դիւանագիտական ներկայացուցիչները, Իրանի Հայ Աւետարանական եկեղեցու համայնքապետ վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետներ՝ դոկտ. Սեւակ Հաթամեանը եւ Վարուժ Յովհաննիսեանը, Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, մայեստրօ Ռազմիկ Օհանեանը, արւեստագէտներ, համալսարանների դասախօսներ եւ հրաւիրեալներ:
Աւարտին ներկաները այցելեցին գրքում տեղ գտած գեղանկարիչների ստեղծագործութիւններից պատրատւած ցուցահանդէսը:
Թղթակցութիւնը՝ ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԻ