Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ռոբերտ Քոչարեան. «Վաշինգտոնում ստորագրւած փաստաթղթով Հայաստանը ստացաւ զրօ, Ադրբեջանը՝ միջանցք՝ ՀՀ տարածքում»

Պէտք է գտնել բանաձեւ եւ Իրանը դարձնել «Թրամփի երթուղու» նախագծի մասնակից

«ԱԼԻՔ» – Հոկտեմբերի 7-ին, Երեւանի «Կոնգրես» հիւրանոցում մամուլի ասուլիս էր հրաւիրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։

Նա պատասխանել է լրագրողների հարցերին, անդրադարձել է ներքաղաքական ու արտաքին քաղաքական խնդիրներին։

Հարցազրոյցի գլխաւոր թեմաները ներկայացնում ենք ստորեւ:

 

Վաշինգտոնում ստորագրւած փաստաթղթով Հայաստանը ստացաւ զրօ Ադրբեջանը՝ միջանցք՝ ՀՀ տարածքում

ԱՄՆ-ն Վաշինգտոնում ստորագրւած փաստաթղթով ստացել է ապագայում ձեւաւորւող միջանցքի վերահսկողութիւն, ստացել են Իրանի հետ սահմանի վերահսկողութիւն եւ Նոբէլեան մրցանակի ներկայացումն է, ասուլիսի ընթացքում ասել է Ռոբերտ Քոչարեանը:

«Ադրբեջանը ստացել է միջանցքի իրաւունք ՀՀ տարածքում, ստացել է Մինսկի խմբի լուծարում եւ ստացել է 907-րդ բանաձեւի չեղարկում: Հայաստանը ստացել է զրօ: Հայաստանի վարչապետը ստացել է մի նկար նախագահ Թրամփի ստորագրութեամբ եւ ստացել  է իրաւական ուժ չունեցող մի փաստաթուղթ, որը հնարաւորութիւն է տալիս եւս մէկ անգամ վերատադրւել»,- ասել է նա:

 

Մայր Թերեզա է աշխատում, բարեբախտաբար աղջիկ չի ծնւել, ազգային խայտառակութիւն կը լինէր

Մայր Թերեզա է աշխատում, բարեբախտաբար աղջիկ չի ծնւել, ազգային խայտառակութիւն կը լինէր: Ասել է Քոչարեանը՝ խօսելով Նիկոլ Փաշինեանի մասին:

«Փաշինեանը խօսում է խաղաղութեան մասին, որը մեծապէս կախւած է մէկ մարդու՝ Ալիեւի տրամադրութիւնից: Այդ փաստաթղթերում եւ ընդհանրապէս ոչ մի տեղ չկան երաշխիքներ, երաշխաւորներ, մեխանիզմներ եւ խախտելու դէպքում ինչ է կատարւելու: Աւելի ճիշտ, ոչ թէ խաղաղութիւն, այլ կայ զինադադար՝ մէկ մարդու տրամադրութիւնից կախւած»,- ասել է նա:

 

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթէ համեմատենք այն ամէնի հետ, ինչ կատարւում է, կարելի է համարել երազանքի փաստաթուղթ

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, եթէ համեմատենք այն ամէնի հետ, ինչ կատարւում է, կարելի է համարել երազանքի փաստաթուղթ: Յայտարարել է Ռոբերտ Քոչարեանը:

Նրա խօսքով՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ենթադրում էր նաեւ Արցախի գոյութիւնը։

«Միացեալ Նահանգներն այն երկիրը չի, որի հետ կարելի է ստորագրել մի փաստաթուղթ եւ մի քանի ամիս յետոյ չեղարկել. բաւական դժւար է։ Սակայն, դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն ինչ ասի, պէտք է անես։ ԱՄՆ-ն կտրուկ դէմ էր Իրան-Հայաստան գազամուղի կառուցմանը, բայց մենք կառուցեցինք։ Մի քանի պատւիրակութիւն եկել էր Հայաստան՝ ինձ հասցնելու, որ իրենք ակնյայտ դէմ են, բայց մենք կառուցեցինք եւ պահպանել ենք ԱՄՆ-ի հետ լաւ յարաբերութիւններ»,-ասաց Քոչարեանը՝ պատասխանելով հարցին՝ եթէ իշխանութեան գան, հնարաւո՞ր է հրաժարւեն Վաշինգտոնում ստորագրւած փաստաթղթից»,- ասել է Քոչարեանը:

 

ԱՄՆ նախագահը Հայաստանի տեղը չգիտի. Հայաստանն այն նշանակութիւնը չունի

ԱՄՆ նախագահն անգամ Հայաստանի տեղը չգտի: Հայաստանն այն նշանակութիւնը չունի, եթէ ԱՄՆ-ն Հարաւային Կովկասում ունենար կենսական շահեր, Հայաստանի անունն էլ չէր շփոթի Ալբանիայի հետ, Ադրբեջանին՝ Կամբոջայի հետ: Ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը:

«Իրենք ստացել են այն, ինչ իրենց պէտք է: Մնացածը, ով ինչ ուզում է, թող խօսայ, եւ ճիշտ է անում:

Անպէտք «պամպերսներով» գնում են Սպիտակ տուն, մի ֆուռ «պամպերս» էլ դրսում է սպասում, իսկ ԱՄՆ-ն իր շահերը լաւ գիտի»,- ասել է Քոչարեանը:

 

Հայաստանն իր դիրքով հարեւան երկրների համար տրանզիտային ներուժ գրեթէ չունի, բացառութիւն է Թուրքիա-Ադրբեջանը

Վաշինգտոնեան փաստաթղթերը փորձում են ներկայացնել որպէս «խաղաղութեան խաչմերուկ» թէզի շրջանակներում, իբրեւ դրա շարունակութիւն կամ գործնական քայլ։ Նշել է Քոչարեանը:

«Իւրաքանչիւր երկրի տրանզիտային ներուժը բաղկացած է երեք մասից. առաջինը երկրի աշխարհաքաղաքական դիրքն է, երկրորդը ռելիէֆն է, երրորդը ճանապարհային ցանցերի վիճակն է՝ որակը, զարգացւածութիւնը եւ այլն։ Առաջին երկու պայմանը պարտադիր են, եթէ այդ պայմանները կան, ապա երրորդը՝ ճանապարհների վիճակը, ներդրումների, աշխատանքի հարց է։

Հիմա առաջարկում եմ նայենք քարտէզին ու հասկանանք, թէ ինչ է նշանակում «խաղաղութեան խաչմերուկը» եւ ինչ տրանզիտային ներուժ ունի Հայաստանը… Ըստ էութեան, Հայաստանն իր աշխարհագրական դիրքով այս երկրների համար տրանզիտային ներուժ գրեթէ չունի, բայց մէկ բացառութիւն կայ՝ Ադրբեջան–Թուրքիա։ Ադրբեջան–Թուրքիա յարաբերութիւններում ենթադրւող միջանցքը իսկապէս էական նշանակութիւն ունի եւ դա ունի մի քանի բաղադրիչ։ Որպէս թուրքական պրոյեկտ ինքն իսկապէս ունի տրանզիտային ներուժ»,- ասել է Քոչարեանը:

 

Պէտք է գտնել բանաձեւ եւ Իրանը դարձնել «Թրամփի երթուղու» նախագծի մասնակից

Պէտք է գտնել բանաձեւ եւ Հայաստանի մեծ հարեւանին՝ Իրանին, դարձնել «Թրամփի երթուղու» ծրագրի մասնակից։ Յայտարարել է Ռոբերտ Քոչարեանը։

Նա կոչ է արել հարցին նայել այն տեսանկիւնից, թէ ինչ ռիսկեր են առաջանում Հայաստանի համար, յատկապէս եթէ Ջուղայի երկաթուղին չբացւի, եթէ Իրանը դրանից ոչինչ չշահի։ Քոչարեանը պարզաբանել է, որ ամենահետաքրքիրն այն ծրագրերն են, որոնցից շահում են բոլոր հարեւանները։ «Իրանը պէ՞տք է դրանից ինչ-որ բան շահի, թէ՞ ոչ։ Իսկ ի՞նչ է շահում Իրանը տւեալ պահին այս ծրագրից։ Չեմ կարծում, որ եթէ «Թրամփի երթուղին» չաշխատի՝ հաշւի առնելով Հայաստանի շահերը, մեզ աղէտ է սպասւում։ Հիմա էլ չի աշխատում եւ չեմ կարծում, որ մենք աղէտալի իրավիճակում ենք գտնւում»,- նշել է Հայաստանի երկրորդ նախագահը։

Նա յաւելել է, որ աղէտը կարող է պայմանաւորւած լինել նրանով, թէ ինչպիսին կը լինի Իրանի արձագանքը, ինչպիսի՞ քաղաքականութիւն կը վարի Թեհրանը հայ-իրանական սահմանին ամերիկեան ընկերութեան յայտնւելու հետեւանքով։ Նրա գնահատմամբ, դա իսկապէս ռիսկային է, ինչը սպառնում է այդ սահմանի գոյութեանը։ «Արդեօ՞ք ԱՄՆ-ի կողմից վերահսկւող սահմանն աւելի նախընտրելի է Իրանի համար, քան Ադրբեջանի կողմից վերահսկւող սահմանը։ Թէ՞ ոչ»,- նշել է Քոչարեանը։

 

Մասնակցելու ենք առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին

Անդրադառնալով ներքաղաքական թեմաներին, Ռոբերտ Քոչարեանը յայտարարել է, որ իր գլխաւորած քաղաքական թիմը կը մասնակցի 2026 թւականին նախատեսւող Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններին:

Հրաժարւելով խօսել նախկին նախագահների անունից՝ Քոչարեանը յիշեցրել է, որ 2021 թւականի ընտրութիւններին մասնակցութիւնը ցոյց է տւել, որ «ես որոշակի ազդեցութիւն ունեմ զանգւածների համախմբման համար»։ Միաժամանակ նան ընդգծել է, որ ցանկանում է նոր ուժեր ի յայտ գան, որոնց հետ համագործակցութիւնը կարող է յանգեցնել երկրում տիրող իրավիճակի փոփոխութեանը։

«Իմ թիմը կը մասնակցի»,- խոստացել է Ռոբերտ Քոչարեանը։

 

Քոչարեանը մերժել է Լեւոն Տէր-Պետրոսեանի գաղափարը

Ռոբերտ Քոչարեանը մեկնաբանել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի յայտարարութիւնները՝ երկրի քաղաքական դաշտից բոլոր երեք նախկին նախագահների հեռանալու անհրաժեշտութեան մասին։ Նրա կարծիքով՝ Տէր-Պետրոսեանի յայտարարութիւնները քաղաքական ասպարէզից հեռանալու մասին դժւար իրագործելի են, քանի որ բոլոր նախկին նախագահներն ունեն իրենց քաղաքական կուսակցութիւնները, որոնք, այսպէս թէ այնպէս, կը մասնակցեն առաջիկայ ընտրութիւններին։

««Հայ Ազգային կոնգրես»-ը յայտարարել է ընտրութիւններին մասնակցելու մասին։ Առաջին նախագահը կը մասնակցի՞, թէ՞ ոչ։ «Հայաստանի Հանրապետական կուսակցութեան» առաջնորդը երրորդ նախագահն է։ ՀՀԿ-ն մասնակցել է բոլոր ընտրութիւններին։ Այս կապակցութեամբ հարց է առաջանում՝ կուսակցութեան մասնակցութիւնը ընտրութիւններին նշանակո՞ւմ է նաեւ նրա առաջնորդի մասնակցութիւնը, թէ՞ ոչ։ Իհարկէ նշանակում է»,– պարզաբանել է Քոչարեանը։

 

Քոչարեանը՝ «Մեր ձեւով» շարժման մասին

«Մեր ձեւով» շարժումը յայտարարել է, որ ներգրաւելու են նոր դեմքերի, նոր խնդիրներ են առաջ քաշելու, խօսքը չէր գնում ընտրութիւններից յետոյ խորհրդարանում համագործակցելու մասին։ Նշել է ՀՀ երկրորդ նախագահը՝ անդրադառնալով նրան, որ «Մեր ձեւով» շարժումը յայտարարել է, որ չի համագործակցելու նախկին նախագահների թիմերի հետ։

«Համագործակցել մի ուժի հետ, որը չի ուզում քեզ հետ համագործակցել, չի լինում այդպէս, չի ստացւի։ Բայց դա արդէն մեր խնդիրը չէ։ Գիւմրիի օրինակը, երբ բոլոր ուժերը յայտարարեցին, որ ՔՊ–ի հետ կոալիցիա չեն կազմելու, լաւ մօտեցում էր։ Ես համոզւած եմ, որ այստեղ նոյն մօտեցումը կարելի է կիրառել եւ արդէն ըստ ձայների համամասնութեամբ, ձեւ չի լինելու չհամագործակցել խորհրդարանում, եթէ այդ շարժումը որոշակի ձայներ հաւաքի խորհրդարանում, որը բաւարար չէ իրենց համար վարչապետի թեկնածու ունենալու։ Ասելու են՝ չէ, չենք ստեղծո՞ւմ։ Ուղղակի անհնար է սա։ Ստեղծւելու է մի վիճակ, երբ խորհրդարանում բոլոր ընդդիմադիր ուժերը եւ ցանկութիւն են ունենալու համագործակցել եւ այլընտրանք չեն ունենալու դրան։ Սա այն դէպքն է լինելու, որ դու ստիպւած ես լինելու գնալ համագործակցութեան։ Հիմա եթէ Գիւմրիում Մարտունն ու Վարդան Ղուկասեանը գնացել են համագործակցութեան, ո՞նց դա կատարւեց։ Այս ընդդիմադիր դաշտում այս կարգի բացասական վերաբերմունք ոչ մէկը չունէր։ Դրա համար պէտք է լաւ պատկերացնել, թէ ինչ պրոցեսի մէջ ենք լինելու»,- ասել է նա։

 

«Հայաստան» դաշինքը եւ նոր ստեղծւող «Մեր ձեւով» շարժումը միասին կը գերազանցեն ՔՊ-ին

Այսօր երեւում է երկու միաւոր, որ մտնում են խորհրդարան, շատ քիչ են զիջում ՔՊ-ին, մէկը «Հայաստան» դաշինքն է, միւսը՝ Սամուէլ Կարապետեանի ուժը: Ասել է Ռոբերտ Քոչարեանը։

Նա վստահութիւն է յայտնել, որ այս երկու ուժերը միասին զգալիօրէն կը գերազանցեն իշխող կուսակցութեանը։

Քոչարեանը ցանկութիւն է յայտնեյ, որ ի յայտ գայ երրորդ ուժ՝ համոզմունք յայտնելով, որ քաղաքական միաւորներ կը շարունակւեն ստեղծւել։ ՀՀ երկրորդ նախագահը բացատրել է, որ չի հաւատում արհեստական ​​բեւեռներին, քանի որ, իր կարծիքով՝ արհեստական ​​առաջնորդ գոյութիւն չունի։ Նա ընդգծել է, որ եթէ ստեղծւի երրորդ ուժ, այն պէտք է ստեղծւի անհատների կողմից եւ այնպիսի գործողութիւնների միջոցով, որոնք համոզիչ կը լինեն ընտրողների մեծ մասի համար։ Նա նշել է, որ այս դերի համար կը լինի էական պայքար եւ մրցակցութիւն։

Քոչարեանը սա անւանել է նորմալ երեւոյթ՝ ողջունելով մրցակցութիւնը բոլոր ոլորտներում։

 

Դաշնակցութեան հետ դեռ ոչինչ չի քննարկւել

 ՀՀ Երկրորդ նախագահն անդրադարձել է նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հետ համագործակցութեանը:

Նա յայտարարել է, որ Դաշնակցութեան հետ համագործակցութիւնը շարունակւում է ըստ էութեան։

«Մենք դեռ ոչինչ չենք քննարկել։ Քննարկումները տեղի կունենան յունւար-փետրւար ամիսներին, եւ մենք կը փորձենք ընտրել ամենապրագմատիկ ձեւաչափը», – ասել է Քոչարեանը։

 

Խաղաղութեան թեման չպէտք է լինի ՔՊ-ի մենաշնորհը. ընդհակառակը՝ պէտք է լինի ընդդիմութեան մենաշնորհը

Ռոբերտ Քոչարեանն անդրադարձել է նաեւ խաղաղութեան թեման որպէս յաղթաթուղթ օգտագործելու ՔՊ-ի մարտավարութեանը: Նա նշել է, որ այդ թեման չպէտք է լինի ՔՊ-ի մենաշնորհը։

«Այդ թեման պէտք է լինի հակառակը՝ ընդդիմութեան մենաշնորհը։ Ես օրինակ, տեղ ունեմ դրա մասին խօսելու, որովհետեւ իմ նախագահ եղած 10 տարիները եղել են Հայաստանի ամենից խաղաղ տարիները։ Սա հիմնական թէզն է»,- ասել է նա։

 

Եկեղեցու վրայ յարձակումները վարկանիշ չեն բերում ո՛չ Փաշինեանին, ո՛չ «Քաղաքացիական պայմանագրին»

Գործող իշխանութեան կողմից Հայ Առաքելական Եկեղեցու վրայ յարձակումներն իմ համար անհասկանալի են։ Յայտարարել է Քոչարեանը։

Ըստ նրա՝ Եկեղեցին չի խանգարում իշխանութեանը աղքատութեան շեմը իջեցնել մինչեւ պատմական նւազագոյնին։ Այն չի միջամտում տնտեսական քաղաքականութեան ձեւաւորմանը, յանցագործութիւնների բացայայտմանը եւ այլն։ «Ուստի ես էլ ռացիոնալ բացատրութիւն չունեմ»,- ասել է Քոչարեանը։

Ընդ որում, ՀՀ նախկին ղեկավարը խոստովանել է, որ ակնկալում էր յարձակումներ Եկեղեցու եւ առանձին եկեղեցականների վրայ։ Աւելին, Հայ Առաքելական եկեղեցու որոշ սպասաւորների նկատմամբ յարուցւած քրէական գործերը նրա համար նորութիւն կամ յայտնութիւն չեն եղել, քանի որ նա, կրկին, ակնկալում էր իրադարձութիւնների նման զարգացում։

«Եկեղեցու վրայ յարձակումները, միանշանակ, ռէյտինգ չեն բերում ո՛չ վարչապետ Նիկոլ Փաշինեանին, ո՛չ էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեանը։ Եկեղեցու սպասաւորներին բանտերում պահելը միանշանակ չի բարձրացնում նրանց ռէյտինգը։ Բայց նա ցանկանում է, որ Կաթողիկոսի տեղում յայտնւի մէկը, ով վերջապէս կը սկսի ենթարկւել իրեն»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը։

Related Articles

Back to top button