Հայաստան - Արցախ

Կարէն Վրթանէսեան. «Նիկոլը նպաստում է, որ Ադրբեջանում գահը ժառանգի Ալիեւի որդին. «ժառանգ» օպերացիայի համար նրանց պէտք է եւս մէկ պատերազմ ու յաղթանակ, այս անգամ՝ Հայաստանի հանդէպ»

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր ռազմական վերլուծաբան Կարէն Վրթանէսեանին։

Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.

ՀՀ ՊՆ կոչւող կառոյցը թշնամուն տւեց շատ լեգիտիմ հիմք՝ հետագայ գործողութիւնների համար: Սա չտեսնւած բան է, որ առանց հետաքննութեան հայկական կողմը ցուցադրաբար ընդունի իր մեղքը: Շատ զզւելի ու ստոր էր այն, ինչ արեց ՊՆ-ն յետոյ, երբ իրենց մերձ շրջանակների միջոցով սկսեցին վարկաբեկել մեր զինծառայողներին: Ըստ էութեան Պաշտպանութեան նախարարութիւնն ու անձամբ Նիկոլ Փաշինեանը վարկաբեկում են մեր Զինւած ուժերը թէ՛ ներսում, թէ՛ դրսում: Ինձ համար սա պասերով խաղ է Բաքւի հետ:

  • Նիկոլ Փաշինեանի թիմը կրիզիսների վերահսկման հարցում շատ ուժեղ է: Վստահ եմ՝ դրսից շատ ուժեղ խորհրդատուներ ունեն, ու շատ արագ գործում են:
  • Նիկոլ Փաշինեանը բանակցային գործընթացը սկսեց քանդել 2018 թ. մայիսի 9-ից, երբ գնաց Արցախ ու յայտարարեց, որ ցանկանում է փոխել բանակցային գործընթացի ֆորմատը՝ ասելով, որ Արցախը պէտք է դառնայ բանակցային կողմ: Մի տարի դա տեւեց. 2019 թ. մարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ կոշտ ձեւով մատ թափ տւեցին Փաշինեանի վրայ: Առաջին անգամ էր, որ համանախագահները կոշտ արձագանգեցին՝ բանակցութիւնների ֆորմատը համանախագահութեան հետ չհամաձայնեցնելու համար:
  • Սերժ Սարգսեանի, Ռոբերտ Քոչարեանի ստեղծած ու ընդհանրապէս Հայոց Բանակին յաղթել է ոչ թէ Իլհամ Ալիեւը, այլ Նիկոլ Փաշինեանը: Այդ թւում՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի ստեղծած բանակին: Յաղթել է կադրային ջարդերով, անիմաստ, յախուռն գնումներով: ԱՄՆ, Իսրայէլի բանակներն էլ եթէ տային Փաշինեանին, գուցէ ոչ 1.5 տարում, այլ 5 տարում, բայց էլի կաւերէր: Յիշենք, որ 44-օրեայ պատերազմին եկել ենք արդէն երրորդ Գլխաւոր շտաբի պետով… Ընդամէնը 2.5 տարում: ԱԱԾ տնօրէնն արդէն 5 թէ 6-րդ ղեկավարն էր: Էն պահին, երբ թշնամին յարձակւեց Արցախի վրայ, պաշտպանական շրջանների հրամանատարները նոր մարդիկ էին: Ջալալ Յարութիւնեանն ընդհանրապէս պատրաստ չէր այն պաշտօնին, որին նշանակւել էր: Սա ստանդարտ տեխնոլոգիա է, որին դիմում են դիկտատորները՝ համակարգերը քանդելու համար:
  • Երբ որեւէ յեղափոխութեան արդիւնքում ինչ-որ մի բռնապետ գալիս է իշխանութեան, սովորաբար որոշ ժամանակ յետոյ սկսում է իր հետ եկած՝ հին յեղափոխականներից ազատւել: Ազատւում են նրանցից, ովքեր տիրապետում են ինֆորմացիայի, շատ բաներ են յիշում:
  • Այն պահից, երբ Ալէն Սիմոնեանը հրապարակային ատամներ ցոյց տւեց, նա ստորագրեց իր դատավճիռը: Ճաքերը ՔՊ-ի ներսում շատ բնական երեւոյթ են: Եթէ Նիկոլ Փաշինեանը մնայ իշխանութեան, ՔՊ-ի մի մասին պատւաւոր թոշակի կուղարկեն, միւս մասը կը դատւի: Նիկոլը բոլորից վտանգ է զգում, եւ վաղ թէ ուշ բոլորին խաղից հանելու է՝ փոխարինելով աւելի թոյլ կերպարներով: Ինքը չի հանդուրժելու ոչ թէ ռէալ մրցակցութիւն, այլ նոյնիսկ մրցակցութեան հեռանկար՝ շատ լաւ հասկանալով, որ ինքն այնքան յանցագործութիւններ է գործել, որ ցանկացած իշխանափոխութիւն իր համար խնդիրներ է ստեղծելու:
  • Նիկոլին հարած «քաղհասարակութեան» դէպքում նրանք այնքան սերտօրէն են ինտեգրւել նիկոլական ռեժիմին, որ աբսուրդ է նրանց քաղհասարակութիւն ասելը։ Յիշո՞ւմ էք՝ նրանք ինչեր էին խօսում, ինչ հեքիաթներ էին պատմում սոցիալական արդարութեան, իրաւական պետութեան մասին… Կառուցեցին դիկտատուրա, հիմա էլ ամրապնդում են այն։
  • Նիկոլ Փաշինեանի յենասիւներից մէկի անունն Իլհամ Ալիեւ է։ Նա անընդհատ վախ է գեներացնում, Նիկոլ Փաշինեանն էլ ամէն ինչ անում է, որ ժողովուրդն այդ վախի պատճառին դիմադրելու հնարաւորութիւն չունենայ։ Ալիեւի գեներացրած վախը Փաշինեանը վերավաճառում է ու անընդհատ մարդկանց հնազանդութեան մէջ է պահում այդ վախով։ Ցանկացած դիկտատուրա հիմնւած է վախի վրայ եւ նաեւ՝ ապագայից վախի։
  • Փաշինեանի իշխանութեան յենասիւնն Ալիեւն է: Հակառակն էլ կայ։ Նիկոլ Փաշինեանն էլ Ալիեւի յենասիւնն է Ադրբեջանում։ Այնտեղ արդէն սկսել են «ժառանգ» օպերացիան, եւ նրանց պէտք է եւս մէկ պատերազմ ու յաղթանակ արդէն Հայաստանի հանդէպ, եւ Նիկոլն ամէն ձեւ նպաստում է դրան, որ Ադրբեջանում գահը ժառանգի Ալիեւի որդին։
  • Եթէ մենք սպասենք աշխարհաքաղաքական կոնսենսուսի, մեր զրոյցը կը շարունակւի արդէն աքսորում, երկիր չի լինի։ Հայերն արդէն այս տարածաշրջանում չեն լինի եւ Փարիզի, Բրիւսէլի սրճարաններից կը քննարկեն այս հարցերը։ Մարդկանց մոբիլիզացնելու տեխնոլոգիաներ եւս կան, եւ ընդդիմութիւնը, տարբեր քաղաքացիական խմբեր դրանք նախեւառաջ պէտք է սովորեն։ Պէտք է վերջապէս իրար հետ, ընդդիմութեան տարբեր ճամբարների միջեւ սկսել բաց քննարկում։ Ու դա պէտք է անկեղծ արւի։ Ես անկեղծօրէն տարբեր քննարկումների ժամանակ կուսակցական շահերի գերակայութիւն տեսնում եմ։
  • Արցախում ամէն ինչ արւեց, որ միաւորում չլինի, հիմա նոյնն արւում է այստեղ։
  • «Ո՞վ բերեց Նիկոլին» ահաւոր պառակտիչ խօսակցութիւնը յստակ, յատուկ նպատակով դաշտ բերւած նարատիւ է։ Դա հէնց այնպէս չի արւում։ Յատուկ է արւում:
  • Էս իրավիճակում, երբ մենք գործ ունենք բռնապետի հետ, ընդդիմութեան պայքարում մէկ առաջնորդ ունենալու դէպքում նրան կարող են ինչ-որ պատրւակով փակել ամիսներով ու այդպէս մարել շարժումը, կարող են վարկաբեկել, կարող են սպանել… Նոյն Ադրբեջանը, եթէ տեսնի՝ մի մարդու պատճառով իր խաղը վերանում է, ամէն ինչ կանի այդ մարդուն վերացնելու համար։ Պէտք է լինի խմբային առաջնորդութիւն։
    Դաշինք է պէտք, ու դա պէտք է լինի ե՛ւ քաղաքական, ե՛ւ քաղաքացիական ուժերի միջեւ։ Շատ ժամանակ չունենք։
  • Ի՞նչ անել… Քաղաքացիներին խորհուրդ կը տամ, նախեւառաջ, հետաքրքրւել քաղաքականութեամբ։ Եւ այս յորդորս առաջին հերթին կուղղէի բիզնես ու մտաւորական շրջանակներին։ Նոյն բիզնես ոլորտի մարդիկ արդեօք չեն հասկանո՞ւմ, որ իրենց բիզնես շահերը պաշտպանելու համար, ուզեն-չուզեն, պէտք է զբաղւեն քաղաքականութեամբ։

Related Articles

Back to top button