Իշխան Սաղաթէլեան. «Հայաստանը ներկայացնող որեւէ պատւիրակութիւն չպէտք է մասնակցի COP 29-ին»
«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ նշելով Հայաստանի Հանրապետութիւնից որեւէ պատւիրակութիւն չպէտք է մասնակցի Բաքւում կայանալիք COP 29 վեհաժողովին:
«Նոյեմբերին Բաքւում COP 29-ի շրջանակներում ականատես ենք լինելու Ադրբեջանի կողմից փաստերի ու իրադարձութիւնների նենգափոխման, միջազգային հանրութեան աչքում սեփական ցեղասպան դիմագիծը փրկելու, պատերազմական յանցագործութիւններից միջազգային ուշադրութիւնը շեղելու ադրբեջանական շոուին, որը, համոզւած եմ, ուղեկցւելու է հայ ժողովրդի ու նրա արժանապատւութիւնը վիրաւորող հերթական քայլերով։
Ամէն դէպքում, նոյեմբերին Բաքուն հիւրընկալելու է միջազգային հազարաւոր պատւիրակների՝ այդ թւում բարձր ու բարձրագոյն մակարդակի (պետութիւնների ու կառավարութիւնների ղեկավարներ)։
Խորհրդաժողովին մասնակցելու են միջազգային քաղաքական, իրաւապաշտպան, բնապահպանական հարիւրաւոր կազմակերպութիւններ, փորձագէտներ, լրատւամիջոցների ներկայացուցիչներ։
Ադրբեջանական շոուն ամբողջացնելու համար դրան պակասելու է Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական մասնակցութիւնը, որի պարագայում Բաքւի բռնապետը իրեն աւելի հաստատուն կերպով կը դիրքաւորի իբրեւ տարածաշրջանային խաղաղութեանն ու համակեցութեանը միտւած առաջնորդի։
Հայաստանի մասնակցութիւնը կօգնի լեգիտիմացնելու ադրբեջանական շոուն, նպաստելու այդ ցեղասպան երկրի միջազգային ընկալունակութեան բարձրացմանը։
Վերջերս Եւրոպական միութեան օրէնսդիր եւ գործադիր իշխանութեան ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում կարեւորել եմ COP 29-ին ընդառաջ Ադրբեջանի վրայ միջազգային ճնշման ուժեղացումը` մասնաւորապէս Բաքւում պահւող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ու պահւող այլ անձանց անյապաղ ազատ արձակման եւ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական օկուպացիոն ուժերի դուրս բերման համատեքստում։
Արդէն տեւական ժամանակահատւած է, որ այս ուղղութեամբ լայնածաւալ աշխատանքներ է իրականացնում Հայ Դատի համաշխարհային ցանցը։
Այս ուղղութեամբ դրւատանքի արժանի աշխատանք է իրականացնում նաեւ Միջազգային քրէական դատարանի առաջին գլխաւոր դատախազ, մեր ժողովրդի մեծ բարեկամ Լուիս Մորենօ Օկամպօն, ով հանդէս եկաւ նաեւ աշխարհասփիւռ հայութեանն ուղղւած կոչով։
Կարեւոր եմ համարում ընդգծել, որ Հայաստանի իշխանութիւնների հնարաւոր մասնակցութեան եւ պարտւածի հոգեբանութեամբ նրանց կանխատեսելի քաղաքական վարքի պայմաններում մեր այն գործընկերները, ովքեր պատրաստակամութիւն են յայտնել մինչեւ COP 29-ը եւ դրա ընթացքում հանդէս գալ յստակ դիրքորոշումներով, ունենալու են տրամաբանական կաշկանդւածութիւն դիրքորոշումների արտայայտման հարցում։
Ուստի, Հայաստանը ներկայացնող որեւէ պատւիրակութիւն, չպէտք է մասնակցի COP 29-ին, իսկ մասնակցելու դէպքում, պէտք է յստակ բարձրաձայնի Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման, բռնի ուժով տեղահանութեան, իրականցրած ցեղասպան քաղաքականութեան եւ Բաքւի բանտերում պահւող ռազմագերիների անյապաղ ազատ արձակման մասին։
Հակառակ պարագայում Հայաստանի օրւայ իշխանութիւնը հերթական անգամ կը փորձի լեգիտիմացնել Բաքւի բռնապետի ագրեսոր եւ հակահայ քաղաքականութիւնը»,- գրել է նա: