Ադրբեջանի կեղծիքն Ամբերդի վերաբերեալ. «Գեղարդ» հիմնադրամ
Հայաստանի Հանրապետութեան տարածքի նկատմամբ յաւակնութիւնների քաղաքականութեան շրջանակում Իլհամ Ալիեւն ադրբեջանցի գիտնականներին յանձնարարել էր ուսումնասիրել եւ աշխարհին ներկայացնել «Արեւմտեան Ադրբեջանը»։ Մասնաւորապէս, նա յայտարարել էր, որ «Արեւմտեան Ադրբեջանը պատմական ադրբեջանական երկրամաս է, իսկ քաղաքների ու գիւղերի անւանումներն ադրբեջանական ծագում ունեն»։ Այս մասին յօդւած է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։
«Օգտակարը» հաճելիի հետ համատեղելով՝ ադրբեջանցի գիտնականները մեծ եռանդով անցել են Ալիեւի յանձնարարութիւնը կատարելու եւ յատկացւող ֆինանսական միջոցները իւրացնելու գործին։ Ընդորում` կարեւոր չեն հիմնաւորումները, պատմական աղբիւրներն ու օբիեկտիւութիւնը։
Սխեման աշխատում է հետեւեալ կերպ. «հետազօտութեան» համար անհրաժեշտ է ընտրել ՀՀ տարածքում գտնւող պատմամշակութային որեւէ օբիեկտ, անւանել այն աղւանական կամ թուրքական, ասել, որ հայերը իւրացրել են դա, եւ նիւթը պատրաստ է, գումարն էլ՝ իւրացւած։
Նման օրինակներից է Ադրբեջանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի Ա․ Բաքիխանովի անւան Պատմութեան ու ազգաբանութեան ինստիտուտի աշխատակից Ֆաիկ Իսմայիլովի յօդւածը ՀՀ Արագածոտնի մարզում գտնւող Ամբերդ ամրոցի մասին, որը հրապարակել է Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատւական գործակալութիւնը։
Աւելորդ է նշել, որ յօդւածը կառուցւած է կեղծ եւ անտրամաբանական պնդումների վրայ։ Այն սկսւում է նախաբանով, որում նկարագրւում է, որ ժամանակին թուրքական ժողովուրդները պաշտում էին երկնային աստւածութիւններին եւ հետեւաբար ձգտում էին իրենց ճամբարները կառուցել բարձրադիր վայրերում։ Եւ քանի որ Ամբերդն էլ բարձրադիր վայրում է կառուցւած, ուրեմն այն աղւանական ճարտարապետութեան նմուշ է (ժամանակակից ադրբեջանական պատմագրութիւնը փորձում է ադրբեջանական անցեալի մէջ միաձուլել թուրքական եւ աղւանական բաղադրիչները)։