Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ռուսաստանի դերը Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգաւորման գործում

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼԵԱՆ

Քաղաքագէտ

 

Թէ՛ Հարաւային Կովկասում իր քաղաքական ու դրանից բխող այլ բնոյթի ներկայութեամբ, թէ՛ Հայաստանի հետ ունեցած յարաբերութիւնների, թէ՛ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգաւորման հարցում ունեցած դերակատարութեան առումներով Ռուսաստանը տարածաշրջանում ունի երկար տարիների դերակատարութեան պատմութիւն: Ինչպէս անցեալում, այնպէս էլ ներկայումս Ռուսաստանը Հարաւային Կովկասը դիտում է որպէս իր աշխարհաքաղաքական շահերի սպասարկման տարածք: Նման մօտեցումն ունի պատմական ենթատեքստ: Ռուսաստանը Հարաւային Կովկասը համարում է պատմականօրէն իր ազդեցութեան գօտին՝ հաշւի առնելով այն հանգամանքը, որ Կովկասը, մասնաւորաբար Հարաւային Կովկասը, մօտաւորապէս երկու հարիւր տարի (1805-1991 թթ.) եղել է սկզբում Ռուսական կայսրութեան, ապա եւ Խորհրդային Միութեան մաս: 

Հարկ է նշել, որ Հարաւային Կովկասում անվտանգութեան ապահովման առումով ընդհանրապէս, Հայաստանի անվտանգութեան ապահովման առումով մասնաւորապէս Ռուսաստանը, ի տարբերութիւն տարածաշրջանում շահեր ու հետաքրքրութիւններ ունեցող այլ երկրների, ունի իրաւական ակտերով ամրագրւած պարտաւորութիւններ, խօսքը, մասնաւորաբար վերաբերում է 1995 թ. մարտի 16-ին ստորագրւած «Հայաստանի Հանրապետութեան եւ Ռուսաստանեան Դաշնութեան միջեւ Հայաստանի Հանրապետութեան տարածքում ռուսաստանեան ռազմակայանի մասին» պայմանագրին եւ 2010 թ. օգոստոսի 17-ին ստորագրւած «Ռուսաստանի Դաշնութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ Հայաստանի Հանրապետութեան տարածքում ռուսաստանեան ռազմակայանի մասին» 1995 թ. մարտի 16-ի պայմանագրում փոփոխութիւններ կատարելու մասին» N 5 արձանագրութեանը:

Ռուսաստանը զգալի դերակատարութիւն է ունեցել նաեւ Ադրբեջան-Արցախ երեք պատերազմների դադարեցման գործում: Թէ՛ 1991-1994 թթ. տեղի ունեցած Ադրբեջան-Արցախ առաջին պատերազմը, թէ՛ 2016 թ. ապրիլի 2-5-ը տեւած քառօրեայ պատերազմը եւ թէ՛ 2020 թ. սեպտեմբերի 27-նոյեմբերի 9-ը տեւած 44-օրեայ պատերազմը դադարեցւել են Ռուսաստանի միջնորդութեան արդիւնքում:

Ադրբեջան-Արցախ երրորդ պատերազմի առաջին օրերից սկսած եւ դրա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները առանձին-առանձին ու համատեղ փորձեր են ձեռնարկել դադարեցնելու պատերազմը: Սակայն բոլոր կոչերն ու յայտարարութիւնները (անգամ նրանք, որոնց միացել է նաեւ Ադրբեջանը) որեւէ ազդեցութիւն չեն ունեցել Ադրբեջանի ագրեսիւ հռետորաբանութեան ու գործողութիւնների վրայ: Վերջինս չի դադարեցրել ռազմական գործողութիւններն ընդդէմ Արցախի Հանրապետութեան:

Սակայն, Ռուսաստանի Դաշնութեան նախագահի շարունակաբար գործադրած ջանքերի արդիւնքում 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ ստորագրւել է յայտարարութիւն, որով յայտարարւել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում բոլոր ռազմական գործողութիւնների ու կրակի ամբողջական դադարեցման մասին:

Համաձայն յայտարարութեան՝ Արցախի Հանրապետութեան դէմ սանձազերծած ագրեսիայի հետեւանքով Ադրբեջանի կողմից օկուպացւած Արցախի Հանրապետութեան սահմանադրօրէն ամրագրւած տարածքներից բացի՝ Ադրբեջանի վերահսկողութեանն են յանձնւել նաեւ 1991-1994 թթ. Ադրբեջան-Արցախ առաջին պատերազմի արդիւնքում Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան Բանակի կողմից ազատագրւած ու պատմականօրէն ու իրաւունքի ուժով Արցախի Հանրապետութեանը պատկանող, սակայն խորհրդային շրջանում ապօրինաբար Խորհրդային Ադրբեջանի կազմ մտցւած Քարվաճառի, Քաշաթաղի ու Ակնայի շրջանները, իսկ Արցախի Հանրապետութիւնում շփման գծի երկայնքով ու Քաշաթաղի (Լաչինի) 5 կմ լայնութեամբ միջանցքի երկայնքով տեղակայւել է ռուսական մօտ 2000-հոգանոց խաղաղապահ զօրախումբ:

Իր միջնորդութեամբ հասնելով 2020 թ. նոյեմբերի 9-ի յայտարարութեան ստորագրմանը՝ Ռուսաստանը, այդպիսով, վերահաստատել է հարաւկովկասեան տարածաշրջանում իր առաջատար դիրքերը:

Պաշտօնապէս համարւելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը, ի տարբերութիւն Թուրքիայի, որը բազմիցս բացայայտ յայտարարել է Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգաւորման գործընթացում Ադրբեջանին անվերապահօրէն աջակցելու մասին, հակւած է իրեն տեսնելու Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ միջնորդի դերում:

2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, կոպտօրէն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան դրոյթները, արգելափակել է Արցախի Հանրապետութիւնն ու Հայաստանի Հանրապետութիւնը միմեանց կապող միջպետական մայրուղու՝ ռուսական խաղաղապահ զօրակազմի պատասխանատւութեան տիրոյթում գտնւող Շուշի-Քարին տակ ճանապարհահատւածը, իսկ 2023 թ. ապրիլի 23-ից Ադրբեջանը Քաշաթաղի միջանցքի Հակարիի կամրջի յարակից հատւածում տեղադրել է ապօրինի անցակէտ: Հարկ է նշել, որ նման անցակէտի տեղադրում նախատեսւած չէ 2020 թ. նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ:

Աւելի քան ինը ամիս տեւած շրջափակման միջոցով Արցախի Հանրապետութեան ժողովրդին սովահար անելուց ու հումանիտար սուր ճգնաժամ առաջացնելուց յետոյ՝ 2023թ. սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը, կոպտօրէն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը, չորրորդ անգամ դիմելով ագրեսիայի, երկօրեայ պատերազմի ընթացքում օկուպացրել է Արցախի Հանրապետութեան սահմանադրօրէն ամրագրւած տարածքի մնացած մասը՝ ցեղասպանութեան ենթարկելով Արցախի հայութեան մի մասին, իսկ մեծ մասը՝ աւելի քան 100.000 մարդ, բարեբախտաբար, մազապուրծ փրկւել է ցեղասպանութիւնից՝ վտարւելով իր բնօրրանից, որտեղ ապրել է մօտաւորապէս երեք հազարամեակ անընդմէջ:

Պէտք է նաեւ նշել, որ Ադրբեջան-Արցախ երրորդ պատերազմի աւարտից յետոյ Ռուսաստանն արմատապէս փոխել է իր դիրքորոշումն Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգաւորման առնչութեամբ:

2023 թ. մարտի 20-ին՝ Մոսկւայում ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը, մասնաւորապէս, յայտարարել է. «Կան նորագոյն պատմութեան օրինակներ։ Մօտաւորապէս այդ մասին խօսւել է Մինսկի պայմանաւորւածութիւններում. ի՞նչ իրաւունքներ պէտք է ունենան Ուկրաինայի արեւելեան մասի բնակիչները՝ համաձայն այդ նոյն Մինսկի համաձայնագրերի. դա մայրենի լեզւի իրաւունքն է, երեխաներին սովորեցնել այդ լեզւով, ապրել, աշխատել՝ օգտագործելով այն, պահպանել իրենց մշակոյթը, կրօնը, ունենալ տեղական ինքնակառավարման հնարաւորութիւն եւ ունենալ յատուկ տնտեսական եւ առեւտրային կապեր իրենց հայրենակիցների հետ (Դոնբասի դէպքում դա Ռուսաստանն էր)։ Մօտաւորապէս նոյն իրաւունքները նախատեսւած էին տասը տարի առաջ Բելգրադի ու Պրիշտինայի միջեւ «Կոզովոյի սերբական տեղական ինքնակառավարման մարմինների համայնքի ստեղծման մասին համաձայնագրում»՝ լեզու, տեղական ինքնակառավարում, կրթութիւն, մշակոյթ, կրօն, յատուկ տնտեսական կապեր Սերբիայի հետ։ Ղարաբաղցիներին անհրաժեշտ կը լինի իրաւունքների նոյն փաթեթը, ինչ ցանկացած նմանատիպ իրավիճակում՝ Դոնբաս, Կոզովօ ու Կոզովոյի սերբական շրջաններ, Լեռնային Ղարաբաղ (Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից 1991թ. դեկտեմբերի 21-ի «Ալմա-Աթայի հռչակագրի» դրոյթներին հաւատարմութեան հաստատման համատեքստում)»:

Ս. Լաւրովի յայտարարութիւնը նկատի առնելով՝ հարկ է նշել հետեւեալը: Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգաւորման վերաբերեալ 2008 թ. նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները մերձմոսկովեան Մայնդորֆ ամրոցում համատեղ ստորագրել են հռչակագիր, որում կողմերը, մասնաւորապէս, արձանագրել են, որ.

  • Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը պէտք է կարգաւորւի քաղաքական ճանապարհով՝ «…միջազգային իրաւունքի նորմերի ու սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունւած որոշումների ու փաստաթղթերի հիման վրայ»,
  • «հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարեւոր նշանակութիւնը»:

Սա եզակի փաստաթուղթ է: 1994 թ. մայիսի 9-11-ի ընթացքում՝ եռակողմ (Արցախ, Հայաստան, Ադրբեջան) համաձայնագրի ստորագրումից 14 տարի անց, Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ համատեղ ստորագրել են Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգաւորման վերաբերեալ փաստաթուղթ, որը ստորագրել է նաեւ Ռուսաստանը: Այսինքն՝ Ռուսաստանը ճանաչել եւ ընդունել է, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը պէտք է կարգաւորւի «…միջազգային իրաւունքի նորմերի ու սկզբունքների եւ այդ շրջանակում ընդունւած որոշումների ու փաստաթղթերի հիման վրայ»:

Հետեւաբար, 2023 թ. մարտի 20-ին Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լաւրովի հնչեցրած յայտարարութիւնն արցախահայութեանը տրւելիք իրաւունքների մասին հակասում է «Մայնդորֆեան հռչակագրում» ամրագրւած դրոյթներին:

2009 թ. յուլիսի 10-ին՝ Իտալիայի Լակւիլա քաղաքում հրաւիրւած մեծ ութնեակի գագաթնաժողովին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդւեդեւն ու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգաւորման վերաբերեալ հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ՝ ընդունելով, որ կոնֆլիկտը պէտք է կարգաւորւի Հելսինկեան եզրափակիչ ակտի սկզբունքների համաձայն: Խօսքը, մասնաւորապէս, վերաբերում է ուժի չկիրառման, ժողովուրդների հաւասար իրաւունքների ու ինքնորոշման եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքներին:

Այսինքն՝ Լակւիլայի յայտարարութեամբ եւս Ռուսաստանը ճանաչել եւ ընդունել է, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը պէտք է կարգաւորւի միջազգային իրաւունքի սկզբունքների, մասնաւորապէս՝ ինքնորոշման իրաւունքի սկզբունքի համաձայն:

Արցախահայութեանը տրւելիք իրաւունքների մասին Ս. Լաւրովի վերոնշեալ յայտարարութիւնը հակասում է նաեւ Լակւիլայի յայտարարութեան մէջ արձանագրւած դրոյթներին:

Այսպիսով՝ Ռուսաստանի արտգործնախարարի վերոնշեալ յայտարարութիւնը դիտարկելով առնւազն նշւած փաստաթղթերի՝ «Մայնդորֆեան հռչակագրի» եւ Լակւիլայի յայտարարութեան համատեքստում՝ կարող ենք պնդել, որ պաշտօնական Մոսկւան վերանայել է իր մօտեցումն Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգաւորման վերաբերեալ՝ գրանցելով յետընթաց կոնֆլիկտի կողմերից մէկի՝ Արցախի սպասելիքների տեսանկիւնից:

Արցախի կարգավիճակի փոխարէն արցախահայութեան իրաւունքների ու անվտանգութեան հարցն առաջնահերթ համարելու մասին Ռուսաստանի արտգործնախարարի վերը նշւած յայտարարութիւնը նկատի առնելով՝ կարող ենք պնդել, որ Ռուսաստանը, փաստօրէն, հրաժարւել է արցախահայութեան ինքնորոշման իրաւունքը պաշտպանող իր իսկ ստորագրած փաստաթղթերից:

Ռուսաստանը հրաժարւել է նաեւ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգաւորմամբ զբաղւելու միջազգայնօրէն ճանաչւած միակ մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբում աշխատելու յանձնառութիւնից: Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբում աշխատելու յանձնառութիւնից հրաժարւելու մասին Ռուսաստանի պաշտօնական յայտարարութիւններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն իրենց պատրաստակամութիւնն են յայտնել շարունակելու աշխատել Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափում:

Ռուսաստանը նաեւ կրաւորական կեցւածք է դրսեւորել ինչպէս օկուպանտ Ադրբեջանի կողմից Քաշաթաղի միջանցքի արգելափակման, այնպէս էլ 2023 թ. սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետութեան դէմ սանձազերծած չորրորդ զաւթողական պատերազմի ժամանակ: Արցախի Հանրապետութեան շուրջ ստեղծւած իրավիճակի վերաբերեալ 2023 թ. յուլիսի 15-ին Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործերի նախարարութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում, մասնաւորապէս, ասւում է. «2022 թ. հոկտեմբերին ու 2023 թ. մայիսին Եւրամիութեան հովանու ներքոյ անցկացւած գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպէս Ադրբեջանի տարածք։ Մենք յարգում ենք Հայաստանի ղեկավարութեան ինքնիշխան որոշումը, սակայն դա արմատապէս փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքոյ ստորագրւել է Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը, ինչպէս նաեւ տեղակայւած ռուսական խաղաղապահ զօրախմբի վիճակը տարածաշրջանում»:

Մէջբերւած հատւածում պարզաբանման կարիք ունի հետեւեալ ձեւակերպումը. «Սակայն դա արմատապէս փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքոյ ստորագրւել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը»: Ի՞նչ պայմանների մասին է խօսքը: Նշւած հարցի պատասխանը կարող է որոշակիօրէն լոյս սփռել բռնազաւթիչ Ադրբեջանի կողմից Քաշաթաղի միջանցքի ապօրինի արգելափակման համատեքստում Ռուսաստանի Դաշնութեան կրաւորական կեցւածքի վրայ:

Հարցի պատասխանը գտնում ենք Ռուսաստանի Դաշնութեան նախագահի՝ Ադրբեջան-Արցախ երրորդ պատերազմի յետպատերազմեան իրավիճակի ու յարակից հարցերի վերաբերեալ 2020 թ. նոյեմբերի 17-ի հարցազրոյցում: Պատասխանելով Արցախի կարգավիճակի մասին հարցին՝ ՌԴ նախագահը, մասնաւորապէս, ասել է. «Այո՛, նման խնդիր կայ, Ղարաբաղի վերջնական կարգավիճակը չի կարգաւորւել։ Մենք պայմանաւորւել ենք, որ պահպանելու ենք ստատուս քւօն, ներկայ իրավիճակը։ Թէ ինչ կը լինի յետոյ, պէտք է որոշեն ապագայում կամ ապագայ առաջնորդները՝ այս գործընթացի ապագայ մասնակիցները: Բայց, իմ կարծիքով, եթէ պայմաններ ստեղծւեն նորմալ կեանքի, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների վերականգնման, մարդկանց միջեւ կենցաղային մակարդակով, յատկապէս հակամարտութեան գօտում, դա պայմաններ կը ստեղծի Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար»: 

Մէջբերումից պարզ է, որ Արցախի կարգավիճակի հարցը, ըստ ամենայնի, բանաւոր պայմանաւորւածութեան համաձայն, որոշւել է թողնել ապագային: Սակայն փաստերի համադրումից պարզւում է, որ Նիկոլ Փաշինեանը խախտել է Արցախի կարգավիճակն ապագայում որոշելու մասին 2020 թ. նոյեմբերին բանաւոր կերպով ձեռք բերւած եռակողմ՝ (Հայաստան, Ռուսաստան ու Ադրբեջան) պայմանաւորւածութիւնը:

Այս ամէնի հետ միաժամանակ հարկ է նշել, սակայն, որ նման պայմանաւորւածութեան խախտումը չէր կարող եւ չպէտք է հիմք հանդիսանար օկուպանտ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան ապօրինի շրջափակման հարցում Ռուսաստանի Դաշնութեան կրաւորական կեցւածքի համար, քանի որ «Արցախում ամբողջական հրադադարի ու բոլոր ռազմական գործողութիւնների աւարտի մասին» 2020 թ. նոյեմբերի 9-ի յայտարարութեան 6-րդ կէտի համաձայն՝ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնութեամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ,… մնում է Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմի վերահսկողութեան ներքոյ»:

Հետեւաբար, նշւած յայտարարութիւնը ստորագրած իւրաքանչիւր կողմ, այդ թւում՝ նաեւ Ռուսաստանի Դաշնութիւնը, պարտաւոր էր առանց որեւէ նախապայմանի ու ամբողջական ծաւալով կատարել յիշեալ փաստաթղթում արձանագրւած իրեն վերաբերելի դրոյթները:

Այսպիսով՝ վերոգրեալի հիման վրայ կարող ենք պնդել, որ Ադրբեջան-Արցախ երրորդ պատերազմից յետոյ պաշտօնական Մոսկւան արմատապէս վերանայել է իր մօտեցումն Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգաւորման վերաբերեալ՝ գրանցելով յետընթաց կոնֆլիկտի կողմերից մէկի՝ Արցախի սպասելիքների տեսանկիւնից: Ռուսաստանին՝ որպէս տարածաշրջանային աւանդական միջնորդի, որի միջնորդութեամբ նոյնպէս Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տեղի են ունեցել բանակցութիւններ ինչպէս Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի, այնպէս էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանն առնչւող հարցերի շուրջ, չի յաջողւել հակամարտող կողմերին առաջարկել խնդրայարոյց հարցերի շուրջ փոխընդունելի լուծումներ:

Related Articles

Back to top button