Հայաստան - ԱրցախՔաղաքական

Պարտւողներին չեն դատում

ԱՐԱՄ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Այլընտրանքային» նախագծեր խումբ

 

«Յաղթողներին չեն դատում» արտայայտութիւնը Հայաստանում վերաձեււել է «Պարտւողներին չեն դատում»-ի։ Սա պետութեան կենսափիլիսոփայութեան ամենաառանցքային փոփոխութիւնն է, որ տեղի է ունեցել 2018-ից։ Հայաստանում պարտութեան ֆետիշ է առաջացել։ Մենք ու պարտութիւնը նոյնականացւել ենք։

Եւ երկրում մեծ փոփոխութիւնները պէտք է սկսւեն այս հոգեվիճակի փոփոխութիւնից։ Ցանկացած ոլորտում յաղթանակը էքզիստենցիալ անհրաժեշտութիւն է։ Հայաստանը պէտք է դուրս գայ պարտւողականութեան ճահիճից։

 

Պարտութեան միջավայր՝ ամենուր

Ֆուտբոլի ազգային հաւաքականը ջախջախիչ պարտութիւն կրեց Վրաստանից։ Սա նւաստացուցիչ էր, բայց հանրութեան մէջ շոկ չառաջացրեց։

Հաւաքականի ելոյթը եւ մեր հասարակութեան հաւաքական վարքագիծը բաւականին նման են. չկայ պայքար, չկայ պայքարի ձգտում, չկայ դիմադրելու կամք, ասես յաղթելու բնազդը ատրոֆիայի է ենթարկւել։ Պարտւելը՝ նորաձեւ է։

Խորհրդանշական էր, որ Երեւանում եւ Թբիլիսիում կայացած հանդիպումներին ներկայ էր Հայաստանի գրեթէ ամբողջ ռազմական ղեկավարութիւնը՝ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ։

Երեւանում կրած պարտութիւնից յետոյ Փաշինեանն անձամբ մտաւ Վրաստանի հաւաքականի հանդերձարան ու հերթով շնորհաւորեց Վրաստանի ազգային հաւաքականի բոլոր ֆուտբոլիստներին։ Հազւադէպ է պատահում, որ մի երկրի վարչապետ, որի թիմը նոր է պարտւել, չսահմանափակւի իր պաշտօնակցին շնորհաւորելով, փոխարէնը՝ մտնի հակառակորդ թիմի հանդերձարան եւ սկսի խանդավառութեամբ շնորհաւորել հակառակորդ թիմի ֆուտբոլիստներին, որոնք ջախջախիչ յաղթանակ են տարել իր նկատմամբ: Նոյնիսկ սպորտային ասպարէզում Փաշինեանն այդ վարքագիծն է դրսեւորում՝ ցոյց տալով, որ ամէն դէպքում յաղթանակը չէ վերջնական նպատակը։

Ստեղծւել է մի իրավիճակ, երբ թւում է՝ մշտական պարտութիւններն անխուսափելի են Հայաստանի համար, եւ ոչ միայն ֆուտբոլում, այլ՝ ամենուր։ Ըստ էութեան, սա ուղղակիօրէն կապ ունի 44-օրեայ պատերազմում կրած պարտութեան եւ դրան յաջորդած հասարակական-քաղաքական մթնոլորտի հետ։

44-օրեայ պատերազմում պարտութիւն, Ջերմուկում եւ Սիւնիքում՝ տարածքային կորուստներ, 2023-ին՝ Արցախի վերջնական հայաթափում եւ կորուստ, արտաքին քաղաքական արկածախնդրութիւններ եւ դրանց տապալում, տնտեսական աճի դադար եւ տնտեսական լճացման մեկնարկ, եւ այժմ՝ ոչ ֆուտբոլային հաշւով խայտառակ պարտութիւն հարեւան Վրաստանից։

 

Տապալումներն ունեն պատասխանատուներ եւ հեղինակներ

Ինչո՞ւ Փաշինեանը չի հեռացնում Արմէն Մելիքբէգեանին։ Արմէն Մելիքբէգեանը epress.am-ի հիմնադիրն էր, որը, թերեւս, ամենաթուրքամէտ քաղաքական ռեսուրսներից մէկն էր Հայաստանում։

Նա իր լրագրողական գործունէութեան ընթացքում հանդէս է եկել Արցախի մերժման եւ Ադրբեջանի պահանջների կատարման օգտին, իսկ նրա գործունէութեան «գագաթնակէտը» Արցախի ղեկավարութեանը եւ իրաւական համակարգի ներկայացուցիչներին ուղղւած քննադատութիւնն էր՝ Արցախ ներխուժած դիւերսանտներին դատելու համար, որոնք սպանել էին արցախցի անչափահաս տղային։

Մելիքբէգեանի epress.am-ը դատավարութիւնն անարդար համարեց եւ բացայայտօրէն Արցախը յայտարարեց անօրինական քաղաքական սուբիեկտ։

Տարօրինա՞կ է, որ իշխանութիւնն ատամներով պահում է Մելիքբէգեանին այս պաշտօնում։ Հիմա, երբ Փաշինեանի «զիջել, զիջել մինչեւ վերջ» քաղաքականութիւնը գնալով անընդունելի է դառնում հանրութեան մեծամասնութեան համար, իսկ Փաշինեանն ինքը վերածւում է մի քաղաքական գործչի, որի հետ համագործակցելը կամ որի «ձեռքը սեղմելը» մերժելի երեւոյթ է դառնում, նրան օդ ու ջրի պէս պէտք են Մելքիբէգեանի պէս հաւատարիմ «գաղափարական եղբայրներ»։

 

2021-ը՝ պարտւողների ինդուլգենցիա

Հայաստանում ստեղծւել է պարտւողներին չպատժելու նախադէպ։ Եթէ Փաշինեանը կարող է պարտւել պատերազմում, յանձնել Արցախը եւ վերընտրւել, ապա ինչո՞ւ Մելիքբէգեանը չի կարող նոյնն անել։ Եւ այսպէս են մտածում բոլոր պաշտօնեաները։ Սա իհարկէ բերել է ու դեռ կը բերի երկրում խոշոր փլուզումների։

 

Մէկ այլ վտանգ

Կայ մեծ ռիսկ, որ հականիկոլական դաշտը, քաղաքական ընդդիմախօսութիւնը՝ որպէս սոցիումի մի մաս, նոյնպէս կարող է յայտնւել այս թակարդում։ Նրանք էլ կարող են պրոցէսներում իրենց պարտութիւնը համարել նորմալ, դա համարել ընթացիկ արդիւնք։ Սա արագ կը բերի Հայաստանի լիակատար պարտութեան։

Հետեւաբար՝ հակաիշխանական հանրային պրոցէսները պէտք է լինեն ոչ թէ քաղաքական պայքար, որտեղ կարելի է «նաեւ պարտւել», այլ՝ պարտութեանը յաղթելու առաջնորդութիւն։

Related Articles

Back to top button