Հայկ Մամիջանեան. «Աշխարհը հայութեանն ընկալում է ոչ թէ որպէս ազգ-նահատակ, այլ Նիկոլ Փաշինեանով, որոշ երկրների ղեկավարներ էլ հրապարակային ծաղրում են նրան»
«ԱԼԻՔ» – «Մի քանի ժամ առաջ այս ամբիոնից Նիկոլ Փաշինեանը պնդեց, որ աշխարհը մեզ ընկալում է որպէս ազգ-նահատակ, աշխարհը, ցաւօք սրտի, մեզ ընկալում է Նիկոլ Փաշինեանով»: Այս մասին, երէկ՝ դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ ամբիոնից յայտարարութիւնների ժամին ասել է ՀՀԿ անդամ, ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Հայկ Մամիջանեանը:
Ըստ նրա՝ դրանով է պայմանաւորւած Բելառուսի նախագահի երկու յայտարարութիւններն ու արտայայտութիւնները։
«Դրանով է պայմանաւորւած, որ աշխարհի շատ ու շատ երկրներում մարդիկ իրար մէջ ասում են՝ դէ կորզելով, խաբէութեամբ մեր քաղաքացիների ձայները եւ վերընտրւելով, Հայաստանը, հայ ազգը համակերպւել է ցաւալի պարտութեան հետ, իսկ որոշ երկրների, մասնաւորապէս, Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարներն անգամ դա ասում են հրապարակային, մասնաւորապէս Ադրբեջանինը»,- ասել է նա:
Մամիջանեանը նշել է, որ նոյն երկրների ղեկավարները հրապարակային ծաղրում են Նիկոլ Փաշինեանին:
«Այ, այդպէս է մեզ աշխարհն ընկալում, այլ ոչ թէ որեւէ այլ տարբերակով։ Ես ազգ-նահատակի զաւակ չեմ, ես հայ եմ։ Հայ, որն իրեն մի քանի անգամ գերազանցող հակառակորդին յաղթել է պատերազմի դաշտում, իսկ յետոյ հակառակորդի հետ խօսել է՝ կամ կրակում ենք, կամ բանակցում ենք, մենք երկուսին էլ պատրաստ ենք, սկզբունքով։ Այս նոյն ամբիոնից Փաշինեանը պնդում էր, որ անկեղծ չենք»,- ասել է նա:
Ըստ պատգամաւորի՝ զաւեշտալի է, երբ Փաշինեանն է անկեղծութիւնից խօսում: «Մարդ, ով որ բացայայտ էլի այս ամբիոնից ասել է, որ ինքը խաբել է հայ ժողովրդին, երբ մինչեւ 20 թւականը խօսում էր Արցախի եւ այլ խնդիրների մասին։ Մարդ, ով որ իր նախընտրական ծրագրով եւ ապա իր կառավարութեան ծրագրով ուղղակի խաբէութեամբ ստացել է մեր քաղաքացիների ձայները։ Հադրութ, Շուշի էր դէ օկուպացնում, Մադրիդեանով Արցախեան խնդիր էր լուծում, արդիւնքը տեսանք»,- նշել է Մամիջանեանը:
Ապա նա անդրադարձել է Նիկոլ Փաշինեանի՝ 18 թւականին Սերժ Սարգսեանի ԱԺ ամբիոնից արւած ելոյթի մէջբերմանը: «Ինչպէս միշտ մէջբերւեց հատւածային: Մէկ անգամ եւս կրկնեմ, մենք երբեք էլ Ադրբեջանի հետ չենք բանակցել, մենք բանակցել ենք միջազգային հանրութեան հետ, որովհետեւ բանակցութիւններն այդպէս են վարւում։
Այդ դուք սկսեցիք բանակցել Ադրբեջանի հետ, արդիւնքում յանձնեցիք չորս գիւղ, եւ ձեր ուշադրութիւնը հրաւիրեմ, Տաւուշի շրջանում, որ ամենապաշտպանւած սահմանի հատւածն էր մեր երկրի, եւ դա վկայում է, որ այս վեց տարւայ ընթացքում այդտեղ որեւէ առաջխաղացում թշնամին ունենալ չկարողացաւ, արդէն իսկ Ադրբեջանը կառուցում է ամրութիւններ ձեր յանձնած հատւածներում»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է Արցախի ճանաչմանը, Մամիջանեանը յիշեցրել է, որ նախագահ Սերժ Սարգսեանն ապրիլեան պատերազմի ժամանակ ասել էր, որ եթէ պատերազմը տեւի 7 օր, ապա մենք կը ճանաչենք Արցախի անկախութիւնը, եւ ժամանակին համանախագահների առաջ պայման էր դրել, որ եթէ, ինչպէս 2008 թւականին, եւս մէկ անգամ ՄԱԿ-ում ընդունւի որեւէ մի կեղծ, սուտ հակահայկական բանաձեւ, ապա դա նոյնպէս կը լինի պատճառ, որպէսզի Հայաստանը ճանաչի Արցախի անկախութիւնը։
«Գիտէք, Փաշինեանի ելոյթը աւարտւում էր իր վարչապետութեան մասին, ես էլ այդպէս աւարտեմ։ Այո՛, Նիկոլ Փաշինեանն օր-օրի փոքրացող Հայաստանի Հանրապետութեան վարչապետ է ներկայանում, եւ դա մեր բոլորի մեղքն ու ամօթն է։ Եւ եթէ Նիկոլ Փաշինեանը շարունակի ներկայանալ որպէս Հայաստանի Հանրապետութեան վարչապետ, ապա կը շարունակի փոքրացնել մեր պետութիւնը, ու դա կը լինի բոլորիս մեղաւորութիւնը»,- նշել է նա: