ԹեհրանՀամայնք

Հ. Մ. «Արարատ» կազմակերպութիւնը 80-ամեակի մեծ տօնակատարութեանն է պատրաստւում

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Ուրբաթ՝ դեկտեմբերի 6-ի կենտրոնական ձեռնարկով  նշանաւորւելու է Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան հիմնադրման եւ գործունէութեան 80-ամեակը:

Այս մասին «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում յայտնել են Հ.Մ.Ա.Կ.-ի 80-ամեակի յանձնախմբի անդամ Լիդա Վարդանեանը եւ Կենտրոնական վարչութեան անդամ Ժորժ Աղայեանը:  Հանդիպմանը ներկայ էր նաեւ կենտրոնական ձեռնարկի գեղարւեստական ղեկավար Սեդրակ Գոջամանեանը:

Լիդա Վարդանեանը 80-ամեակին նւիրւած միջոցառումների մասին նշեց, որ 2024 թւականի մայիսից մեկնարկած բոլոր միջոցառումներն ու գեղարւեստական ձեռնարկները, ինչպէս նաեւ մարզական իրադարձութիւնները նւիրւած են եղել կազմակերպութեան հինադրման 80-ամեակին, ինչով կարելի է հաստատել, որ բոլոր անդամների մասնակցութեամբ եւ կատարած աշխատանքներով  է տօնւել ու նշանաւորւել  «Արարատ»-ի 80-ամեակը: 

Հ.Մ.Ա.Կ.-ի 80-ամեակի յանձնախմբի անդամը յաւելեց, որ շուրջ 11 միջոցառում է տեղի ունեցել՝ փառատօնների, ներկայացումների, մարզական խաղերի, ինչպէս նաեւ կրօնական-ազգային տօների  տեսքով, որոնք նւիրւած են եղել Հ.Մ.Ա.Կ.-ի 80-ամեակին: Նա պատասխանելով՝ մասնաճիւղերի մասնակցութեամբ ծրագրերի մասին հարցին, նշեց, որ կազմակերպութեան կենտրոնական վարչութիւնը տարբեր առիթներով ներկայ է գտնւել Ուրմիայում ու Թաւրիզում, կամ նրանց մասնակցութեամբ մարզական եւ մշակութային իրադարձութիւններին: «Դրանցից վերջինը, Գեարդաբադում աւանդոյթ դարձած սրբ. Գէորգի հարիսայի միջոցառումն էր, որին մասնակցեց նաեւ կենտրոնական վարչութեան նախագահը, ընկերակցութեամբ միւս վարչականների»:

ԱՄՆ-ում հաստատւած արարատականները  եւս բեմային միջոցառում են կազմակերպել 80-ամեակ առիթով: Իսկ Հայաստանում եւս նման նախագիծ կար՝ այնտեղ հաստատւած մեր նախկին ու ներկայ անդամների մասնակցութեամբ, ինչը որոշ պատճառներով յետաձգւել է:

Լիդա Վարդանեանը եւ Ժորժ Աղայեանը յայտնեցին նաեւ, որ Հ.Մ.Ա.Կ.-ն պատրաստւում էր նոյն առիթով սեմինար կազմակերպել, որը շարունակում է մնալ օրակարգում եւ մօտ ժամանակներում իրականացւելու է:

Հանդիմանը ներկայ Սեդրակ Գոջամանենաը նշելով, որ  80-ամեակի յանձնախմբի հրաւէրով է վերադարձել Թեհրան, յաւելեց, որ «Արարատ»-ի արւեստիցի եւ միւս բոլոր միութիւների աջակցութիւնն ունենալով կենտրոնական ձեռնարկին է պատրաստւում:

Ռեժիսորը փակագծեր բացելով նշեց, որ միջոցառման բեմը լինելու է պատմութեան դանդաղ, իսկ ներկայ ժամանակների արագ շնչառութեան միաձուլումը, ինչով վաւերագրականին յատուկ չակերտեալ «ձանձրալին» պէտք է վերածւի «ընթեռնելի» բեմական իրադարձութեան:

Սէթօն յաւելեց, որ տեքստը մշակելիս փորփրել է կազմակերպութեան հին դարակները, յատկապէս 40-ամեակի, 60-ամեակի, 75-ամեակի, եւ Կարապենցի ու Ամուրեանի բոլոր արձանագրութիւնները. «Այստեղ նոյնիսկ նկատում ես, թէ լեզուն ինչ կարգի փոփոխութիւնների է ենթարկւել, այս ժամանակի ընթացքում»,- նշում է նա:

Նշենք, որ իրանահայ արւեստագէտի հետ մեր զրոյցին կարող էք ծանօթանալ առաջիկայ համարներից մէկում:

Related Articles

Back to top button