ԹեհրանՀամայնք

Տ. Վարազդատ աւագ քհնյ. Քեշիշեանի յիշատակին

Թւականիս յուլիսի 8-ին՝ Թեհրանում կեանքի 93 տարեկան պատկառելի հասակում, ի Տէր հանգչեց Հայասանեայց Առաքելական Ս. եկեղեցու նւիրեալ սպասաւոր, արժանապատիւ Տ. Վարազդատ աւագ քհնյ. Քեշիշեանը եւ անհուն վիշտ ու ափսոսանք պատճառեց իր հարազատներին եւ իր պաշտօնավարած թեմի ժողովրդին:

Ծնւել է 1932 թւականին՝ Իրանի Սպահան նահանգի Փերիա գաւառի Բոլորան գիւղում՝ մի աւանդապահ ու բարեպաշտ ընտանիքում:

Հայրը՝ Թովմասը, մի աշխատասէր եւ հաւատացեալ Քրիսոնեայ էր, որը զբաղւում էր երկրագործութեամբ նա սերում էր քահանայական գերդաստանից:

Մանուկ Յակոբը հասակ է նետել իր մեծ հօր՝ Մարգարի անմիջական շնչի ներքոյ, որը զաւակն էր Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանի:

Փոքր տարիքից սովորել է իր մեծ հօր մօտ, որը լաւածանօթ էր կրօնական գիտելիքներին ու եկեղեցական արարողութիւններին: Դպրոցական ուսումն ստացել է ծննդավայր գիւղի Հայրիկեան դպրոցում: Ապա 1949 թ.-ին յաճախել է ուսուցչական դասընթացներին, որից յետոյ 13 տարի շարունակաբար որպէս հայերէն եւ կրօնի ուսուցիչ պաշտօնավարել է «Հայրիկեան» դպրոցում: Երեք տարի որպէս կրօնի ուսուցիչ՝ դասաւանդել է Ռաշտի «Յորդանանեան» դպրոցում:

1951 թւականին ամուսնացել է համագիւղացի Շուշան Թահմազեանի հետ եւ բախտաւորւել է մէկ աղջիկ եւ 6 տղայ զաւակներով՝ Արմենակ, Ռազմիկ, Մովսէս, Մարգար, Հրանտ, Գագիկ եւ Քարմէն անուններով, որոնց եւս դաստիարակել է ազգային ոգով:

1965 թ.-ին ընդառաջելով Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի կոչին, մասնակցել է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքի հոգեւոր դպրանոցի քահանայից դասընթացներին, որի աւարտումից յետոյ 1966 թ.-ի յուլիսի 28-ին, վեց այլ քահանայացուների հետ, ձեռնադրւել է քահանայ՝ Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում՝ ձեռամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Արտաք արք. Մանուկեանի՝ խարտաւիլակութեամբ Սպահանի թեմի ժամանակի առաջնորդական տեղապահ Տ. Եփրեմ վրդ. Թապագեանի հետագային արքեպիսկոպոս:

Իր ցանկութեամբ՝ անդրանիկ պատարագը մատուցել է ծննդավայր Բոլորան գիւղի Ս. Ղուկաս եկեղեցում:

Այնուհետեւ սկսել է իր հոգեւոր ծառայութիւնը՝ Թեհրանի հայոց թեմում, նախ Ս. Աստւածածին եւ ապա Ս. Սարգիս եկեղեցիներում:

Նա միաժամանակ որպէս այցելու քանահայ՝ պաշտօնավարել է Ռաշտ, Անզալի եւ Սարի քաղաքներում: 1967 թ.-ից ստանձնել է Ռաշտի ամուսնութեան գրասենեակի արտօնատիրոջ պարտականութիւնը, որը շարունակւել է երկար տարիներ:

Տ. Վարազդատ աւագ քհնյ. Քեշիշեանը երկար տարիներ մասնակցել է Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովներին՝ որպէս հոգեւորական անդամ, նաեւ նոյն թեմի Դատական խորհրդին՝ որպէս թեմակալ առաջնորդի ներկայացուցիչը նոյն խորհրդում: Վերջին 24 տարիներում անդամակցել է Թ. Հ. Թ. Կրօնական խորհրդին՝ որպէս ատենապետ: Երկար տարիներ զբաղեցրել է առաջնորդական փոխանորդի պաշտօնը:

Որպէս վարձատրութիւն իր երկար տարիների անսակարկ հոգեւոր ծառայութեան՝ 1977 թ.-ի մարտի 7-ին եւ 1983 թ.-ի փետր. 10-ին, Մեծի Տանն Կիլիկիոյ երջանկայիշատակ Տ. Տ.  Խորէն Ա Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակներով, արժանացել է հերթաբար լանջախաչի եւ ծաղկեփիլոն կրելու պատւին:

1991 թ.-ի յուլիսի 29-ին Մեծի Տանն Կիլիկիոյ երջանկայիշատակ Տ. Տ.  կաթողիկոս Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի (Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) սրբատառ կոնդակով ստացել է աւագութեան տիտղոս:

Որպէս համեստ սպասաւոր Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ Տ. Վարազդատ աւագ քհնյ. Քեշիշեանը աշխատել է իր կարողութեանց սահմաններում եւ իր հոգեւոր պարտականութիւնները լաւագոյն կերպով կատարել: Նա որպէս աւելի քան 58 երկար տարիների բարի վաստակ ու համբաւ վայելող հոգեւորական՝ սիրւած ու յարգւած էր մեր ազգային հոգեւոր ու աշխարհական իշխանութեանց, մանաւաոդ մեր պատւական ժողովրդի կողմից:

Թաղման կրօնական արարողութիւնը եւ վերջին օծումը տեղի ունեցաւ յուլիսի 13-ին Ս. Սարգիս եկեղեցում՝ ձեռամբ հոգշ. Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանի, որից յետոյ իր դին ամփոփւեց Թեհրանի հայոց ազգային Նոր Բուրաստան գերեզմանատան քահանաների բաժնում:

Յարգանք իր վաստակին ու բարի յիշատակին:

Թող այս հակիրճ տողերը մի ծաղկեփունջ լինի եւ որպէս մի պտղունց խունկ մխայ նրա թարմ շիրիմին:

Յիշատակն արդարաոց, օրհնեալ եղիցի:

ՅՈՎԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ

Related Articles

Back to top button