Միջանցքի հարցով. Անկարան Բաքւի քմահաճոյքներով չի շարժւելու
Օրեր առաջ Ադրբեջանի նախագահի յատուկ յանձնարարութիւններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբէկովն «Ազատութեան» տարածաշրջանային թղթակից Ջոշ Կուչերային տւած հարցազրոյցում մի քանի գաղտնազերծում էր արել Նիկոլ Փաշինեանի՝ Ալիեւի հետ պայմանաւորւածութիւնների վերաբերեալ: Մասնաւորապէս, նա ասել էր, որ ապաշրջափակման մասին կէտը փոխադարձ համաձայնութեամբ հանւել է խաղաղութեան պայմանագրից:
«Մենք հասկացանք, որ չենք կարող տեսանելի ապագայում աւարտին հասցնել խաղաղութեան համաձայնագիրը, եթէ Սահմանադրութեան խնդրից բացի, եւս մէկ տարաձայնութիւն թողնենք՝ հաղորդակցութեան ուղիների բացումը։ Ուստի, փոխադարձ համաձայնութեամբ որոշեցինք այս պարբերութիւնը հանել խաղաղութեան պայմանագրից ու դրան վերադառնալ հետագայ փուլում: Երբ խաղաղութեան պայմանագիրը ստորագրւի, երկու պատւիրակութիւնները կամ երկու երկրները կարող են վերսկսել քննարկումները՝ գտնելու իրենց համար ընդունելի բանաձեւ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցութիւնը վերաբացելու համար»,- գաղտնազերծել էր Ամիրբէկովը:
ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը հաստատել էր տեղեկութիւնը, որ փոխադարձ համաձայնութեամբ բուն խաղաղութեան համաձայնագրի նախագծից հանւել է տարածաշրջանային հաղորդակցութիւններին վերաբերող յօդւածը:
«ՊԷտք է ընդգծենք, որ դրանց արդիւնաւէտ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղութեան եւ տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի եւ առաջ մղւող օրակարգի կարեւոր մաս: Այն լաւագոյնս արտացոլւել է ՀՀ կառավարութեան կողմից ներկայացւած «Խաղաղութեան խաչմերուկ» ծրագրում՝ հիմնւելով յայտնի սկզբունքների՝ ինքնիշխանութեան եւ իրաւազօրութեան յարգման, ինչպէս նաեւ փոխադարձութեան ու հաւասարութեան վրայ»,- լրատւամիջոցներին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալեանը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ԱԺ պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերի յանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկեանը խնդրայարոյց է համարում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցի դուրսմղումը հնարաւոր խաղաղութեան պայմանագրի նախագծից:
«Եթէ երկու կողմերը հաստատում են, որ ապաշրջափակման մասին դրոյթն էլ է դուրս եկել, այդ փաստաթղթում ի՞նչ է մնացել։ Արցախի հարցն ի սկզբանէ որոշւել է, որ հայ-ադրբեջանական բանակցութիւնների համատեքստում քննարկման առարկայ չէ, երկրորդ հարցը կոմունիկացիաների հարցն էր, հիմա, քանի որ համաձայնութիւն չկայ դրա շուրջ, փոխադարձ համաձայնութեամբ դա էլ է հանւել: Այսինքն, այն կէտերը, որոնց շուրջ համաձայնութեան չեն հասել կողմերը երկարատեւ բանակցութիւնների արդիւնքում, հատ-հատ հանում են, վերջում ունենալու ենք կէս էջանոց մի թուղթ, որն անկախ նրանից՝ կանւանեն խաղաղութեան պայմանագի՞ր, թէ՞ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման մասին, այն ինքնին որեւէ հիմնարար փաստաթուղթ չենք կարող համարել, քանի որ ունենում ենք հետագային թողնւած չլուծւած հարցեր, ինչը նշանակում է՝ համաձայնութեան բացակայութիւն: Այսինքն, ստորագրման դէպքում գործ ենք ունենալու մի ձեւական փաստաթղթի հետ, որը Նիկոլ Փաշինեանն օգտագործելու է՝ մանիպուլացնելու հասարակութեանը, թէ իբր Ադրբեջանի հետ կարողացել է խաղաղութեան պայմանագիր կնքել, մինչդեռ պատերազմի վտանգը մնալու է»,- 168.am-ի հետ զրոյցում նշել է ընդդիմադիր պատգամաւորը:
ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը, ըստ էութեան, ֆէյսբուքեան իր գրառման մէջ նոյն միտքն է արտայայտել։
«Ինչո՞ւ է Հայաստանի կառավարիչը շտապում հասնել «խաղաղութիւն» անունը կրող փաստաթղթի ստորագրմանը եւ յանուն դրա պատրաստ ցաւոտ զիջումների:
Այս հարցադրումը վերջին շրջանում առաւել ակտուալ դարձաւ, երբ պարզւեց, որ «խաղաղութեան պայմանագրի» տեքստից հանւել եւ առանձին քննարկման է դրւել ռեգիոնալ ապաշրջափակման հարցը:
Չի բացառւում, որ մի փուլում էլ սահմանների ճշգրտման դրոյթը փաստաթղթից հանեն ու թողեն առանձին բանակցութիւնների առարկայ:
Իսկ ո՞րն է ՀՀ իշխանութեան նպատակը: Սրանց խնդիրն է, որպէսզի մինչեւ ընտրութիւններ «խաղաղութեան» փաստաթուղթ ստորագրեն` փորձելով մարդկանց մոլորեցնել, թէ խաղաղութիւն է բերել, ու դա այն դէպքում, որ Հայաստան-Ադրբեջան խնդրայարոյց եւ պատերազմի վտանգ պարունակող դրոյթները թողնւելու են ընտրութիւններից յետոյ:
Ու այս դէպքում կապ էլ չունի, թէ «խաղաղութիւն» կոչւող փաստաթղթի մէջ ինչ է դրւած կամ գրւած: Սրանց համար կարեւորը ոչ թէ խնդիրներ կարգաւորելն է, այլ մարդկանց մոլորութեան մէջ գցելով՝ իշխանութիւն պահելն ու վերարտադրւելը»,- գրել է պատգամաւորը:
Իսկ Ադրբեջանը շարունակում է Հայաստանին յիշեցնել իր համար «Զանգեզուրի միջանցք»-ի կարեւորութեան մասին:
Մասնաւորապէս, Ադրբեջանի ղեկավարութեան տեսակէտներին եւ ծրագրերին քաջածանօթ ադրբեջանցի քաղաքագէտ Ֆարհադ Մամեդովը «Նովստ Կաւկազա» իւթուբեան ալիքի հեղինակ, քաղաքական մեկնաբան Գելա Վասաձէի հետ հարցազրոյցում նշել է.
«Ադրբեջանը պահանջում է յատուկ ռեժիմ «Զանգեզուրի միջանցք»-ի համար: Այսինքն, միւս բոլոր ճանապարհները, տրանսպորտային ուղիները պէտք է այլ ռեժիմով գործեն, իսկ «Զանգեզուրի միջանցք»-ը կամ զանգեզուրեան ճանապարհը պէտք է այլ ռեժիմով աշխատի՝ ինչպէս աւտոմոբիլային, այնպէս էլ՝ երկաթուղային, ինչը վերաբերելու է Ադրբեջանի քաղաքացիներին եւ բեռներին՝ Զանգելանից Օրդուբադ: Այս թեմայով մենք անհամաձայնութիւն ունենք: Ադրբեջանն ասում է՝ առանց յատուկ ռեժիմով աշխատող «Զանգեզուրի միջանցք»-ի՝ չի բացւելու ոչ մի այլ բան, ոչինչ: Եթէ չի բացւում ոչինչ, չի բացւում նաեւ հայ-թուրքական սահմանը»:
Իսկ 168.am-ի հետ զրոյցում «Յենակէտ» վերլուծական կենտրոնի փորձագէտ Շիրազ Խաչատրեանը նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան տարբեր միջազգային հարթակներում միշտ են խօսել «Զանգեզուրի միջանցք»-ի յատուկ ռեժիմով կարգավիճակի մասին, այլ հարց է՝ ադրբեջանական կողմը կարո՞ղ է լիովին ազդել հայ-թուրքական քննարկումների, որոշումների վրայ, թէ՞ ոչ։
«Առաջին հայեացքից տպաւորութիւնն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը շատ ներդաշնակ են գործակցում: Գուցէ կամ այո: Բայց դա դեռ հիմք չէ, որ հնարաւոր է այնպիսի իրավիճակ կամ սցենար, երբ Ադրբեջանը խոշոր խաղացողներին, մասնաւորապէս՝ Թուրքիային թելադրի, թէ ինչ կարող է անել։
Ընդհակառակը, Թուրքիան շատ մեծ ազդեցութիւն ունի՝ ինչպէս Ադրբեջանի, այնպէս էլ՝ Վրաստանի վրայ, եւ իր «փափուկ» քաղաքականութեամբ փորձում է իր ազդեցութեան գօտին ընդլայնել նաեւ Հայաստանի հաշւին: Իսկ այդ պարագայում, հաւատացէք, նոյնիսկ Բաքւի քմահաճոյքներով չի շարժւելու՝ իր դիրքերն ամբողջ Հարաւային Կովկասում տարածելու ճանապարհին։ Պէտք է նաեւ զուգահեռներ տանել հայ-ադրբեջանական պայմանաւորւածութիւնների՝ ապաշրջափակման հարցը «խաղաղութեան փաստաթղթից» հանելու որոշման եւ յուլիսի 30-ին տեղի ունեցած հայ-թուրքական հանդիպման ու պայմանաւորւածութիւնների միջեւ։
Այստեղ կարող ենք տեսնել թուրք եւ ադրբեջանական շահերի միջեւ որոշակի հակադրութիւններ, նոյնիսկ՝ պաշտօնական յայտարարութիւնների ու հաղորդագրութիւնների մակարդակով դա ակներեւ է։
Եթէ կարճ՝ որքան էլ Թուրքիան յայտարարի, որ առանց Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների վերջնական կարգաւորման հայ-թուրքական յարաբերութիւնները կարգաւորւելու հեռանկար չունեն, միեւնոյն է՝ Հարաւային Կովկասում իր ազդեցութիւնն ընդլայնելու, միջանցքի բացման «քաւորութիւնն» անելու, Միջին Ասիայի էներգետիկ ռեսուրսների տարանցման ուղին փաստացի իր վերահսկողութեան տակ պահելու համար, Թուրքիան ամէն քայլի կը դիմի՝ իր ընդլայնողական այդ քաղաքականութիւնն ինքնուրոյն առաջ մղելու համար, այդ թւում՝ հաշւի չառնելով նաեւ ադրբեջանական կողմի նախապայմանները։
Իսկ թէ այս պարագայում ինչ պէտք է անի Հայաստանը, կարողանո՞ւմ է արդեօք հայկական շահը գոնէ չնչին ձեւով առաջ տանել, յատկապէս այս իրավիճակում, դա արդէն լրիւ այլ քննարկման թեմա է»,- մանրամասնել է փորձագէտը:
Ի դէպ, ադրբեջանցի քաղաքագէտը վերոնշեալ հարցազրոյցում յիշեցրել է 2020 թւականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ յայտարարութեան 9-րդ կէտի մասին, եւ ակնարկել, որ ըստ այդ յայտարարութեան՝ Ռուսաստանն ապաշրջափակման գործընթացի կողմ է:
Իսկ Իրանն իր հերթին՝ շարունակում է Հայաստանին զգուշացնել՝ Իրանը կողմ է ապաշրջափակմանը, բայց դա պէտք է տեղի ունենայ բացառապէս Երեւանի ինքնիշխանութեան ներքոյ: