ՄԱԿ. «Էթնիկ հայերի զանգւածային տեղահանումը կապւած է Ադրբեջանի ռազմական գործողութեան եւ 9-ամսեայ շրջափակման հետ»
Մենք չափազանց մտահոգւած ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար եւ մարդու իրաւունքների ծանր ճգնաժամով եւ վերջին շաբաթներին այնտեղից փախած բնակչութեան վիճակով։ Այս մասին ասւում է ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդի անդամ 34 երկրների յայտարարութեան մէջ։
«ՄԱԿ-ի տարածաշրջանում առաքելութեան զեկոյցի համաձայն՝ գրեթէ ողջ էթնիկ հայ բնակչութիւնը փախել է Հայաստան՝ աւելի քան 100000 մարդ:
Նրանց զեկոյցում իրաւացիօրէն նշւում է այն տառապանքը, որը պէտք է պատճառեր այս փորձը:
Էթնիկ հայերի այս զանգւածային տեղահանումն իրենց տներից պայմանաւորւած է սեպտեմբերի 19-ին սկսւած ադրբեջանական ռազմական գործողութեամբ եւ Լաչինի միջանցքի 9-ամսեայ շրջափակմամբ, որը յանգեցրել է հումանիտար ծանր պայմանների»,- ընդգծւում է յայտարարութեան մէջ։
Ինչպէս նշւում է յայտարարութեան մէջ, ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների գերագոյն յանձնակատարի գրասենեակի (OHCHR) յաջորդ քայլը Լեռնային Ղարաբաղում մարդու իրաւունքների իրավիճակին ուշադիր հետեւելն է, փախստականների եւ տեղահանւածների, ինչպէս նաեւ մնացածների հետ հանդիպումը, եւ այդ մասին Խորհրդին տեղեկացնելը:
«Ուստի՝ մենք յորդորում ենք Հայաստանին եւ Ադրբեջանին հրաւիրել ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների գերագոյն յանձնակատարի գրասենեակի ներկայացուցիչներին՝ հնարաւորինս արագ նման տեխնիկական աջակցութիւն ցուցաբերելու իրենց:
Այս պահին մենք Ադրբեջանին կոչ ենք անում ապահովել Լեռնային Ղարաբաղի մնացած հայերի իրաւունքներն ու անվտանգութիւնը եւ անյապաղ պայմաններ ստեղծել հայրենիք վերադառնալ ցանկացողների կամաւոր, անվտանգ, արժանապատիւ եւ կայուն վերադարձի համար: Նրանց մշակութային եւ կրօնական ժառանգութիւնը պէտք է երաշխաւորւած եւ պաշտպանւած լինի:
Մենք նաեւ կոչ ենք անում Ադրբեջանին հետեւել Մարդու իրաւունքների Եւրոդատարանի կողմից սեպտեմբերի 22-ին ընդունւած ժամանակաւոր միջոցներին եւ 2021 թւականի դեկտեմբերի 7-ին, 2023 թւականի փետրւարի 22-ին եւ 2023 թւականի յուլիսի 6-ին ընդունւած Արդարադատութեան միջազգային դատարանի ժամանակաւոր միջոցներին։
Մենք կոչ ենք անում Հայաստանին, միջազգային հանրութեան աջակցութեամբ, շարունակել մարդասիրական օգնութիւն ցուցաբերել ճգնաժամի հետեւանքով տեղահանւածներին»,- ասւած է ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդի յայտարարութեան մէջ։
«News.am»