Bloknot. Սիրիայի իշխանութիւնները ցեղասպանութիւն են կազմակերպել

«ԱԼԻՔ» – Էթնիկ-կրօնական սկզբունքով զանգւածային սպանութիւնները մեծ թափ են հաւաքում Սիրիայում. ալաւիների եւ քրիստոնեաների ամբողջական ընտանիքներ են գնդակահարւում, մորթւում եւ գլխատւում, գրում է Bloknot-ը։
Նշւում է, որ ԴԱԷՇ-ի նախկին անդամները ակտիւօրէն գործում են պաշտօնական Դամասկոսի դրօշի ներքոյ։
Պատմաբան եւ հրապարակախօս Եւգենի Նորինը, վկայակոչելով «արաբական հարցերում գիտակ ընկերոջը», յայտնում է.
«Սիրիայում 2 օրւայ ընթացքում զոհւել է Գազայում սպանւած բոլոր խաղաղ բնակիչների մէկ քառորդը (այսինքն՝ 10 հազարից շատ աւելի մարդ. Իսրայէլի ռմբակոծութիւնների մէկուկէս տարւայ ընթացքում Գազայի կորուստները գնահատւում են 50 հազար)։
ՄԱԿ-ը, Amnesty International-ը, Կարմիր Խաչը նոյնիսկ մի բառ չասացին։
Մերոնք, ընդհանուր առմամբ, նոյնպէս [միեւնոյն է]»։
Նորին ամփոփում է. պարզւեց, որ ռուսաստանեան քարոզչութիւնը, որը մինչեւ Բաշար Ասադի տապալումն ասում էր, թէ Սիրիայում ահաբեկիչների դէմ պայքար է մղւում, ճշմարտութիւնն էր ասում։
«Չափաւոր ընդդիմութիւնը», որն, իբր, ձգտում էր ժողովրդավարացման եւ խաղաղ Սիրիայի, որտեղ կը յարգւեն բոլոր ազգութիւնների եւ կրօնների իրաւունքները, պարզւեց, որ բոլորովին տարբերւում է նրանից, ինչ մինչեւ հիմա ներկայացնում են Եւրամիութիւնում:
Մոսկւայի քաղաքային դումայի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա»-ի պատգամաւոր Անդրէյ Մեդւեդեւը տեսանիւթ է հրապարակել ալաւիների նկատմամբ բռնութիւնների մասին՝ կոչ անելով բոլորին դիտել եւ երես չդարձնել։
«Եւ յիշէք, որ արդէն Ռուսաստանում մեզ սպանելու եւ բռնաբարելու պատրաստ շատ մարդիկ կան։ Բաւական է յիշել Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչութեան պատմութիւնը։ Ինչպէս նաեւ Պետդումայի առանձին պատգամաւորներին, որոնք նոյնիսկ տաջիկ ահաբեկիչների գործողութիւնների համար ենթադրեալ ռուս նացիստների են մեղադրում»,- նրա խօսքն է մէջբերում Bloknot-ը։
Ըստ Մեդւեդեւի, խօսքն ակնյայտօրէն ոչ թէ պատահական էքսցեսների եւ առանձին խմբաւորումների վերահսկողութիւնից դուրս գալու մասին է, այլ Սիրիայի ներկայիս առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի կանխամտածւած քաղաքականութեան։
«Սա շատ կարեւոր է արձանագրել բոլորի համար։ Հասարակ մարդուց մինչեւ պետական կարեւոր որոշումներ կայացնող մարդկանց համար:
Ալաւիների եւ քրիստոնեաների ցեղասպանութիւնը կազմակերպւել է Սիրիայի իշխանութիւնների կողմից։ Էթնիկ եւ կրօնական զտումները վերահսկողութեան մեթոդ են, այլ ոչ թէ իրականացնողի սխալ: Սիրիայում, դէ ֆակտօ, ի յայտ է գալիս նոյնը, ինչ փորձել է կառուցել ԴԱԷՇ-ը. գրոհայինների «խալիֆայութիւն»։
Հետեւաբար, կարեւոր է հասկանալ, որ կրօնական օրէնքները/ազգային արժէքները/արմատականութիւնը պետական օրէնքներից վեր դասելու ցանկացած փորձ հանգեցնում է նման բանի:
Զանգւածային սպանութիւնների մասնակիցներից շատերը հենց այն նոյն «օտարերկրեայ արժէքաւոր մասնագէտներն» են, որոնք, ինչպէս բացատրում են, չափազանց կարեւոր են մեր տնտեսութեան համար։ Եւ նրանցից շատերը ցանկանում են կրկին այցելել Ռուսաստան։ Յատկապէս, որ նրանք արդէն ապրել են այստեղ։ Եւ թշնամու կառոյցները կօգտւեն դրանից, երբ չկարողանան մեզ յաղթել Ուկրաինայում։
Սիրիան այլեւս չկայ։ Վաղ թէ ուշ ահաբեկչական կենսաաղբը հարկ կը լինի ոչնչացնել, հնարաւոր է, միջազգային ռազմական գործողութիւնների միջոցով»:
«ՌԻԱ Նովոստի»-ի ռազմական թղթակից Ալեքսանդր Խարչենկոն նոյնպես ընդգծում է՝ Սիրիայում մենք հիմա տեսնում ենք մի բան, որը կարող է հաշւած տարիներ յետոյ կրկնւել Ռուսաստանում։
Նրա կարծիքով, ՀՏՇ-ի հետ «գործարար յարաբերութիւններ» կառուցելը սխալ որոշում է։
«Նայէք այդ դէմքերին,- գնահատում է նա երջանիկ մարդասպան գրոհայիններին:- Կենտրոնական Ասիայից այսպիսի ժպտերես տղաները երկու օրւայ ընթացքում հազարաւորների մորթեցին։ Բոլորին, ովքեր համաձայն չէին իրենց կրօնական հայեացքների հետ, հրամայւեց ոչնչացնել:
Շնորհաւորում եմ բոլոր նրանց, ովքեր խորամանկ ծրագրեր էին կազմում եւ մի քանի պայմանագրերով Սիրիայի նոր կառավարիչների չէզոքութիւնը գնելու յոյս ունէին: Այս մարդիկ չեն եկել հիփոթէք փակելու համար։ Այս գրոհայինները կառուցում են նոր աշխարհ, որտեղ դուք արժանի տեղ չունէք: Նրանց հետեւորդները մէկ մատնազարկով ջարդ կը սկսեն Փարիզի, Լոնդոնի եւ Մոսկւայի փողոցներում։
Այս կոտորածից յետոյ մենք պէտք է կատարենք մեր քաղաքակրթական ընտրութիւնը։ Կամ մենք պայքարում ենք այս անմարդկային արարածների դէմ, կամ… այլընտրանքի մասին չեմ էլ ուզում մտածել։
Մէկ անգամ էլ կրկնեմ, որ անհնար է պայմանաւորւել ահաբեկիչների հետ, դուք երբեք նրանց հետ հաւասար չէք լինի։ Ինչքան էլ նրանց փող վճարէք, ոչինչ չի ստիպի նրանց փոխել իրենց հայեացքները: Ձեր ուղարկած իւրաքանչիւր դոլար ձեզ կը վերադարձւի գնդացրային կրակահերթի տեսքով։ Հերիք է ձեզ լաւ տղաներ ձեւացնէք: Մենք կա՛մ յստակ դիրքորոշում կը զբաղեցնենք ու կը պաշտպանենք մեր շահերը, կա՛մ ամէն ինչ կը կորցնենք։ Ժամանակն է կատարել մեր ընտրութիւնը»:
Ի վերջոյ, որքան համատարած կը դառնայ ցեղասպանութիւնը, առայժմ պարզ չէ: Ռազմական փորձագէտ Բորիս Ռոժինը նշում է, որ ներկայումս պաշտօնական Դամասկոսը ներկայացնող զինեալները «իրենց մաղձը թափում են» անպաշտպան խաղաղ բնակիչների վրայ՝ առանց յարձակւելու ալաւի աշխարհազօրայինների վրայ, որոնք ամրացած են մի շարք շրջաններում։
Նա կարծում է, որ ահաբեկիչներին չի յաջողւի բոլորին արմատապէս ոչնչացնել, եւ նրանք շուտով խնդիրների կը բախւեն։
«Ալաւիների դիմադրութիւնը ձեռք է բերել տասնեակ եւ հարիւր հազարաւոր մարդկանց, որոնք այժմ աջակցում են ապստամբութեանը: Ալաւիները, որոնք նախկինում հանգիստ յանձնել էին իրենց զէնքերը նոր իշխանութիւններին եւ կարծում էին, որ իրենք անձնապէս չեն տուժի, իրենց աչքերով տեսան, թէ հետագայում ինչ է լինելու իրենց հետ արիւն ճաշակած աղքատ երկրում։
Իսկ սիրիական նոր կառավարութիւնը փոխանակ առափնեայ շրջանի համար պատասխանատու մարիոնետային ալաւիական խորհուրդ ստեղծելու եւ այս խորհրդի հետ բնակչութեան հետ երկխօսութեան իմիտացիա վարելու՝ միաժամանակ ապստամբներին ներկայացնելով որպէս «ռեժիմի մնացորդներ, որոնք իրաւունք չունեն խօսելու հպարտ ալաւիական համայնքի անունից», որոշեց, պարզապէս. «ռեժիմի մնացորդ» անւանել բոլոր նրանց, որոնք կը սպանւեն հերթական անզուսպ միջինասիացու գնդակից, լինեն դրանք ծերեր, թէ մէկ տարեկան երեխաներ»։
«Իսրայէլը մեծ ուժերով յարձակում է սկսել նախկին Սիրիայի խորքում։ Ըստ որոշ տւեալների, Էս-Սուվէյդայի ռազմական խորհուրդը (մէկ այլ էթնիկ կրօնական խմբի՝ դրուզների յենակէտը) պատրաստւում է իսրայէլական դրօշներ բարձրացնել Էս-Սուվէյդա քաղաքի հասարակական շէնքերի վրայ»,- մարտի 9-ի գիշերը գրել է ռազմական թղթակից Օլեգ Բլոխինը: