
Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, պարլամենտի օրւայ առիթով կայացած մամուլի ասուլիսում բարձր է գնահատել ժողովրդի միասնութիւնը՝ 12-օրեայ պատերազմում գրանցւած յաղթանակի կապակցութեամբ՝ նշելով, որ Իրանի առանցքային ամրութիւնը 90 միլիոնանոց կորիզն է։ Հրապարակելով ասուլիսի ամբողջական նիւթը տեղեկացրել է ԻՌՆԱ-ն:
Ղալիբաֆը ընդգծել է նաեւ, որ ներկայումս իրականացւող համացանցային սահմանափակումները ժամանակակից մօտեցումների արդիւնք չեն եւ վերանայման են ենթակայ , նշել է. «Դա աւելացնում է երկրի կիբերխոցելիութիւնը եւ հեշտացնում թշնամիների հասանելիութիւնը մեր աղբիւրներին: Առանց վերահսկողութեան ամբողջ ցանցին հասանելիութիւն տալը նոյնպէս սխալ կը լինէր: Ոչ մի երկիր առանց կարգաւորումների չի ղեկավարում թւային դաշտը»։
Անդրադառնալով անվտանգային հարցերին՝ Ղալիբաֆը շեշտել է, որ Իրանն այսօր ունի աւելի ուժեղ պաշտպանւածութիւն եւ յարձակողական կարողութիւն, եւ ԱՄՆ-ի կամ Իսրայէլի ցանկացած արկածախնդրութեան պատասխանը կը լինի աւելի խիստ, ճշգրիտ եւ արդիւնաւէտ։
Եւրոպայի մասին նա նշել է, որ այն այսօր այլեւս որեւէ դեր չի զբաղեցնում իրանական միջուկային գործընթացներում եւ ԱՄՆ-ի հրահանգով է շարժւում, ինչպէս snapback-ի ակտիւացնելու փաստն էր:
Ղալիբաֆը նաեւ հաստատել է, որ խորհրդարանի որոշմամբ է Իրանի համագործակցութիւնն Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան հետ ժամանակաւորապէս սահմանափակւել, իսկ այս խնդիրը կարգաւորւում է Ազգաին անվտանցութեան խորհրդի ուղիղ դերակատարութեամբ:
Վառելիքի գների շուրջ հարցին անդրադառնալով՝ նա յիշեցրել է, որ գների փոփոխութեան լիազօրութիւնը լիովին կառավարութեանն է: Իսկ ինչ մնում է խորհրդարանին, նա նշել է, որ պարլամենտն այս հարցում որեւէ խոչընդոտ չի ստեղծելու պետութեան որոշման դէմ:



