Արաղչի. «Ստի կրկնութիւնը չի փոխում հիմնարար իրողութիւնները»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ընդգծելով, որ ստի կրկնութիւնը չի փոխում հիմնարար իրողութիւնները:
«Ես ընդհանրապէս խուսափում եմ ԶԼՄ-ների միջոցով բանակցութիւնների հիմնական տարրերի մասին փաստարկներ ներկայացնելուց:
Բայց այն, ինչ ցանկանում եմ ասել, այն է, որ ստի կրկնութիւնը չի փոխում հիմնարար իրողութիւնները: Իրանը որպէս NPT-ի հիմնադիր ստորագրողներից մէկը, ունի միջուկային վառելիքի ամբողջական ցիկլ ունենալու բոլոր իրաւունքները: Դրանից բացի, կան NPT-ի մի քանի անդամ երկրներ, որոնք հարստացնում են ուրանը՝ միաժամանակ մերժելով միջուկային զէնքի արտադրութիւնը: Իրանից բացի, այս ակումբում ընդգրկւած են ասիական, եւրոպական եւ հարաւամերիկեան մի քանի երկրներ:
Մաքիսմալիստական դիրքորոշումներից եւ սադրիչ հռետորաբանութիւնից ոչինչ չի ստացւի, քան յաջողութեան հասնելու շանսերի բացառումը:
Արդար, հաւասարակշռւած եւ կայուն համաձայնութեան կայացումը հասանելի է: Ընդամէնն անհրաժեշտ է քաղաքական վճռակամութիւն եւ արդար մօտեցում»,- գրել է նա:
Յիշեցնենք, որ աւելի վաղ, Արաղչին նոյն հարթակում մեկնաբանելով Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցութիւնների հերթական փուլը հետաձգելու որոշումը՝ նշել էր, որ Իրանը շարունակում է ձգտել իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնութիւնները լուծել բանակցութիւնների միջոցով։
«Մեր օմանցի եւ ամերիկացի գործընկերների հետ միասին մենք որոշել ենք հետաձգել բանակցութիւնների չորրորդ փուլը՝ լոգիստիկ եւ տեխնիկական պատճառներով։ Իրանական կողմից բանակցային կարգաւորման հասնելու մեր վճռակամութեան մէջ որեւէ փոփոխութիւն չկայ:
Իրանն առաւել, քան երբեւէ վճռակամ է արդար եւ հաւասարակշռւած համաձայնագրի հասնելու հարցում, որը կապահովի պատժամիջոցների վերացումը եւ կը ստեղծի վստահութիւն, որ Իրանի միջուկային ծրագիրը յաւերժ կը մնայ խաղաղասիրական բնոյթի՝ Իրանի իրաւունքների լիակատար յարգանքով», – գրել էր նա:
Նշենք, որ նախօրէին Իրանը, ԱՄՆ-ն եւ Օմանը համաձայնութեան են եկել հետաձգել անուղղակի բանակցութիւնների չորրորդ փուլը, որը նախատեսւած էր անց կացնել այսօր՝ մայիսի 3-ին Հռոմում։