Դաշնակցական Բեմ

Պէտք է վերականգնել Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը

«ԱԼԻՔ» – «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանն է։

Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.

– Հայ ազգի վիճակը բաւականին բարդ է։ Դաշնակցութեան նախորդ ընդհանուր ժողովի ժամանակ՝ 2022 թ․մարտին, ռուս-ուկրաինական պատերազմը նոր էր սկսւել, Արցախը դեռ շրջափակւած, յանձնւած ու հայաթափւած չէր։ Այս ժողովի ժամանակ մենք յստակ ուղենիշ ենք դրել՝ արցախահայերի վերադարձի եւ Արցախը ազատագրելու հարցը։

– Հայաստանի այս իշխանութիւնը խաղաղութեան իշխանութիւն չէ։ Իշխանափոխութիւն է պէտք, բայց այն չպէտք է լինի ինքնանպատակ։ Այս իշխանութիւնը ճիշտ բանակցութիւններ չի վարում, հայանպաստ որոշումներ չի կայացնում։ Փաշինեանի համար հայ ազգ չկայ, ազգային գաղափարախօսութիւն չկայ։

– Սփիւռքը կայ, Հայաստանի կողքին է։ Մեր ուժը մեր միասնականութեան մէջ է։ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը պիտի վերականգնենք։ Փաշինեանն անընդհատ փորձում է պառակտել հայ ազգին, հայկական Սփիւռքը։ Անշուշտ, չի յաջողում, բայց ամէն բան անում է դրա համար։

– Ես Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիւիէ Դըկոտինեիի հետ խօսել եմ օրեր առաջ արած նրա աղմկայարոյց յայտարարութեան մասին։ Մենք բաւականին մօտ ենք, ու ես նրան ասացի, որ ինքը սխալ է, երբ Արցախի հարցով յղում է տալիս Ալմա Աթայի հռչակագրին։ Իրեն ասացի, որ ինքն այդպիսով մաքրում է Փաշինեանին։ Դեսպանն ասաց՝ ինքը կողմ չէ Փաշինեանի ասած իրական Հայաստանի գաղափարին։ Ես մանրամասն ներկայացրել եմ իմ դիրքորոշումը։ Ինքն ասաց՝ իրեն, իր խօսքը ճիշտ չեն հասկացել։ Առաջարկում եմ՝ հրաւիրէք պարոն դեսպանին հարցազրոյցի եւ հարցրեք իրեն:

Յիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի Հանրային ռադիոյով հեռարձակւած հարցազրոյցում որոշ աղմկայարոյց յայտարարութիւններ էր արել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիւիէ Դըկոտինեին:

«Եթէ խօսում էք Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ապա Լեռնային Ղարաբաղը որպէս պետութիւն չի ճանաչւել ոչ միջազգային հանրութեան, ոչ էլ նոյնիսկ Հայաստանի կողմից։ Ի դէպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ ԼՂ-ն Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։ Հետեւաբար, նրանք, ովքեր պնդում են, թէ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչւել 2022 թւականին Պրահայում, ստում են, որովհետեւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչւել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դէպ, Պրահան ընդամէնը յղում է անում, յիշեցնում է Ալմա Աթայի հռչակագիրը։ Եւ այսօր հարցը հետեւեալն է՝ ինչպէ՞ս հասնել խաղաղութեան՝ արդար, կայուն, ամուր խաղաղութեան, որպէսզի վերացւեն Հայաստանի վրայ կախւած սպառնալիքները»,- յայտարարել էր նա:

– Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մեզ ասաց՝ զարմացած է, որ Փաշինեանը Պրահայում չպաշտպանեց հայութեան շահերը, երբ Շառլ Միշէլը պաշտպանում էր Ալիեւին։ Պրահայում նոյնն անում էր Փաշինեանը, ու միայն ինքը՝ Մակրոնն է պաշտպանել հայերին այդ հանդիպման ժամանակ։ Մարսելում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ մեզ Էմմանուէլ Մակրոնն ասաց՝ «Պրոբլեմը Փաշինեանն է»:

– Հայ համայնքը՝ իր տարբերութիւններով, միակ սուբիեկտն ենք, որ միասնական ու հզոր ենք։ Ֆրանսիայի հայ համայնքը շատ ուժեղ է։

Ֆրանսիան Հայաստանին, հայ ժողովրդին բարեկամ երկիր է. իշխանութիւնները գալիս են ու գնում, բայց հայ-ֆրանսիական բարեկամութիւնն ամուր է, ու ֆրանսիական իշխանութիւնը պէտք է առաջնային համարի հայկական, Հայաստանի շահը, այլ ոչ թէ՝ Փաշինեանի։

– Ֆրանսիան ուզում է ամրապնդել Հայաստանի բանակը ու գիտի, որ Փաշինեանը թուլացնում է բանակը։ Երբ Միսաք Մանուշեանին վերայուղարկաւորում էին, այդ արարողութեանը ներկայ էին նաեւ Ֆրանսիայի զինւած ուժերի նախարար Սեբաստիէն Լըկորնիւն եւ Հայաստանի պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեանը։ Ես Ֆրանսիայի պաշտպանութեան նախարարին հարցրեցի՝ «Պարոն նախարար, մինչեւ ո՞ւր էք պատրաստ գնալ, եթէ Հայաստանին վտանգ սպառնայ»։ Նա ինձ պատասխանեց՝ «Իսկ մինչեւ ո՞ւր է պատրաստ գնալ Հայաստանը»։

Ֆրանսիայում շատ լաւ հասկանում են՝ ռազմական օգնութիւնը Հայաստանին կարեւոր է։

– Արցախի հարցը Ֆրանսիայի համար փակւած չէ։ Ես պնդում եմ, որ արցախահայերի վերադարձի հարցը պաշտօնական Ֆրանսիայի օրակարգում է, հարցը սեղանին է։ Ես սա պնդում եմ, ու դեսպանը դրա կողմնակիցն է։ Խնդրում եմ, հաւատացէք ինձ։

– Ֆրանսիան զէնք է վաճառում Հայաստանին, պատրաստում է մեր բանակը, եւ որեւէ մէկը Ֆրանսիայում Հայաստանի առաջ չի դրել Արարատից հրաժարւելու հարց, ոչ ոք չի ասել, որ եթէ չհրաժարւենք Արարատի խօսոյթից, ինչպէս ասում է Փաշինեանը, մեզ զէնք չեն վաճառի։

– Փաշինեանը սո՛ւտ է խօսում։ Նա մի՛շտ է սուտ խօսում։ Նա 2018 թ․ յստակ առաքելութեամբ է իշխանութեան եկել՝ յանձնել Արցախը, թուլացնել բանակը, Թուրքիայի հետ յարաբերութիւնները կարգաւորել, Ադրբեջանի հետ նւաստացուցիչ պայմաններով պայմանագիր կնքել։ Մի՛ հաւատացէք Փաշինեանին։

– Ես միակը չեմ, ում մուտքն այս իշխանութիւնն արգելել էր Հայաստան։ Ես գալիս եմ հիմա, բայց տասնեակ հայորդիներ չեն կարողանում գալ հայրենիք։ Ֆրանսիայում Մակրոնը իմ հարցով դիմեց Փաշինեանին։ Ինձ Փաշինեանը հարցրեց՝ դատը շահեցի՞ր, ասացի՝ այո, բայց 24 ժամ դեռ ունէք բողոքարկելու համար։ Պատասխանեց՝ ո՛չ, ես ԱԱԾ-ին կասեմ, չենք բողոքարկի։ Յաջորդ օրը չիպն ուղարկեցին։ Չբողոքարկեցին, քանի որ անձամբ Մակրոնն էր իմ հարցով դիմել, որ դադարեցնեն հետապնդումները, հանեն Հայաստան մուտք գործելու արգելանքը:

– Բաքւի բանտերում գտնւող գերիների վերադարձի հարցով բանակցում ենք անգամ Ադրբեջանի բարեկամ երկրների հետ, որ նրան հասկացնեն՝ գերիները պիտի վերադառնան։ Ինչո՞ւ մենք այսօր ռազմագերիներ ունենք Բաքւում, որովհետեւ չունենք այստեղ ադրբեջանցիներ, Փաշինեանն Ադրբեջանին յանձնեց բոլորին․ ինչո՞ւ հիմա մենք չենք կարող փոխանակել նրանց։ Սա անպատասխանատու քաղաքականութիւն է։

– Ֆրանսիայի հայ համայնքի հետ Փաշինեանի հանդիպմանը ես չեմ եղել, որովհետեւ ինձ չեն հրաւիրել, բայց տեղեակ եմ, որ հրաւիրւած է եղել 30 մարդ, որից 25-ը հայերէն չէր հասկանում, իսկ թարգմանիչ չկար։ Նախապէս հանդիպումից առաջ հաւաքել են բոլորի հեռախօսներն ու ժամացոյցները։ Փաշինեանի 12 րոպէանոց խօսքի 8 րոպէն նւիրւած էր Դաշնակցութեանը: Փաշինեանը հիւանդագին կերպով է վերաբերւում Դաշնակցութեանը, ասում է՝ Հայաստանը պիտի ազատենք այդ գաղափարախօսութիւնից։ Տեղում հանդիպմանը ներկայ Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների խորհրդի համանախագահ (CCAF), «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանեանը պահանջեց թարգմանիչ բերել։ Բերեցին, հարցուպատասխանը թարգմանութեամբ ընթացաւ արդէն, բայց նախաբանն արդէն ասւել էր։ Մարդիկ չէին հասկացել նախաբանում ասւած մտքերը Փաշինեանի: Արա Թորանեանը հետագայում յօդւածով հանդէս եկաւ:

– Փաշինեանը ուրացման պրոցես է սկսել՝ հարցականի տակ դնելով Հայոց Ցեղասպանութեան հարցը։ Թուրքիայի նպատակն էլ է դա՝ կասեցնել Ցեղասպանութեան ճանաչումը։ Եւ Հայաստանի կառավարութիւնը Թուրքիային աջակցում է այդ հարցում։ Փաշինեանը եւ մենք տարբեր ուղղութիւններով ենք գնում. մենք կողմ ենք հայութեան միասնականութեանը, ինքը՝ պառակտմանը։ Ուրեմն պէտք է ընտրենք՝ ո՞ւմ վստահել։ Փաշինեանը խաբել է մեզ, ու 2018 թ.-ի ու 2021 թ.-ի ընտրութիւնը պէտք է սրբագրել։

– Երբ Սերժ Սարգսեանը ֆուտբոլային դիւանագիտութեան ժամանակ եկաւ Փարիզ, մենք ցոյց արեցինք, որովհետեւ այդ արձանագրութիւններում, ըստ մեզ՝ թէպէտ գրւած չէր, բայց կարծում էինք, որ Արցախից ու Ցեղասպանութեան ճանաչումից հրաժարումի հարցը կար։ Սխալ էինք հասկացել։ Սերժ Սարգսեանի դէմ Փարիզում բողոքի ցոյցը ես էի կազմակերպել, բայց Սերժ Սարգսեանն իմ մուտքը Հայաստան չարգելեց։

– Տարիներ անց, երբ ես հանդիպեցի նրա հետ, ինքն ինձ ասաց՝ լաւ արեցիք, որ այն ժամանակ ցոյց կազմակերպեցիք, դուք իրաւունք ունէիք ձեր կարծիքը յայտնել։ Մենք խօսեցինք, հասկացանք իրար։

– Մենք այս կռիւը յաղթելու ենք։ Ես չգիտեմ՝ ինչպիսին կը լինեն աշխարհաքաղաքական յաջորդ քայլերը, բայց Նիկոլ Փաշինեանը չի կարող մնալ Հայաստանի վարչապետ։

– Հայ ժողովուրդն արդէն հասկացել է՝ ինչ սխալ է գործել։ Այլընտրանքային կառավարութիւն է պէտք ձեւաւորել՝ արդար, ազգային բնոյթ ունեցող սոցիալական Հայաստան ունենալու համար։

– Հայաստանը ծով չունի, բայց Սփիւռք ունի։ Դա հզոր ուժ է։ Պէտք է ուժեղ ու անկախ Հայաստանը վերականգնել, որ հայ երիտասարդն ապագայ կերտելու համար չմտածի երկրից դուրս գալու մասին։

– ԱՄՆ-ում փոխնախագահ Ջէյմս Դէյւիդ Վենսի հետ չստացւած հանդիպումից, Թրամփի հետ հանդիպում չունենալուց յետոյ Փաշինեանը եկաւ Ֆրանսիա՝ Մակրոնի հետ հանդիպման՝ լուսանկարի համար, իր դէմքը փրկելու համար։ Ամերիկայում նրան շատ վատ էին ընդունել, Վենսին այդքան խնդրելուց յետոյ մի ոտքի վրայ լուսանկար ունեցաւ ընդամէնը։ Իսկ Մակրոնը միշտ Փաշինեանին լաւ է ընդունելու, որովհետեւ նա ոչ թէ Փաշինեանին է ընդունում, այլ Հայաստանի ղեկավարին, եւ ով էլ լինի Հայաստանի ղեկավարը, Ֆրանսիայի նախագահը լաւ է ընդունելու։

– Թրամփ-Եւրոպա յարաբերութիւնները շատ վատ են այսօր։ Ֆրանսիան ուզում է Եւրոպայում կենտրոնական դեր ստանձնել, նա իր աջակցութիւնն է յայտնել Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ին անդամակցութեան հարցով, բայց դա կարող է յղի լինել Ռուսաստանի դէմ պրովոկացիայի վտանգով։ ԱՄՆ-ը երբեք թոյլ չի տալու, որ Ուկրաինան դառնայ ՆԱՏՕ-ի անդամ։

– Ֆրանսիայի քաղաքական վիճակը վատ է։ Խորհրդարանում մեծամասնութիւն չկայ։ Մի կերպ կայունութիւնը պահպանելու համար կառավարութիւն կազմւեց, որն անընդհատ զիջումների է գնում։ Տեսնենք՝ ինչ կը լինի Մակրոնի մանդատի աւարտից յետոյ։ 2027 թւականին են լինելու նախագահական ընտրութիւնները:

– Խորհրդարանական ընտրութիւնները 2026 թ.-ին են Հայաստանում, բայց դա չի նշանակում, որ մինչ այդ քաղաքական ուժերը, ընդդիմութիւնը չպիտի աշխատի, չպիտի իջնի փողոց։ Ընդդիմութիւնը ձեռքերը ծալած չպէտք է նստի՝ սպասելով 2026 թ․ ընտրութիւններին։ Հայաստանում իշխանափոխութիւնն առաջնահերթութիւն է։

Related Articles

Back to top button