Մհեր Գարագաշեան. «Երբ Սփիւռքում գերիների արձակման պահանջ ենք ներկայացնում, մեզ ասում են՝ նախ թող Հայաստանն իր լռութիւնը խախտի, յետոյ մենք ձեզ կօժանդակենք»

«ԱԼԻՔ» – Կանադահայ գործիչ, մանկավարժ Մհեր Գարագաշեանը Բաքւում պահւող հայ ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան վերադարձի հարցի լուծման ուղղութեամբ ՀՀ իշխանութիւնների անգործութիւնը համարում է Բաքւի հետ պայմանաւորւածութեան արդիւնք:
«Սփիւռքում երբ ռազմագերիների ազատ արձակման պահանջ ենք ներկայացնում, մեզ ասում են՝ նախ թող Հայաստանն իր լռութիւնը խախտի, յետոյ նոր մենք անպայման ձեզ կօժանդակենք: Քանի դեռ պետական մակարդակով այս հարցը չի բարձրացւում, այն երկարելու է, եւ բոլորս գիտենք, թէ ինչպիսի կտտանքների են ենթարկւում մեր ռազմագերիները Բաքւում: Սա մեր ազգային ամօթն է, ազգովի խարանւած ենք, որ չենք կարողանում հերոսական Արցախին կամ առհասարակ մեր զաւակներին այս կամ այն ձեւով պաշտպանել»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նա նշեց, որ ամէն անգամ Կանադայի իշխանութիւնների, մասնաւորապէս՝ ԱԳ նախարարի հետ շփումներում յստակ է դառնում, որ շատ բան չեն կարող անել, բացատրութիւնն էլ այն է, որ արեւմտեան կամ ՆԱՏՕ-ի ակումբում Կանադան միջին քաշի ուժ է համարւում.
«Բայց ինչ որ կարող են անել, անպայման յայտարարութիւնների մակարդակով կամ գործնական քայլերով անում են: Չկայ պահ, որ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին հայութեան շահերը չպաշտպանի ամենայն ուժգնութեամբ: Մելանի Ժոլին ինքը կարծես ՀՀ ԱԳ նախարարը լինի: Փակ դռների յետեւում եղած բանակցութիւններում նա միշտ հանդիպում է ՀՀ իշխանութիւնների լռութեանը: Եւ բնական է, որ մարդիկ պէտք է ասեն՝ լաւ, մենք ամէն ինչ անում ենք ձեզ համար՝ իբրեւ կանադահայ համայնքի, բայց եթէ Հայաստանը մնում է միտումնաւոր լռութեան մէջ, շատ մեծ ճամփայ չենք կարող գնալ»: Նա նշեց, որ արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան հարցը միջազգային օրակարգում կայ, իսկ այդ հարցում յանցաւոր լռութիւնը ՀՀ իշխանութիւնների մօտ է. «Իբրեւ Սփիւռքի գործիչներ, մեր պարտականութիւնն է միջազգային օրակարգում այդ հարցը պահելը: Մէկը չկայ, որ ասի՝ գիտէ՞ք ինչ, Պրահայից յետոյ այդ հարցը փակւած է, եւ այդ ուղղութեամբ անելիք չունենք: Ժամանակին խօսում էին Արցախի ինքնորոշման իրաւունքի մասին, բայց մեզ պարտադրւած իրողութեան պատճառով այսօր, ցաւօք, խօսում ենք միայն արցախցիների վերադարձի, ռազմագերիների հարցերի մասին: Բայց այդ նշաձողը մի օր բարձրանալու է: Ասել, որ Արցախի հարցը փակւած է, Արցախն Ադրբեջանի կազմում է, այսօր մենք միայն հետաքրքրւած ենք «իրական Հայաստանի» հարցերով, սա յստակ պայմանաւորւածութիւն է այս կամ այն կողմի հետ, որ այս հարցը չպէտք է բարձրացնեն: Թէ որ հանգրւանին ենք, յստակ է՝ դամոկլեան սրի պէս պատերազմը մեր գլխին կանգնած է: Իշխանութիւններն ու Ադրբեջանն ասում են՝ եթէ այս չանէք, Սիւնիքի գլխին վտանգ կայ: Փոխանակ մտածեն, թէ Սիւնիքի համար ինչ պէտք է անենք, զիջում ու զիջում են: Բայց քաղաքականութեան մէջ աքսիոմա է՝ զիջումները քեզ լաւ տեղ չեն հասցնում, թշնամին աւելին է ուզում»:
Նրա խօսքով՝ Նիկոլ Փաշինեանը գաղափարախօսական ձեռնոց է նետել ազգային ուժերին, ինչի ցուցիչն են «իրական Հայաստան»-ի եւ «պատմական Հայաստան»-ի խօսոյթները, «Արագած եւ Արարատ»-ի խօսոյթը, Ցեղասպանութեան հարցի հարցականի տակ դնելը, մինչեւ Խրիմեան Հայրիկ հասնելը:
«Իշխանութիւնները քաղաքական ախոյեանի խնդիր ունեն եւ ամէն ինչ պէտք է անեն, որ Դաշնակցութեանը ներկայացնեն՝ իբրեւ պատերազմի կուսակցութիւն, իբրեւ անիրապաշտների հաւաքածու: Այս բառապաշարը ծանօթ է մեզ բոլշեւիկեան օրերից: Ամէն անգամ, երբ նման քաղաքական իրավիճակ է ստեղծում, սկսւում է «Սարոյեան Եղբայրների» ներկայացումը:
Մեզ համար լուրջ ճգնաժամային իրավիճակ է, պատերազմի ուրւականը հեռու չէ, որքան էլ քայլենք Երեւանի հանդարտ փողոցներով: Երբ թշնամին անընդհատ ասում է, որ քո երկիրն «Արեւմտեան Ադրբեջան» է, միջանցք են ուզում, այս ամէն մի արտայայտութիւնը քո գոյութեանն է սպառնում եւ պատերազմի յայտարարութիւններ են: Թշնամին իր իսկ հռչակած 29. 743 կմ.-ի մէջ է արդէն: Եթէ թշնամին պատրաստ է քեզ վրայ գրոհել, ձեռնպահ մնալու իրաւունք չունենք»:
Մհեր Գարագաշեանը նշեց, որ պատերազմից յետոյ՝ ինչպէս ամէն տեղ, այնպէս էլ՝ Կանադայի հայ համայնքում մեծ հիասթափութիւն կայ. «Պատերազմը չի աւարտւել, փոխադրւել է այլ դաշտ: Մեր ժողովուրդը հասկանում է՝ այս ամէնն ինչպիսի խաղերի արդիւնք է:
Ցեղասպանութեան վերաբերեալ Փաշինեանի յայտարարութիւնները զայրոյթ են առաջացրել հայ համայնքում, նրանք գիտեն՝ այս իշխանութիւնների մնալը ՀՀ պետականութեան ղեկին մէկ աղէտից միւսն է բերելու: Հայ համայնքի ջախջախիչ մեծամասնութիւնը վայրկեաններն է հաշւում, որ այս վարչախումբը գնայ, եւ գայ ազգի շահերը գիտակցող իշխանութիւն»:
Կանադահայ համայնքում դասաւանդող մանկավարժը վստահեցնում է՝ հայ երիտասարդները ե՛ւ իբրեւ հայ են մեծանում, ե՛ւ իւրայատուկ կապ ունեն Հայաստանի հետ, նոյնիսկ, եթէ չեն եղել հայրենիքում. «Ես մեծացել եմ՝ առանց Հայաստանը տեսնելու, բայց Հայաստանն ինձ համար ամէն ինչ է: Ինչպէս ինձ են դաստիարակել այդ իմաստով, նոյնը փորձում եմ փոխանցել իրենց: Երբ գալիս եւ տեսնում են Հայաստանը, արդէն սկսւում է դասարանում սովորածն իրական դառնալ, զգում են, որ իրենց արմատները շատ խորն են: Կանադահայ համայնքում արեւմտահայ մասնագէտների խնդիր չկայ, միակ խնդիրն այն է, որ պէտք է կանադական տւեալ համայնքից վկայական ստանալ, որ կարողանան դասաւանդել: Այսօր մեր ուսուցչական կազմում այդ մասնագէտները կան: Այն, որ արեւմտահայերէնը մեր լեզւի վտանգւած ճիւղն է, այդպէս է, բայց կանադահայ համայնքը հայախօս գաղութ է»: