Դաշնակցական Բեմ

Միաւորել ջանքերը՝ ապազգային իշխանութիւններին հեռացնելու, նոր որակի ազգային իշխանութիւն ձեւաւորելու, համահայկական կարողականութեամբ ուժեղ Հայաստան կառուցելու գործում

ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը

Աշխարհաքաղաքական ներկայ զարգացումների խորապատկերի վրայ Հայաստանի շուրջ ձեւաւորւող անվտանգային սպառնալիքները օրէցօր դառնում են առաւել անմիջական եւ խիստ վտանգաւոր:

Ադրբեջանի ղեկավարութեան հայատեաց, ռազմաշունչ եւ ծաւալապաշտական յայտարարութիւններն ու քայլերը աւելի ու աւելի սանձարձակ բովանդակութիւն են ստանում եւ վերածւում վերջնագրերի: Ադրբեջանը, օգտւելով աշխարհաքաղաքական անկայունութիւնից եւ ունենալով Թուրքիայի անվերապահ եւ ամբողջական աջակցութիւնը, բազմապատկելով իր ռազմական կարողութիւնները, փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բաւարարմանը՝ լինի դա Հայաստանի գործող վարչախմբի համաձայնութեամբ կամ նոր պատերազմ սանձազերծելու միջոցով:

Հայաստանի իշխանութիւններն, իրենց հերթին ահաբեկելով սեփական ժողովրդին վերահաս պատերազմի հնարաւորութեամբ եւ այդ պատերազմում անխուսափելի պարտութեամբ, լծւել են թուրք-ադրբեջանական տանդեմի անվերջանալի պահանջները հիմնաւորելու եւ բաւարարելու ազգակործան գործին: Ըստ այդմ, պատերազմից խուսափելու այս վարչախմբի առաջարկած իբրեւ թէ լաւագոյն մարտավարութեան էութիւնը պարտւողականութիւնն ու զիջողականութիւնն է յանուն կարծեցեալ խաղաղութեան, որի «երաշխաւորն» իրականում թուրք-ադրբեջանական տանդեմն է լինելու:

Պատրանքներ պէտք չէ ունենալ. անպաշտպան խաղաղութիւնը թւացեալ անվտանգութիւն է յանձնւած թշնամու բարեհաճութեանը:

Խաղաղութիւնը անշրջելի եւ կայուն կարող է լինել միայն վիճելի հարցերի արդար կարգաւորման եւ ռազմաքաղաքական հաւասարակշռութեան պայմաններում: Հակառակ դէպքում դա կապիտուլեացիա է եւ նոր պատերազմի սաղմնաւորում:

Հայ ժողովրդի եւ նրա ազգային ուժերի պատմական առաքելութիւնն է ազատւել կապիտուլեացիա, թէ պատերազմ կործանարար երկընտրանքից եւ հաստատել իրական՝ անշրջելի եւ արդար խաղաղութիւն: Իսկ մեր անժամանցելի իրաւունքներից եւ կենսական շահերից հրաժարումը բերելու է ոչ թէ խաղաղութիւն, այլ հայկական ինքնութեան եւ հայոց պետականութեան կորուստ:

Հետագայ անդառնալի կորուստներից խուսափելու եւ Հայաստանի դիմագրաւած գոյութենական մարտահրաւէրները յաղթահարելու նպատակով անհրաժեշտ է բեկում մտցնել իրավիճակի մէջ, ձեւաւորելով նոր որակի իշխանութիւն եւ հաստատելով երկրի զարգացման ազգային պետական ուղեգիծ:

 

Հրատապ անհրաժեշտութիւն է արմատապէս փոխել կառավարութեան քաղաքականութիւնը՝ հետեւեալ առաջնահերթ ուղղութիւններով.

ա) Հայկական ինքնութեան եւ հայոց պետականութեան պահպանման օրակարգի շուրջ համահայկական զօրաշարժի իրականացում:

Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ թուրքական ժխտողականութեանը նպաստելը, Արցախի ժողովրդի էթնիկ զտումները ու հայրենազրկումը անհետեւանք թողնելը՝ գոյութենական ապառնալիք է հայկական ինքնութեանը, Հայաստանի ինքնիշխանութեանը եւ վաւերացնում է ուժի դիրքերից հարցեր լուծելու նախադէպը:

բ) Պաշտպանութեան գործում համաժողովրդական մասնակցութիւն ապահովելու տրամաբանութեամբ համահայկական առաջնահերթ օրակարգ դարձնել բանակի եւ պաշտպանութեան ու անվտանգութեան համակարգերի հրատապ վերակառուցումը՝ առկայ մարտահրաւէրների հաշւառմամբ:

գ) Որդեգրել անվտանգային նոր ճարտարապետութեան ձեւաւորմանը եւ դիւանագիտական դիրքերի վերականգնմանը միտւած որակապէս այլ բովանդակութիւն ունեցող արտաքին քաղաքականութիւն, ինչը ենթադրում է ռազմավարական յարաբերութիւնների հաստատում ընդհանուր աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող երկրների եւ դաշինքների հետ, որոնց անմիջական շահերից է բխում հայկական կենսունակ պետութեան գոյութիւնը: Այս մօտեցմամբ ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային յարաբերութիւնները, Իրանի հետ կնքել ռազմաքաղաքական դաշինք, զարգացնել տարածաշրջանից դուրս այլ ուժային կենտրոնների եւ Արեւմուտքի հետ փոխլրացնող յարաբերութիւնները:

Հակառակ ներքին ու արտաքին դաւադիր ծրագրերի, հայութեան արժանապատւութեան եւ լինելիութեան պայքարը պէտք է շարունակւի:

Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միաւորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանութիւններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականութեանը սպառնացող վտանգները չէզոքացնելու, նոր որակի ազգային իշխանութիւն ձեւաւորելու եւ համահայկական կարողականութեամբ Ուժեղ Հայաստան կառուցելու գործում:

Դաշնակցութիւնը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մօտեցումները եւ պատրաստ են պայքարել յանուն արժանապատիւ եւ անվտանգ Հայաստանի ու Արցախի:

ՀՅԴ Բիւրօ

17.01.2025

Related Articles

Back to top button