Աւարայրի ճակատամարտի ազատութեան պատգամը այժմէական է հայ ժողովրդի համար

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ
387 թւականանին, Հռոմի եւ Պարսկաստանի միջեւ կնքւած պայմանագրով Հայաստանը բաժանւում է Բիւզանդիայի եւ Պարսկաստանի միջեւ, որով Հայաստանի արեւելեան նահանգները անցնում են Պարսկաստանին եւ արեւմտեանը՝ Բիւզանդիային:
Փաւստոսը, այս աղէտալի դէպքի մասին գրում է. «Այսպիսի նենգադաւ համաձայնութեամբ, նրանք ցանկացան Հայաստանի հզօր եւ հարուստ թագաւորութիւնը խեղճացնել որ էլ գլուխ չբարձրացնի»:
Սասանեան գերիշխանութեան ներքոյ, արեւելեան Հայաստանի նախարարները թէեւ վասալական կախման մէջ էին պարսից թագաւորից եւ վճարում էին սահմանւած հարկեր եւ պատերազմի ժամանակ, Պարսից թագաւորին էին տրամադրում իրենց այրուձին սակայն պահպանում էին ներքին անկախութիւնը, քանզի իրենց ձեռքում էր գտնւում երկրի հազարապետութիւնը, սպարապետութիւնը եւ դատավարութիւնը:
422 թւին, երբ Յազկերտ Բ-ն կնքում է յիսուն տարւայ հաշտութեան պայմանագիր Բիւզանդիայի հետ, որից յետոյ սկսում է զբաղւել հպատակ ժողովուրդներով, այդ թւում՝ հայերով:
Վաղուց ի վեր Պարսից թագաւորութեան ծրագիրն է եղել վերացնել հայերի անկախութիւնը եւ ձուլել նրանց որի համար էլ կիրառել է հայահալած քաղաքականութիւն հայոց բոլոր խաւերի նկատմամբ, որն Հայաստանում առաջացնում է խորն դժգոհութիւններ բոլոր խաւերի մօտ:
Այս բոլորից յետոյ, կրօնափոխութեան հրովարտակ է ուղարկում Հայաստան, որի քննութեան համար կաթողիկոսական տեղապահ՝ Յովսէփ Վայոցձորցու ղեկավարութեամբ, Արտաշատում գումարւում է նախարարների եւ հոգեւորականների աշխարհաժողով որն միաձայնութեամբ որոշում է մերժել կրօնափոխութեան առաջարկը եւ նամակով տեղեկացնել արքային:
Արքան սաստիկ զայրանում է հայերի պաասխանի վրայ եւ հրովարտակ ուղարկում աւագանուն անմիջապէս արքունիք ներկայանալ:
449 թւի գարնանը նախարարները ներկայանում են Յազկերտին որը յանդիմանում է նրանց եւ սպառնում, կրօնափոխ չլինելու դէպքում քար ու քանդ կանի հայոց երկիրը եւ բնակչութեանը գերութեան կքշի:
Ընկած ծուղակից ազատւելու համար, նախարարները յարմար են տեսնում դիմել կեղծ ուրացութեան, արքան լսելով ուրացութեան լուրը՝ուրախանում՝ եւ նրանց մի խումբ քուրմերի հետ ուղակում է Հայաստան, հայերին կրօնափոխ անելու համար:
Նախարարները եւ մոգերը երբ հասնում են Բագրեւանդի Անգղ գիւղաքաղաքը որտեղ քուրմերը փորձում են եկեղեցին վերածել ատրուշանի, ժողովուրդը Ղեւոնդ Երէցի առաջնորդութեամբ, բահ ու բրիչով յարձակւում են քուրմերի վրայ, ջարդում եւ գիւղից դուրս են անում:
Այս դէպքից յետոյ Վարդան Մամիկոնեանի գլխաւորութեամբ կազմւում է զինեալ խմբեր, յարձակւում են պարսից զօրակայանների վրա՝յ գրաւում եւ ոչնչացնում են դրանք եւ բարձրացնելով ապստամբութեան դրօշը, պատրասրւում են վերջնական գօտեմարտի:
Գարնանը պարսկական մի խոշոր բանակ, շարժւում է դէպի Հայաստան եւ բանակում Տղմուտ գետի ափին Աւարայրի դաշտում:
Հայ ժողովուրդն էլ Վարդան Մամիկոնեանի հրամանատարութեամբ, զանազան խաւերից կազմում է 66000 հոգանոց բանակ եւ «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ անմահութիւն» նշանաբանի ներքոյ անցնում է գործի:
451 թւի մայիս 26-ին, տեղի է ունենում ճակատամարտը, որն տեւում մինչեւ երեկոյ որի ընթացքում հերոսի մահով ընկնում է Վարդանը իսկ հայկական զօրքը իր քաջարի հրամանատարին կորցնելով մութն ընկնելուց յետոյ թողնում ու նահանջում է:
Ճակատամարտում հայկական բանակից սպանւում են 1036 հոգի, իսկ պարսից բանակից՝ 3544 հոգի:
Աւարայրի ճակատամարտից հայկական զօրքի նահանջումով, պատերազմը չի աւարտւում այլ ապստամբ հայկական զօրամասերը, Վահան Մամիկոնեանը հրամանատարութեամբ շարունակում են պարտիզանական յամառ կռիւներ պարսից զօրքի դէմ որն տեւում է երեսուն երեք տարի: Ի վերջոյ Սասանեանները տեղիք տալով հայերի պահանջին, 484 թւականին կնքում են Նւարսակի դաշնագիրը որով ընդունում են վերջ տալ իրենց հայահալած քաղաքականութեանը՝ կրօնափոխութեան հարկադրանքին եւ չմիջամտեն նախարարների ներքին գործերին: Նւարսակի դաշնագրով Հայաստանը ստանում է վարչական լայն ինքնավարութիւն եւ Հայոց Եկեղեցին՝ ազատ գործունէութիւն:
Աւարայրի ճակատամարտը տեղի ունեցաւ վասն հայրենեայց ազատութեան եւ ընդդէմ օտարերկրեայ բռնակալութեանց եւ ոչ միայն փրկեց հայ ժողովրդին ձուլումից եւ գերութիւնից, այլ գալիք սերունդներին փոխանցեց հետեւեալ պատգամը.
1. Հայրենիքի պաշտպանութեան եւ հաւատքի պահպանման ճանապարհին, գլուխ չխոնարհել ոչ մէկ բռնակալի ու նւաճողի առջեւ:
2. Չհանդուրժել նւաճողի ներկայութիւնը հայրենիքում եւ ոչ մի պայման չկնքել նւաճողի հետ քանի դեռ նա գտնւում է քո հողում:
3. Հայրենիք ներխուժող ուժերին հարւածել բոլոր միջոցներով եւ ամենուրէք, մինչեւ վերջնական յաղթանակ:
Այս երեք պատգամը, հինգերորդ դարից մինչ այսօր անընդհատ կրկնւել է հայոց պատմութեան մէջ:
Կրկնւել է Սարդարապատում, Բաշապարանում ու Ղարաքիլիսայում, մինչեւ 1918 թւի Մայիս 28-ը:
Կրկնւել է 1921 թւի Փետրւար 18-ին, մինչեւ 1991 թւի սեպտեմբերի անկախութիւնը:
Կրկնւել է Լեռնային Ղարաբաղում մինչեւ Ղարաբաղի Անկախ Հանրապետութեան կերտումը:
Կրկնւում է այսօր, Արցախում գործադրւած ցեղասպանութեան, Արցախի հայաթափման եւ արցախցինների վերադարձի արդար պահաջատիրութեան պայքարում:
Եւ վերջապէս կրկնւում է, Հայ Դատի արդար լուծման համար մղւող, աննահանջ պայքարում:
Նոր Ջուղա
15.2.2026 թ.



