ՀամայնքՆոր Ջուղա

Սպահանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հայր Սուրբի եւ Կրօնական խորհրդի հանդիպումը Ս. Ծննդեան տօնի Ջրօրհնէքի արարողութիւնների խաչի քաւորների եւ նրանց ծնողների հետ

Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի գեղեցիկ մտայղացմամբ եւ նախաձեռնութեամբ, հինգշաբթի՝ փետրւարի 19-ին, Ս. Ամենափրկիչ վանքում տեղի ունեցաւ հանդիպում, ուր թեմի առաջնորդական տեղապահ Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանն ու Կրօնական խորհրդի ատենապետ Զաւէն Սիմոնեանը խրախուսեցին այն ծնողներին ու իրենց զաւակներին, ովքեր Ս. Ծննդեան տօնի առթիւ թեմիս եկեղեցիներում տեղի ունեցած Ջրօրհնէքի կարգի ընթացքում ստանձնել էին խաչի կնքահօրի պարտականութիւնը։

Սկզբում հրաւիրեալներին ողջոյնի խօսք ասաց Զաւէն Սիմոնեանը, ով իր շնորհակալութիւնը յայտնեց ծնողներին՝ իրենց զաւակներին խաչքաւոր դարձնելու հարաշալի կամեցողութեան առթիւ։ Նա անդրադառնալով նաեւ մասնակիցների ապահովման դժւարութիւններին՝ շեշտեց, թէ Կրօնական խորհուրդը հնարաւորութիւն է ստեղծել, որպէսզի բոլոր արական սեռի ներկայացուցիչներն, առանց տարիքային սահմանափակումների, կարողանան ստանձնել այս հոգեպարար արարողութեան խաչքաւորութեան պարտականութիւնը։

Այնուհետեւ Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանը գնահատելով ծնողների եւ նրանց զաւակների կամքը՝ եկեղեցու կողքին լինելու կապակցութեամբ, աւելացրեց, թէ խաչքաւորութիւնը մեծ պատիւ եւ հպարտութիւն է իւրաքանչիւր հաւատացեալի համար։ Նա իր խօսքի մի այլ բաժնում շեշտելով, որ եկեղեցին ժողովուրդն է, կարեւորեց համայնքի անդամների խուռներամ մասնակցութիւնը արարողութիւններին եւ ասաց. «Ձեր ներկայութիւնը խրախուսում եւ ուժ է տալիս մեզ ու անկասկած եկեղեցում մեր միասնաբար աղօթելը աւելի զօրեղ է լինելու»։

Հանդիպման աւարտին Հայր Սուրբի ձեռամբ նւէրներ շնորհւեցին խաչքաւորներին։

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button