Թաւրիզի «Տաթեւ» պարախմբի անդամների հաւաքոյթը
Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Շաբաթ, նոյեմբերի 16-ի երեկոյեան ժամը 7:30-ին, ՀՕՄ-ի կենտրոնատեղիում, Թաւրիզի վարչութեան կազմակերպութեամբ սկսւեց «Տաթեւ» պարախմբին յատկացւած երեկոն, թէյասեղանի շուրջը:
Սոյն հաւաքին նախագահեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի անդամների, գլխաւորութեամբ ատենապետ Գագիկ Ջորջեանի, գնահատելու համար Թեհրանում կայացած պարային համոյթին, Թաւրիզի պարախմբի բերած մասնակցութիւնը:
Նշենք, որ Թեհրանում տեղի ունեցած ելոյթին մասնակցել էին նաեւ թեհրանահայ պարախմբեր եւ բոլորն էլ իրենց նախապատրաստական աշխատանքը լաւապէս իրագործել էին, փառաշուք ելոյթ ունենալով բեմում: Ուստի, Թաւրիզի պարախմբի գործունէութիւնը եւ տքնաջան աշխատանքը քաջալերելու համար, ՀՕՄ-ի վարչութիւնը գնահատման սոյն ծրագիրն էր իրականացնում:
Բարի գալստեան եւ բացման խօսքով Նայիրի Դիլանեանը արտայայտւեց, անցած տաս տարիների պատմութիւնը ներկայացնելով սոյն պարախմբին: Երախտագիտութեամբ յիշեց գեղարւեստական ղեկավար Կարինէ Մանուչերեանին, որ սկզբից մինչեւ այսօր անխոնջ հետեւում է պարախմբի փորձերին եւ յառաջադիմութեանը: Նայիրին նաեւ ներկայացրեց պարախմբի ելոյթները, Թաւրիզից մինչեւ Ս. Թադէի վանքում, Սպահանից մինչեւ Թեհրան, որը քաջալերական էր եղել բոլոր անդամներին: Նա յատկապէս յիշեց պարերի դասատուներ Մարիա Գասպարեանին, Մանէ Նազարբէգեանին, Սեպուհ Անտոնեանին, Արինէ Բադալեանին, որոնք երկար ժամանակ են տրամադրում անդամների պարային կազմաւորմանը: Նայիրի Դիլանեանը յատկապէս յիշեց վարչական գործերի նւիրեալ պատասխանատուներ Արմոնդ Բադալեանին, Համլետ Նազարբէգեանին եւ Մելքոն Նաւասարդեանին, որոնք միշտ պատրաստակամ են ծառայութեան:
Առաջնորդ Սրբազան Հայրը գնահատական պատգամ ուղղեց բոլոր մասնակիցներին եւ յատկապէս պարախմբի անդամ-անդամուհիներին, նրանց գեղարւեստական պարուսոյց Կարինէ Մանուչերեանին, կազմակերպիչ Նայիրի Դիլանեանին, եւ փորձերի ծանր աշխատանքներին իրենց նպաստը բերող անդամներին. «Գնահատում ենք ձեր բոլորի նւիրեալ աշխատանքը: Մշակոյթը մեր ազգի յաւերժութեան ճանապարհն է: Հողային կորուստներ եթէ ունենանք, կարող է դարձեալ ձեռք բերել դրանք, նոր սերունդների անկոտրում կամքով: Բայց վա՜յ այն ազգին, որ իր մշակոյթը կորցնում է. այն ատեն նա ձուլւում է այլ ազգերի մէջ, իր ինքնութիւնը պահպանել չկարենալու պատճառով: Մեր ինքնութեան թուղթը, մեր մշակոյթն է՝ գիր ու գրականութեամբ, երգով ու պարով, նկարչութեամբ եւ քանդակագործութեամբ, եւ այսպէս շարունակաբար…»,- ասաց Սրբազան Հայրը քաջալերելով բոլոր մասնակիցներին: Նա կոչ ուղղեց համայնքում պարախմբին անդամակցելու կարողութիւն ունեցող երիտասարդութեան, զօրակցելու Թաւրիզի պարախմբին, եւ նոր ելոյթներով զարդարելու հայոց բեմը:
ՀՕՄ-ի վարչութիւնը յատուկ նւէրներ էր պատրաստել մասնակիցներին, որոնք Սրբազան Հօր ձեռքից ստացան խմբի անդամները: Պարախմբի բոլոր անդամներին յատուկ գնահատագրեր նաեւ տրւեցին, յիշատակելով նրանց անձնւէր մասնակցութիւնը խմբի աշխատանքներին: Մասնաւոր յիշատակներ նաեւ տւեցին «Տաթեւ» պարախմբին օժանդակած բոլոր անձերին, աննահանջ երթ մաղթելով խմբի հաւաքական ճիգին: Գնահատական յատուկ նւէրով պատւեց նաեւ Անի Դիլանեանը, որը կազմակերպչական գործում մնայուն ներկայութիւն է լինում: Վերջում, Սրբազան Հօր ձեռամբ ՀՕՄ-ի վարչութեան ատենապետուհի Անահիտ Մարգարեանին յանձնւեց, Թեհրանում ելոյթ ունեցած բոլոր խմբերի անունները կրող յատուկ յուշատախտակը:
Թէյասեղանն ու հաւաքը եզրափակւեց գոհունակ սրտով, եւ նոր ելոյթներ վայելելու սպասումով: