
Մարդիկ գալիս ու գնում են, իւրաքանչիւրը իր ըմբռնումների եւ ընկալումների համապատասխան, իր հասկացողութեան եւ գիտակցութեան համաչափ ապրում է կեանքը, ապա յիշատակ թողնելով՝ հրաժեշտ է տալիս կեանքին: Մնում է՝ լաւը, բարին արժէքաւորը, յիշատակն ապրեցնող արարքը գործը եւ ծառայութիւնը:
Թւականիս մարտի 5-ին, Թեհրանում սրտի տագնապի հետեւանքով, իր մահկանացուն կնքեց մշակոյթի եւ ազգային-հասարակական վաստակաւոր գործիչ Թորգոմ Տէր-Յակոբեանը, անհուն վիշտ ու ափսոսանք պատճառելով իր ընտանիքին, հարազատներին եւ իր ազնիւ գաղափարական ընկերներին:
Ծնւել էր 1938 թւականի փետրւարի 3-ին, Իրանի կենտրոնական նահանգի Արաք քաղաքում, մի նահապետական գերդաստանում, ուր տիրում էր պաշտամունք եւ ակնածանք՝ կրօնի ու մշակոյթի նկատմամբ: 1944 թւականին ընտանիքի հետ թողնում է Արաք քաղաքը եւ հաստատւում է մայրաքաղաք Թեհրան՝ ուր ստանում է իր տարրական ուսումը տեղի «Դանայի» եւ միջնակարգը «Քուշեշ-Դաւթեան» դպրոցներում:
1968 թւականին աւարտել է Թեհրանի համալսարանի ճարտարապետական ճիւղը գերլիսանսի աստիճանով եւ մինչեւ իր չարաբաստիկ մահը նոյն ասպարէզում աշխատելով կառուցել է մի շարք բնակարաններ Թեհրանում ու նրա արւարձաններում, միեւնոյն ժամանակ դեռ պատանեկան հասակից զբաղւել նկարչութեամբ ու գրականութեամբ:
Աւելի քան կէս դար շարունակաբար աշխատել է ազգային-հասարակական, միութենական եւ կուսակցական ասպարէզներում զբաղեցնելով պատասխանատու պաշտօններ:
Հիմնադիր անդամ է եղել ժամանակի Թեհրանի հայոց դպրոցների ընթացաւարտների միութեանը, անդամակցել է Հայ հասարակական միութեանը եւ ընտրւել է միութեան վարչութեան կազմում նաեւ անդամ է եղել Հայ Համալսարանականների Ընդհանուր եւ Հայ Ճարտարապետների եւ Ճարտարագէտների միութիւնների, իսկ 2006 թւականից անդամակցել է Իրանահայ Գրողների միութեան, որեղ 2024 թւականից ստանձնել է վարչութեան նախագահի պաշտօնը, որը մնաց անաւարտ:
1952 թւականից սկսել է աշխատակցել Թեհրանում հրատարակւող «Լուսաբեր» մանկա-պատանեկան ամսագրին, ուր 1954 թւականին լոյս է տեսնում նրա առաջին պատմւածքը «Ընկերասէր Վարդանը» վերնագրով. Այնուհետեւ շարունակել է աշխատակցութիւնը նոյն ամսագրին եւ աւելի ուշ «ԱԼԻՔ» օրաթերթին մի շարք գրական նիւթերով:
Ազգային-հասարակական բազմապիսի աշխատանքներին զուգընթաց Թորգոմ Տէր-Յակոբեանը ենթարկւելով արւեստի իր ներքին մղումներին մոռացութեան չի տւել գեղարւեստի աշխարհը, որով 2005 թւականին հանրութեանն է ներկայացրել իր ստեղծագործութիւնները. «Կարօտի կանչեր» հաւաքածուն եւ «Յաղթանակ» պոէմը, որոնք լոյս են տեսնում Թեհրանում:
1980 թւականի մայիսին Իրանի Իսլամական յեղափոխութեան փոթորկոտ օրերին՝ Թեհրանի հայոց թեմի 10-րդ Պատգամաւորական ժողովի կողմից նշանակւել է Թեմական խորհրդի անդամ, որի գործունէութեան տեւողութիւնը 72 ամիս էր՝ մինչեւ 1986 թւականի մայիս ամիսը: Նա ամենայն նւիրւածութեամբ վարել է փոխատենապետի պաշտօնը:
Իրաքի կողմից Իրանին պարտադրւած 8-ամեայ պատերազմի տարիներին՝ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհուրդը պատերազմից աղէտեալներին օժանդակելու նպատակով կեանքի է կոչում քարոզչական եւ նպաստաւորման հայկական շտաբ, սոյն մարմնի ատենապետի պարտականութիւնը ստանձնում է Թորգոմ Տէր-Յակոբեանը:
Թորգոմ Տէր-Յակոբեանը ունէր հզօր կամքի ուժ, հոգու կորով՝ սիրում էր ձեռք բերել նորօրեայ գիտելիքներ եւ այն փոխանցել համայնքին:
Նրա շրջապատի ընկերները եւ հարազատները յիշելու են նրան շատ երկար ժամանակ, որպէս հաւատարիմ եւ ճշմարիտ ընկեր ու գործունեայ եւ յանձնառու անհատ:
Յարգանք իր վաստակին ու բարի յիշատակին:
Թող այս հակիրճ տողերը մի ծաղկեփունջ լինեն եւ որպէս մի պտղունց խունկ մխայ նրա թարմ շիրիմին:
Յիշատակն արդարոց, օրհնեալն եղիցի:
ՅՈՎԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ



