Անւանի նկարիչ Գառնիկ Տէր-Յակոբեանի «Անկիւններ» անհատական ցուցահանդէսը՝ «2+»-ում

Թեհրանի «Սամ Սենթըր»-ի նկուղային առաջին յարկի «2+» պատկերասրահում օգոստոսի 21-ին բացումը կատարւեց իրանահայ արւեստագէտ Գառնիկ Տէր-Յակոբեանի «Անկիւններ» խորագրով անհատական ցուցահանդէսի։
Ցուցահանդէսում ներկայացւած են արւեստագէտի՝ 2010-2020 թւականներին ստեղծած աշխատանքները, որոնցում առանձնայատուկ տեղ է զբաղեցնում նիւթի եւ ձեւի փոխյարաբերութիւնը։ Գործերը կատարւած են հիմնականում ցեմենտի եւ փայտէ տախտակի համադրութեամբ՝ նիւթը վերածելով ոչ միայն ստեղծագործութեան միջոցի, այլեւ դրա կառուցւածքային ու արտայայտչական հիմնական բաղադրիչի։
Տէր-Յակոբեանի աշխատանքներում ցեմենտի ծանրութիւնն ու փայտի բնական կառուցւածքը միահիւսւում են՝ ստեղծելով մակերեսների, գծերի եւ երկրաչափական ձեւերի իւրայատուկ յարաբերութիւններ։ Այս մօտեցումը կապւում է արւեստագէտի՝ գեղանկարչութեան եւ ճարտարապետութեան հատման կէտում ձեւաւորւած ստեղծագործական մտածողութեան հետ։
Գառնիկ Տէր-Յակոբեանը աւելի քան վեց տասնամեակ զբաղւել է արւեստով եւ ճարտարապետութեամբ։ Նրա ստեղծագործական լեզւի ձեւաւորման մէջ նշանակալի դեր են ունեցել նաեւ Իրանի տարբեր շրջաններ կատարած ուղեւորութիւններն ու ուսումնասիրութիւնները, որոնց ազդեցութիւնը դրսեւորւում է նրա աշխատանքների կառուցւածքում, նիւթական արտայայտչականութեան եւ տարածութեան ընկալման մէջ։
Ցուցահանդէսի առանձին բաժնում ցուցափեղկերում ներկայացւած են նաեւ Տէր-Յակոբեանի երիտասարդութեան տարիների ստեղծագործութիւնները, ուսանողական շրջանից պահպանւած յուշանկարները, ինչպէս նաեւ նրա մասին մամուլում հրապարակւած նիւթեր։ Այս բաժինը լրացնում է հիմնական ցուցադրութիւնը՝ հնարաւորութիւն տալով այցելուներին ծանօթանալու արւեստագէտի ստեղծագործական ճանապարհի տարբեր փուլերին եւ կենսագրական դրւագներին։
Արւեստագէտի աշխատանքները տարիների ընթացքում ներկայացւել են Իրանի եւ արտասահմանի տարբեր ցուցասրահներում ու թանգարաններում եւ ընդգրկւել մի շարք մշտական հաւաքածուներում։
«Անկիւններ» ցուցահանդէսը «2+» պատկերասրահում կը շարունակւի մինչեւ սեպտեմբերի 11-ը։ Ցուցադրութիւնը բաց է շաբաթւայ օրերին՝ ժամը 11։00-ից 19։00-ը, իսկ ուրբաթ օրերին՝ 16։00-ից 20։00-ը։



