Հերւիկ Եարիջանեանի նախաձեռնութեամբ՝ Արա Շահվերդեանը հանդիպել է հայ արհեստաւորների հետ
«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ գումարման ընտրութիւնների նախընտրական քարոզարշաւի շրջանակում, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր եւ 12-րդ նստաշրջանի թեկնածու Արա Շահվերդեանը, ընկերակցութեամբ նախկին պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի, Թեհրանի Խաքսեֆիդ գործարանային տարածքում գտնւող Իրան-Հայաստան Առեւտրի պալատի նախագահ Հերւիկ Եարիջանեանի գործարանային համալիրում հանդիպել է մեծ թւով հայ արհեստաւորների հետ:
Հանդիպման սկզբում, ներկաներին իր ողջոյնի խօսքն է փոխանցել գործարար Հերւիկ Եարիջանեանը, որից յետոյ ընտրութիւններին մասնակցութեան կարեւորութեան մասին արտայայտւեց դոկտ. Կարէն Խանլարեանը, անդրադառնալով Արա Շահվերդեանի ծաւալած չորսամեայ աշխատանքներին:
Ապա ելոյթ ունեցաւ Արա Շահվերդեանը, համապարփակ գծերով ներկայացնելով իր անցեալ չորսամեայ գործունէութիւնը, անդրադառնալով յատկապէս հայ արհեստաւորների հետ ունեցած իր հանդիպումներին, եւ ինչու չէ Իրան-Հայաստան յարաբերութիւնների աւելի զարգացման ոլորտում, մասնաւորապէս երկու երկրների սահմանների մաքսատնային խնդիրների կարգաւորմանն ուղղւած իր աշխատանքներին:
Վերջում ներկաներին հարցումների առիթ տրւեց, որոնց պատասխանեց Արա Շահվերդեանը: